Բարեւ, Նիկոլ

Բարեւ, Նիկոլ
Չլիներ «Հրապարակ» թերթի «Ազատ ամբիոն» էջը, ես չգիտեմ, թե ինչ էի անելու այս նյութը, որի վրա չէին էլ նայի մեր` համեմատաբար երկար տարածություն անցած թերթերի խմբագիրները: Մեկը անուն կդներ` շարադրություն ա, մյուսը կասեր` մեր գծին չի բռնում, երրորդը, թե` այսինչ տեղից հերս կանիծեն, չորրորդը կշտապեր պարծենալ իր ազատականությամբ, հինգերորդը` իր պահպանողականությամբ, վեցերորդը` շառից հեռու մնալու սկզբունքով, եւ արդյունքում նախկին քաղբանտարկյալ Նիկոլի ազատ արձակման թեմայով այս մենախոսությունը կմնար իմ սեղանի դարակում:



Չէ, ինչ էլ լիներ, իմ այս մենախոսությունը ես մի շարք գարշելի թերթերի չէի տա: Արժանի չեն: Այդ թերթերը հիմնականում կիսախելագար խմբագիրներ ունեն, որոնց կողքով դեռ ոչ մի նորմալ լրագրող առանց քֆուր տալու չի անցել: «Հրապարակը» սիրում է մեկ-մեկ նազ անել, ինձ մեղադրել հեռակա քարոզչություն անելու մեջ, բայց, ներողություն, ոչ թե ես, այլ հենց «Հրապարակն» է իր էջի անունը դրել «Ազատ ամբիոն», եւ ոչինչ անել չես կարող այլեւս: Նախապես որոշել էի մենախոսությանս անունը դնել «Նիկոլանալ»: Բայց մտածեցի, որ դեռ վաղ է Հայաստանում նոր շարժում սկսելը: Սա էլ թող լինի իմ խոստովանությունը: Ինչեւէ:



Բարեւ, Նիկոլ: Կասեի` բարի ազատում, բայց այդպես հղիներին են ասում: Իհարկե, դու էլ ես մի քիչ հղի` գաղափարներով: Ասում եմ՝ մի քիչ, քանի որ բանտային բազմազբաղ կյանքը ժամանակ չի թողնում իդեաներով մի լավ հղիանալու: Դե թերթեր են, ինտերնետ է, բան է, այնքան էլ հասանելի չեն լինում բանտում: Չեմ կարծում, որ քո մատնանշած ավազակապետության գործակատարները քեզ ապահոված լինեն այդ ամենով:



Բայց ոնց որ մի քիչ լցվել ես: Հաստատ իշխանության ձեռքի գործն է: Վերջին ամիսներին բտել են հատուկ, չաղացնող կերակուրներով, որպեսզի ֆորումը քո վատ տեսքից չղրղզանա: Ասեմ, որ ֆորումը շատ տանջվեց: Մանավանդ, երբ լսում էինք, թե դու ինչեր ես քաշում վերակացուների ձեռքից, սիրտներս կտոր-կտոր էր լինում: Քո ողջության մասին իմանում էինք միայն «Հայկական ժամանակում» հրապարակվող առաջնորդողներից ու քո հոդվածներից: Բայց, ինչպես տեսնում ես, դիմացել ու սպասել ենք…



Երբ Լեւոնը եկավ քեզ տեսակցության, մի «քսիվ» էինք ուղարկել, որ քեզ շուտով ազատելու են, ստացա՞ր: Երեւի հուզմունքից մոռացել է փոխանցել, այլապես ազատությունից այսպես անակնկալի չէիր գա: Բա դու իսկի տեղյակ չե՞ս, որ Լեւոնը իշխանությունների հետ շախմատ է խաղում, ու նրանց վաղուց ոչ մոնղոլ, ոչ թաթար, ոչ էլ ավազակ չի ասում: Հենց բանտից դուրս եկար` հայտարարեցիր, որ ավազակապետության վերջը տալու ես: Չլինի՞ նկատի ունեիր Ադրբեջանի ավազակապետության վերջը:



Մեկ էլ ասել էիր, որ իշխանության ներկայացուցիչները քեզ բազմիցս գործարքներ են առաջարկել, ու դու նրանց ուղարկել ես ուր որ հարկն է: Լավ չի, հեչ լավ չի զարմանալի բաներ պատմել բանտից դուրս գալուն պես: Աչքով կտան: Համ էլ դրանից զգացվում է, որ նախկինում բանտ չես նստել: Պետք է սպասեիր, որ աչքերդ սովորեին արեւի լույսին: Ուրեմն զույգ Լեւոնների նման գործարար տղերքին թողած՝ այս «անճարակ» իշխանությունները քե՞զ էին գործարք առաջարկում, դո՞ւ էիր ՀԱԿ-ի համակարգողը, թե՞ նրանք: Ինձ թվում է, որ Լեւոնները նույնիսկ քեզ են բանտում համակարգել, որ դուրս գաս ու հեղափոխական ճառեր ասես:



Հայաստանում շատ բան է փոխվել, Նիկոլ ջան, մի քիչ սպասիր, ուսումնասիրիր, «քցիր-բռնիր»՝ ինչպես ասում են: Տես, որ հետ չտանեն բանտ: Ինչի՞ նման է, օրինակ, քո պատասխանը լրագրողների հարցին, թե ինչպես էին վերաբերվում քեզ բանտում: Իմ կարծիքով` հեչ ճշմարտանման չէ պատասխանդ` այդ ես էի նրանց վերաբերվում եւ ոչ թե նրանք ինձ: Պարծենկոտ ճնճղուկի մասին մի մուլտֆիլմ կա, տեսե՞լ ես: Պատմեմ` լսիր: Գլխավոր հերոսը, որին իր ընկերուհին մի հրաշքով փրկում է կատվի ճանկերից, թառում է ծառի ամենաբարձր ճյուղին եւ հանդիմանում վախեցած ընկերուհուն, թե ինչո՞ւ միջամտեցիր կատվի հետ իմ մենամարտին:



- Բայց չէ՞ որ նա քեզ կուտեր,- ասում է ընկերուհին:



- Այդ ես նրան կուտեի, եթե չխանգարեիր,- պատասխանում է պարծենկոտը:



Մուլտը մուլտ է, երեխաների կինո: Կյանքում, երեւի գիտես, ամեն ինչ չէ, որ մուլտի սցենարով է առաջ գնում ու մուլտի պես վերջանում:



Էլ ի՞նչ ասեմ՝ չգիտեմ: Լսել եմ, որ շարունակելու ես պայքարը ՀԱԿ-ի կազմում: Այդ կապակցությամբ մի խնդրանք ունեմ: Եթե այնպես ստացվի, որ դու էլ ընդգրկվես իշխանության հետ երկխոսության գնացող ՀԱԿ պատվիրակության մեջ, քո իմացած ավազակապետության գլխավորներին մեր կողմից մի հարցում արա` ի՞նչ է լինելու այն լրագրողների ու թերթերի վերջը, որոնց բիրիքով դատի են տվել, ու չեն կարողանում տակից դուրս գալ: Սպասենք, որ իրե՞նք համաներեն, թե՞ մենք սկսենք համաներել դատի տվողներին ու նրանց հովանավորներին: Նախապես շնորհակալ եմ:



Էդիկ Անդրեասյան