Մի նսեմացրեք պայքարը

Մի նսեմացրեք պայքարը
Վերջին շաբաթը Երեւանն ապրում ու շնչում էր Մաշտոցի պուրակով: Զարմանալի է, որ կային մարդիկ, ովքեր ոչ միայն չէին հիանում հանրային տարածքը պաշտպանելու ելած երիտասարդների պայքարով, այլեւ դրա մեջ խոցելի բաներ էին փնտրում: Ասենք՝ ասում էին, որ նրանք իրենց ստացած գրանտներն են արդարացնում: Կամ՝ փորձում էին նսեմացնել այդ պայքարը, քանի որ այն ուղղված չէ վարչախմբի դեմ եւ քաղաքական չէ: Մեր հասարակությունը, փաստորեն, դեռ այնքան չի հասունացել, որ հասկանա՝ քաղաքացիական պայքարն ավելի ազնիվ, մաքուր եւ անբասիր դրսեւորում է, քան իշխանության հասնելու համար մղվող պայքարը: Որքան էլ որ այն ուղղված լինի իշխանությունը բռնազավթածների կամ ընտրակեղծարարների դեմ: Ի վերջո, իշխանություն գրավելու վերջնանպատակն էլ պետք է լինի առողջ ու մաքուր միջավայրի ձեւավորումը, մարդու կյանքի համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Այնպես որ պետք չէ նսեմացնել այն, ինչ անում են 20-25 տարեկան այդ մի խումբ երիտասարդները: Հենց նրանք են վաղը կանգնելու քվեատուփերի մոտ եւ բռնելու ընտրակեղծարարների ձեռքը: Հենց նրանք են պարտադրելու այս իշխանությանը, որ հարգեն ընտրողների իրավունքները: Նրանց օրինակով է կրթվելու գրագետ, իր իրավունքների համար պայքարող սերունդ: Եվ կարեւոր չէ, թե այդ պատանիներն ինչ քաղաքական հայացքներ ունեն, ինչ նախասիրություններ ու հակումներ: Նրանցից մեկը կարող է «Կյանքի խոսք» եկեղեցու հավատացյալ լինել, մյուսը՝ սատանիստ կամ միասեռական: Եթե մարդն օրենք չի խախտում եւ վնասակար չէ իր շրջապատի համար, մենք պետք է սովորենք հանդուրժել ու չհալածել նրան: Միջնադարյան ինկվիզիցիայի, սովետական համահարթեցման տարիները վաղուց անցյալի գրկում են, եւ ազատ հասարակությունը հենց դրանով է տարբերվում անազատից: