Ինչու հենց Քուվեյթը

Ինչու հենց Քուվեյթը
Տնտեսական եւ քաղաքական շրջափակումը Հայաստանին ստիպում են կառչել համագործակցության ցանկացած, թեկուզեւ հեռավոր հնարավորությունից, որը կարող է երկրին փոքր-ինչ օգուտ բերել:



Ինչպես հաղորդում է Քուվեյթի մի լրատվական գործակալություն, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը (որի ազգանունն ի դեպ՝ օտարերկրյա գործակալությունը սխալմամբ վերածել էր «Քուշնյակի») հանդիպել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Բասամ Ալ-Քաբանդիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունները: Դեսպանը եւ նախարարը մասնավորապես համաձայնության են եկել բժշկական փորձի փոխանակում կատարելու, ինչպես նաեւ ապագայում առողջապահական նախագծեր իրականացնելու շուրջ:



Կառավարության պաշտոնական կայքը հաղորդագրություն է հրապարակել, ըստ որի` Հայաստանը եւ Արգենտինան տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրելու, որն ուղղված է լինելու բիզնեսային գործունեության եւ փոխշահավետ տնտեսական կապերի հաստատմանը: Քննարկվելու է նաեւ Հայաստան-Իրան նավթատարի կառուցման տեխնիկական կողմը, որի կառուցումը փոքր-ինչ կթուլացնի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Երբ նավթատարի կառուցման շուրջ կողմերը դեռ նոր էին համաձայնության եկել, վերլուծաբանները գտան, որ Արեւմուտքը հաշվի կառնի Հայաստանի շրջափակման փաստը եւ, չնայած Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, որոնք մեկը մյուսի ետեւից Իրանից խլում են նրա նավթը սպառող եվրոպական երկրներին, թույլ կտա Հայաստանին ձեռք բերել այդ նավթատարը: Առայժմ Արեւմուտքը բացահայտ կոշտ գնահատականներ հայ-իրանական նավթատարի վերաբերյալ չի հնչեցրել, որը թույլ է տալիս ենթադրել, որ Արեւմուտքը հավանություն է տալիս Ռուսաստանից կախվածությունը թուլացնող նավթատարի կառուցմանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է նաեւ Երեւան ժամանած Կիպրոսի արտգործնախարարին, որի հետ նույնպես քննարկվել են տնտեսական համագործակցության հեռանկարները: Արտգործնախարար Էրատո Կոզակու Մարկուլիսն իր հերթին Հայաստանում բարեփոխումներ կատարելու եւ եվրոպական չափանիշներ ներմուծելու հարցում խոստացել է իր երկրի օժանդակությունը: Այնուամենայնիվ, Հայաստանի հետ սահման չունեցող երկրների հետ համագործակցությունը կարող է երկրի համար շահավետ լինել, բայց հեռու ապագայում, այնինչ բաց սահմանների դեպքում հարեւան երկրների հետ առեւտրական կապերը զգալիորեն կանդրադառնային տնտեսության զարգացման վրա գրեթե անմիջապես: Ավելորդ է հիշեցնել, որ սահմանների բացումը Թուրքիան եւ Ադրբեջանը կապում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ եւ փակ սահմանները դիտարկում են իբրեւ լրացուցիչ ազդեցության լծակ Հայաստանի վրա: Վերջերս մի ռուս քաղաքագետ կարծիք էր հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունն արագ լուծվողներից չէ: Եվրոպան նույնպես կողմնակից է ստատուս քվոյի դրությամբ սահմանները բացելուն, այնուամենայնիվ, եթե ռուս քաղաքագետը չի սխալվում, ապա (արտաքին տնտեսական քաղաքականության առումով) առայժմ մեզ համար տնտեսությունը գոնե ծնկները ծալած վիճակում պահպանելու միակ տարբերակը քուվեյթների հետ համագործակցությունն է:



Աստղիկ Սարգսյան