Հոգեբանական գրոհ

Հոգեբանական գրոհ
Մի բան պարզ է, որ ընտրություններ կոչվածը նախեւառաջ էմոցիոնալ, մարդկային գիտակցության հարթության մեջ տեղի ունեցող գործընթաց է: Իսկ քարոզչություն ասվածն ընդամենը հոգեբանական գրոհ է մարդու գիտակցության ու ենթագիտակցության վրա: Ով այդ գրոհը լավ է կազմակերպում՝ հմտորեն ու մարդու նուրբ լարերի վրա խաղալով, հայ ժողովրդի առանձնահատկությունների իմացությամբ, նա էլ շահում է: Ասենք, երբ էկրանին ամիսներ շարունակ երեւում է վիթխարի ու ժպտադեմ մարդու կերպարը, որն օգնության կարոտ անձանց ձեռք է մեկնում եւ աջակցում, ինչքան էլ ծաղրենք ու քամահրանքով վերաբերվենք այս սովետական քարոզչությանն ու հակաքրիստոնեական պահվածքին, այն մեզանում աշխատող սցենար է: Կամ՝ երբ կուսակցությունը, որի ձայներ չունենալու եւ ընտրություններում սպասվելիք ձախողման մասին լեգենդներ են հյուսում, մի հսկա դահլիճ է հավաքում, եւ անգամ շարքերի միջանցքներում կանգնած մարդիկ ծափահարում ու վանկարկում են, միանգամից ընտրողը հավատում է, որ սա «հաղթող կուսակցություն է»: Մի պարզ կենցաղային հաշվարկ է աշխատում. եթե միայն թեկուզ այս դահլիճում գտնվողները ձայն տան, սրանք կհաղթեն: Նույն տրամաբանությամբ շարքային ընտրողի վրա ազդում են նախընտրական կարգախոսներն ու երգերը, էկրանին ոմանց հաճախակի երեւալը: Մեծ ու աչք ծակող, թեկուզ անճաշակ պլակատները: Սրան պետք է գումարել նաեւ այն, որ մի հսկա զանգված ձայնը, որպես կանոն, տալիս է նրանց, ով ուժի, պաշտոնի, փողի, իշխանության կրողն է: Այսպես, կարծում եմ, դրսեւորվում է դարեր շարունակ պետականություն չունեցած ժողովրդի ձգտումը դեպի ապահով կյանք, անձնական ու հասարակական հաջողություն, ծաղկող երկիր, վերջապես՝ ֆիզիկական ու հոգեբանական ապահովություն: