Ո՞րն է գաղտնիքը

Ո՞րն է գաղտնիքը
Երեկ «Ֆեյսբուքում» ծավալված քննարկումներից մեկի հարցադրումն ինձ հետաքրքիր թվաց. «Ի՞նչ արեցին վրացիները, որ չենք կարողանում անել մենք»: Ի զարմանս ինձ, պատասխաններից ամենապարզունակն ու համոզիչը հետեւյալն էր. «Արեցին այն, ինչ մենք չենք կարողանում անել արդեն ավելի քան 200 տարի՝ ռադ արեցին ռուսներին գրողի ծոցը»: Խի՞ստ է ասված, աչքիս առաջ եկան ռուսների հետ եղբայրության կողմնակիցների վրդովված դեմքերը, եւ ականջիս հասան հայ-ռուսական բարեկամության հիմքերը խարխլողներին ուղղված նրանց նախատինքները: Բայց ասվածի մեջ ճշմարտություն կա: Հաջորդ կարծիքը. «Ուղղակի բախտները բերեց՝ խելառ ու հայրենասեր լիդեր հայտնվեց: Հենց այդպիսի լիդեր ա մեզ պետք՝ խելառ, որ գողականներին վտարի, հայրենասեր, որ չգողանա»: Հրաշալի է ասված՝ ինչքան էլ վրացիները Սահակաշվիլուն ձեռ առնեն ու քննադատեն, իրոք նա կարողացավ իր երկիրը դնել զարգացման ուղու վրա, եւ դա անգամ փնթփնթան ու հավերժ դժգոհ մեր հայրենակիցներն են խոստովանում: Օրերս թիֆլիսահայերից մեկը պատմում էր, որ «բլատնոյ» երգերի համար Վրաստանում մեծ տուգանքներ են սահմանել: Սրճարան-ռեստորաններում, ավտոմեքենաներում, հասարակական միջոցառումների ժամանակ «Մուրկա» եւ այլ գողական երգեր լսելու իրավունք ոչ ոք չունի՝ տուգանում են: Նաեւ՝ ավտոտեսուչների ու տարբեր մանր ու միջին չինովնիկների մակարդակով կաշառքն են վերացրել: Որին վախով, որի աշխատավարձը բարձրացնելով, որտեղ հիմնովին արմատախիլ անելով հասան այն բանին, որ Վրաստանում շարքային քաղաքացուն այլեւս ամեն քայլափոխի չեն «կթում»: Ու նաեւ ներդրումային-հարկային բարենպաստ դաշտ ստեղծեցին իրենց երկրում, որտեղ անգամ հայն ու թուրքը մուտք ունեն: Էլ չենք խոսում Վրաստանի քաղաքացիների մասին: