Ասաց՝ արեց

Ասաց՝ արեց
Որքան էլ դժվարությամբ ու վայրիվերումներով՝ վերջապես ձեւավորվեց երկխոսության ֆորմատը, անգամ պատվիրակությունների կազմ ստեղծվեց, եւ նույնիսկ առաջին հանդիպումը կայացավ: Ոմանք այդ հանդիպմանը սպասում էին այնպես, ինչպես կսպասեին Քրիստոսի հայտնությանը կամ ահեղ ջրհեղեղին: Ոմանց թվում էր, թե բավական է երկու կողմից պատվիրակությունները նստեն սեղանի շուրջ, եւ արտահերթ ընտրությունների շուրջ համաձայնությունը կկայանա, կամ, որ նույնն է՝ իշխանությունը սկուտեղի վրա կմատուցեն ընդդիմությանը: Մի բան պարզ է, որ առայժմ ընդդիմությունը հաղթում է: Ասա՞ց՝ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, արձակվեցին: Ասա՞ց՝ երկխոսություն, երկխոսում են: Ասա՞ց՝ միայն պատվիրակությունների ֆորմատով, այդպես էլ եղավ: Մնում է վերջինը՝ արտահերթը: Բայց մի բան պարզ է, որ այսօր ընդդիմությունն ավելի ուժեղ չէ, քան մեկ կամ առավել եւս երկու տարի առաջ: Այսինքն՝ երկրի ներսում իշխանություններին երկխոսության դրդող որեւէ գործոն գոյություն չունի: Նույնիսկ հակառակը՝ այժմ ընդդիմությունն ավելի թույլ է եւ ավելի նոսր շարքերով, քան 1-2 տարի առաջ, սակայն իշխանությունն այնուամենայնիվ զիջում է: Ինչո՞ւ: Սա երկու բացատրություն կարող է ունենալ: Կամ այս ամենը դրսի ճնշման տակ է տեղի ունենում, կամ Հայաստան պետության վիճակն այնքան բարդ է, որ իշխանությունն այլ ելք չունի: Մի քիչ դժվար է հավատալ, որ տնտեսական վիճակն այնքան ծանր է, եւ դրա գիտակցությունն այնքան է մտահոգում մեր իշխանավորներին, որ նրանք իրենց գործողությունները կառուցում են դրանից ելնելով: Որպես կանոն, մեր կիսագրագետ, լպիրշ ու եսակենտրոն պաշտոնյաները վերջինն են իմանում տնտեսական կրախի կամ հեղափոխական իրավիճակի մասին: Այնպես որ, առավել ռեալը առաջին պատճառն է՝ դրսի ճնշումը: