Ջոյսի եւ Չարենցի թարգմանությունների միջեւ

Ջոյսի եւ Չարենցի թարգմանությունների միջեւ
«Զվարճալի է հնչում, բայց... ինչպես գիտեք, այս տարի Սամվել Մկրտչյանն իրականացրեց իր գրական սխրանքը` թարգմանեց եւ հայերեն լույս ընծայեց Ջեյմս Ջոյսի «Ուլիսը»: Այժմ նա մի ավելի մեծ գործ է ձեռնարկել` Չարենցի գրական ժառանգությունը թարգմանել անգլերեն: Ջոյսի եւ Չարենցի թարգմանությունների միջեւ, որքան էլ անհավատալի թվա... մի տեսակ կարծում եմ՝ իր համար, որպես մտքի արձակուրդ, Սամվել Մկրտչյանը թարգմանեց իմ գիրքը, ինչի համար անչափ շնորհակալ եմ»:



Գիրքը, որ անգլերենից թարգմանվել է հայերեն, Րաֆֆի Հովհաննիսյանի ավագ որդու` Կարին Հովհաննիսյանի «Family of Shadows» ստեղծագործությունն է, որի շնորհանդեսը կայացավ երեկ Չարենցի տուն-թանգարանում: Հասկանալիորեն պրն. Մկրտչյանին շնորհակալություն հայտնողը Կարինն էր: Գիրքը, որի վերնագիրը հայերեն հնչում է «Գերդաստան ստվերաց», արդեն լույս է ընծայվել ԱՄՆ-ում:



Այն Հովհաննիսյան գերդաստանի երեք սերունդների պատմությունն է` սկիզբ առնելով 1915-ին Արեւմտյան Հայաստանի Խարբերդ գավառից տարագրված Գասպարից, ով 13 տարեկանում կորցնում է  ընտանիքը, հայտնվում քրդերի մոտ, փախչում նրանցից, միանում Անդրանիկ Օզանյանի զորախմբերին, մարտնչելով անցնում Ռուսիա, հետո՝ Ֆրանսիա, ապա` Միացյալ Նահանգներ: Այնտեղ հաստատվում է, ամուսնանում հայուհու հետ, բայց որդիներին տալիս անգլիական անուններ, որպեսզի նրանք ամերիկացիներ դառնան բոլորի նման: Հովհաննիսյանների երկրորդ սերնդին Կարինը ներկայացրել է իր պապիկի` Ռիչարդ Հովհաննիսյանի կերպարով, ով մի անգամ սարսափում է` ամերիկյան դպրոցական դասագրքում տեսնելով քարտեզ, որտեղ չկա Հայաստանը:



Գրված է Պարսկական կայսրություն, Օտտոմանյան կայսրություն, Ռուսական կայսրություն  եւ ոչ մի տեղ` Հայաստան: Ռիչարդը որոշում է իր կյանքը նվիրել 20-րդ դարի Հայաստանի պատմության ուսումնասիրությանն ու տարածմանը եւ այդպես էլ վարվում է` դառնալով աշխարհում հայտնի, իսկ ԱՄՆ-ում գուցե ամենահայտնի հայագետ-պատմաբանը եւ ստեղծելով իր` «Հայաստանի Հանրապետություն» քառահատոր կոթողային աշխատությունը:



Հովհաննիսյանների երրորդ սերունդը Կարինի հայրն է, ում վիճակվում է Արեւմտյան Հայաստանի մասին հիշողությունների փոխարեն տեսնել անկախացած Արեւելյան Հայաստանը եւ ընտանիքով տեղափոխվել այնտեղ ապրելու: Ավելին` ճակատագիրն այնքան բարեհոգի է գտնվում Հովհաննիսյան գերդաստանի նկատմամբ, որ հենց Րաֆֆի Հովհաննիսյանին է վիճակվում իբրեւ ՀՀ ԱԳ նախարար բարձրացնել Հայաստանի Հանրապետության դրոշը ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջեւ` Հովհաննիսյան գերդաստանի բոլոր սերունդների ու ողջ հայ ժողովրդի կողմից:



Թե ինչ կվիճակվի Կարինին անել, դժվար է ասել, բայց ընդամենը քսան-քանի տարեկանում գրել գիրք, որի մասին «Վաշինգտոն պոստում» անդրադարձ տպագրվի, եւ հայերեն թարգմանիչը լինի Սամվել Մկրտչյանը, դա արդեն մեկնարկ է, որին շատերը կյանքի ավարտին ուրախ կլինեին հասնել:



Նման մեկնարկը թե ոգեւորիչ է, թե պարտավորեցնող, թեեւ Կարինի համար դժվարին պարտավորություն են սահմանել. փոքր տարիքից մեծերն ընտանիքում սովորություն են ունեցել նրան ասելու՝ «Անունիդ տեր լինես», այսինքն՝ Կարին քաղաքին Արեւմտյան Հայաստանում: