Ուսումնասիրում են ցուցակները

Ուսումնասիրում են ցուցակները
Երեկ խմբագրություն էր զանգահարել Արաբկիր համայնքի Արամ Խաչատրյան 32 շենքի մի բնակիչ եւ ահազանգում էր, որ իրենց ընտրատարածքում եւս ցուցակներն ուռճացված են: Բազմաթիվ մարդիկ կան, որ երկար տարիներ Հայաստանում չեն բնակվում, սակայն նրանց անունները ներառված են ցուցակներում:Մեզ ահազանգած քաղաքացու խոսքով, իր  բնակարանում գրանցված են 3 հոգի, որոնցից միայն ինքն է ապրում, իսկ 2 հոգին արդեն քանի տարի բնակվում են Գերմանիայում, սակայն նրանց անունները կրկին հայտնվել են ցուցակներում: «Ամեն ընտրություններին նրանց անուններն ընդգրկում են ցուցակներում, եւ դա վերաբերում է ոչ միայն ինձ: Իմ հարեւանուհու աղջիկը Մոսկվայում է, քաղաքացիություն ունի, քանի տարի է՝ արդեն այնտեղ է ապրում ու աշխատում ընտանիքով, բայց նրա անունն էլ կա ցուցակում: Եվ այդպես շենքի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հեռացել են Ամերիկա, Գերմանիա, Լեհաստան, Մոսկվա, բոլորի անուններն էլ կան ցուցակներում»,- նշեց քաղաքացին: Ի դեպ, նա նաեւ ավելացրեց, որ ինքն անձամբ ցուցակներից հանել է բոլոր այն քաղաքացիների անունները, ովքեր Հայաստանում չեն, եւ պատրաստվում է այդ տվյալները տրամադրել ՀԱԿ շտաբին: Հիշեցնենք, որ հանրապետության ղեկավարի հայտարարությամբ՝ Հայաստանից բացակայելը հիմք չէ մարդուն ընտրացուցակից հանելու համար: Բացատրությունն այն է, որ մարդը կարող է հատուկ այս շրջանում ժամանել երկիր՝ քվեարկելու համար, եւ նրան ցուցակից հանելու համար հիմքեր են անհրաժեշտ: