Մայիսը լոռեցիները դեռ երկար կհիշեն

Մայիսը լոռեցիները դեռ երկար կհիշեն
Նախորդ ամիս Լոռու մարզում գրանցվել է մարմնական վնասվածքներով 12 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մասին մեր ընթերցողները տեղյակ են: Արդյունքում մարզում զոհվել է 9 մարդ, եւս 5-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:  Թումանյանի տարածաշրջանում մայիսին գրանցվել է 2 ճանապարհատրանսպորտային պատահար, որի ընթացքում զոհվել է 4, վիրավորվել 2 քաղաքացի («Մերսեդեսն» ընկել էր գետը, որի ժամանակ 4 երիտասարդներ զոհվեցին):



Նույնքան զոհով ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել նաեւ Գուգարքի տարածաշրջանում, երբ «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան ընկել էր Փամբակ գետը: Մեկ զոհ եւ մեկ վիրավորով ՃՏՊ է գրանցվել նաեւ Ստեփանավանի տարածաշրջանում:



Վանաձորում եւ Սպիտակի տարածաշրջանում գրանցվել են մեկական ճանապարհատրանսպորտային պատահարներ, որի ընթացքում վիրավորվել են մեկական քաղաքացիներ: Բարեբախտաբար, մահվան ելքով ավտովթարներ չեն գրանցվել: Մեզ հետ զրույցում ճանապարհային ոստիկանության  2-րդ գումարտակի 5-րդ սպայական վաշտի հրամանատար Կամո Կարապետյանը, անդրադառնալով մարզում գրանցված ավտոպատահարներին, նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 4-ով նվազել է, եւս 9-ով նվազել է վթարների ընթացքում վիրավորվածների թիվը:



Սակայն, համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, Կամո Կարապետյանն ասում է, որ այս տարի, դժբախտաբար, մարզում զոհերի թվի աճ է գրանցվել: Նրա  համոզմամբ, ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառը վարորդների կողմից արագության գերազանցումն է (99%), մնացած մեկ տոկոսը վարորդների անուշադրությունն ու ճանապարհային երթեւեկության կանոները չիմանալն է:



Իսկ զոհերի թվի աճ չէր գրանցվի, եթե չլինեին Ալավերդի քաղաքում գրանցված երկու ողբերգական պատահարները, որի ընթացքում 8 մարդ միանգամից զոհվեց: Երկու պատահարների ժամանակ էլ մեքենաներն ընկել էին գետը. եւ առաջինի, եւ երկրորդի ժամանակ 4 երիտասարդներ էին մահացել: Ալավերդիում խոսում են, թե մեկ ամիս առաջ իրենց մոտ մի կին է մահացել, ով մեռնելուց առաջ ասել է, թե 50 մարդ է իր հետ տանելու:



Ճիշտ է՝ այս ամենը սնոտիամտություն է, սակայն Ալավերդիում այս կիրակի մատաղ են արել՝ հուսալով, որ այսքանով դժբախտությունները կվերջանան:



ՀԳ - Ճանապարհային ոստիկանության 5-րդ գումարտակի երկրորդ սպայական վաշտն արդեն նոր պետ ունի: Մայիսի 24-ին ստորագրված հրամանի համաձայն՝ պետի պաշտոնն զբաղեցրել է Վարդան Նարգիզյանը, ով նախկինում ոստիկանության Տաշիրի բաժնի պետի տեղակալն էր: