ՔԿՀ-ները գերբնակեցված են՝ ահազանգում է իրավապաշտպանը

ՔԿՀ-ները գերբնակեցված են՝ ահազանգում է իրավապաշտպանը
Հայաստանի քրեակատարողական հիմնարկների անմխիթար վիճակի մասին բազմիցս է խոսվել: Չնայած բազում խոստումներին, որ վիճակը կշտկեն, նկատելի առաջընթաց այդպես էլ չի երեւում: Քրեակատարողական հիմնարկների գերբնակեցման, սանիտարահիգիենիկ վատ պայմանների, թմրադեղերի օգտագործման եւ մի շարք այլ հարցեր շարունակում են մնալ օրակարգային: Հատկապես մտահոգիչը գերբնակեցման հարցն է:



«Ութտեղանոց բանտախցում 18, անգամ 20 հոգի են մնում»,- երեկ կայացած ասուլիսում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը եւ հիշեցրեց, որ օրենսդրությամբ ամեն մի քաղբանտարկյալի համար նախատեսված է 4 քմ տարածք։ «Մինչդեռ խցում դատապարտյալները հերթով են քնում»,- նկատեց Սաքունցը:



Իրավապաշտպանին հակադարձեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը. թեեւ գերբնակեցման խնդիր իրոք կա, սակայն պետք չէ չափազանցնել՝ հերթով քնելու խնդիր չկա: Հիշեցնենք, որ օրեր առաջ մասնավորապես գերբնակեցումից դժգոհելով՝ Տիգրան Փոստանջյանը հացադուլ էր սկսել, որն ավարտել է մայիսի 31-ին:



Բացի այդ, եթե խուցը 12 տեղանոց է, եւ 20 հոգի է պահվում, բնականաբար, մարդիկ պետք է հերթով քնեն այդ 12 մահճակալներին: Մինչդեռ ՔԿՎ ներկայացուցիչ Բաբայանն այնպես լուսավոր է ներկայացնում մեր ՔԿՀ-ների վիճակը, որ ակամայից այնտեղ հայտնվելու ցանկություն է ծնվում: Իրավապաշտպանը որպես հարցի լուծում առաջարկում է՝ եթե դատարանը որոշում է  մարդուն ազատազրկել, բայց  քրեակատարողական հիմնարկում տեղ չկա, ապա ազատազրկված դատապարտյալին չտեղափոխել հիմնարկ, այլ թողնել, որ նա «սպասի իր հերթին»՝ մինչեւ տեղ կազատվի:



Սաքունցը հավելեց, որ խոսքը չի վերաբերում ծանր հանցագործություն կատարածներին: «Թեթեւ զանցանքների համար կարելի է թույլատրել այդ մարդկանց մնալ ազատության մեջ. երբ տեղ կազատվի՝ թող գնա: Բայց մի պայմանով՝ եթե այդ ընթացքում մի հատ էլ հանցագործություն կատարեց, դա կարող է դիտվել ծանրացուցիչ հանգամանք, սակայն եթե լավ է իրեն պահում, նույնիսկ կարող է պայմանական կիրառվել: Սա հումանիստական մոտեցո՞ւմ է, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց իրավապաշտպանը:



Արսեն Բաբայանը քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունը թեթեւացնելու այլ տարբերակ է «առաջարկում». Արմավիրում կառուցվում է նոր  քրեակատարողական հիմնարկ, որը, ինչպես նաեւ համաներումը, էապես կթեթեւացնի եւ կլուծի գերբնակեցման խնդիրը: Ի դեպ, մենք մոտ 5100 կալանավոր ունենք, որոնցից համաներման շրջանակներում հունիսի 1-ի դրությամբ ազատ է արձակվել 358-ը:



Սաքունցն այլ խնդիրներ էլ նշեց՝ զբաղվածության, զբոսանքի կազմակերպման, ազատ ժամանցի, որոնք, իրավապաշտպանի խոսքով, ոչ թե լուծվում են, այլ գնալով խորանում: Օրինակ, եթե 2009թ. 7 մահացության դեպք է եղել քրեակատարողական հիմնարկներում, ապա 2010թ. դրանք հասել են 35-ի: «Ես կոչ կանեմ դատապարտյալներին չհամակերպվել այդ վիճակի հետ եւ դատական պրոցես սկսել պետական կառույցների դեմ անմարդկային վերաբերմունքի համար»,- կոչ արեց Արթուր Սաքունցը: Նա իր դժգոհությունը հայտնեց նաեւ պայմանական վաղաժամկետ հանձնաժողովի հետ կապված: «Հանձնաժողովի որոշումները հասկանալի չեն, իրավական տեսակետից հիմնավորված չեն եւ բավական սուբյեկտիվ են: Անհասկացություն կա նաեւ ընթացակարգերի, բողոքարկման հետ կապված»,- նշեց իրավապաշտպանը: