Չեմ հավատում

Չեմ հավատում
Շատ եմ ուզում հավատալ Սերժ Սարգսյանի խոսքերին, որ նա երկու օր շարունակ հայտարարում է Բելգիա կատարած այցելության շրջանակներում: «Մենք հաստատակամ ենք նոր թափ հաղորդելու մեր երկրում ընթացող համապարփակ բարեփոխումներին: Այս համատեքստում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն առանցքային նշանակություն ունի»: Գեղեցիկ է հնչում: Բայց երբ տեսնում ես, որ երկրի նախագահն այցելել է Արտաշես Գեղամյանի հերթական գրքի շնորհանդեսին, հասկանում ես, որ վերը ասվածը Եվրախորհրդի, Եվրահանձնաժողովի ղեկավարներին ուղղված սոսկ խոսքեր են՝ իրականացման ոչ ենթակա: Երբ «Հայոց արծիվների» առաջնորդը գյուղերից ավտոբուսներով երեխաներ է բերում Երեւան՝ ՀՀԿ-ի ու ՀՀ նախագահի ուժն ու ընտրվելու անխուսափելիությունն ամրագրելու համար, հասկանում ես, որ արդարն ու թափանցիկը մեզանից շատ հեռու են: Այնպես, ինչպես Բելգիան Հայաստանից: Այնպես, ինչպես եվրոպական դեմոկրատիան հայկականից: Կարծում եմ՝ եվրոպական պաշտոնյաները եւս լսում են այս խոսքերը եւ ուզում են հավատալ դրանց, բայց Հայաստանի հետ շփվելու փորձը հուշում է, որ սրանք ընդամենը բարի ցանկություններ են կամ խոստումների հրապարակայնացում: Եվ անգամ արտաբերողը վստահ չէ, որ դրանք իրականացվելու են: Բայց, ինչպես ասում են, պետք է՝ ասում է: Ի վերջո, եթե անգամ լավագույն տարբերակով ենթադրենք, որ դրանք բխում են հաստատ որոշումից եւ իրականացման հզոր կամքից, չէ՞ որ դրանց իրականացումը միայն այն արտասանողից չի կախված: Հազար ու մի օլիգարխ ու քրեական տարր կա, մշակված ավանդույթներ եւ գործող մեխանիզմներ, որոնց ետ վարժեցնելը, արգելելն ու խափանելը բարդ է: Բայց երբ Արտաշես Գեղամյանին են հիշում եւ «Հայոց արծիվին» մեյդան բերում, ես այլեւս չեմ հավատում ոչ հաստատ որոշմանը, ոչ հզոր կամքին: