«Վիվասել-ՄՏՍ»-ը եւ «Սինոփսիս Արմենիան» համագործակցում են

«Վիվասել-ՄՏՍ»-ը եւ «Սինոփսիս Արմենիան» համագործակցում են
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շուրջ 42 մլն դրամ է հատկացրել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային` «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնում կրթական ժամանակակից երկու լաբորատորիա ստեղծելու համար:



 



Բուհական կրթությանն աջակցելու «Սինոփսիս Արմենիայի», «Վիվասել-ՄՏՍ»-ի եւ ակադեմիայի համագործակցությունը հերթական հաջողությունն է արձանագրել:  Մեկ տարի առաջ կողմերը գործնական քայլեր էին կատարել` ստորագրած եռակողմ համաձայնագրից բխող նպատակների ուղղությամբ: Ստեղծվել էր կրթական առաջին լաբորատորիան, որի համար «Վիվասել-ՄՏՍ»-ը ներդրել էր շուրջ 15 մլն դրամ, իսկ «Սինոփսիս Արմենիան» Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային (ԵԿՏԱ) անվճար հիմունքներով տրամադրել էր էլեկտրոնային ավտոմատ նախագծման ուսումնական 20 փաթեթի հավաստագրեր: Նույն հիմունքներով  նույնքան հավաստագիր «Սինոփսիսը» տրամադրել է նաեւ այս տարի, իսկ «Վիվասել-ՄՏՍ»-ի ներդրումը հասել է շուրջ 27 մլն դրամի:



 



«Ժամանակակից աշխարհը թելադրում է իր պահանջները եւ պարտավորեցնում լինել ճկուն որակյալ կրթություն ստանալու հարցում: «Վիվասել-ՄՏՍ»-ը պատրաստ է աջակցել կյանքի մարտահրավերներն ընդունելու եւ գիտելիքով զինված ապագա կերտելու ուսանողների ձգտումը: Ընդլայնեք Ձեր իմացության սահմանները եւ ՏՏ ոլորտում առավել բարձր նշաձողի հասցրեք մեր երկրի վարկանիշը»,-ասել է «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



 



«Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» մասնագիտացման շրջանակներում իրականացվող «Սինոփսիսի» կրթական մոդելը ԵԿՏԱ ուսանողությանը թույլ կտա զգալ բուհ-արտադրություն կապը, ձեռք բերել բարձր արտադրողականություն երաշխավորող բավարար գիտելիքներ եւ հմտություններ: Ուսումնական մոդելի համաձայն, բակալավրական ծրագրի երկրորդ կուրսի ավարտին, ընդհանուր կրթական առարկաներից հիմնարար գիտելիքներ ստացած ԵԿՏԱ ՏՏ ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողները մրցութային կարգով կընդգրկվեն ծրագրում: Ընտրությունը կկատարվի «Սինոփսիսի» եւ «Վիվասել-ՄՏՍ»-ի առաջատար մասնագետների եւ ԵԿՏԱ արհեստավարժ դասախոսների կողմից:



 



«Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գերկարեւոր նախապայման է բարձրորակ եւ ժամանակակից պահանջներին բավարարող մասնագետների առկայությունը»,- ասել է «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը: «Այս ծրագիրը ոլորտում տեսական գերժամանակակից գիտելիքներով եւ գործնական հմտություններով զինված մասնագետների պատրաստման համար եռակողմ համագործակցության փայլուն օրինակ է»:



 



«Կիրառվող բուհ-արտադրություն կրթական մոդելի կարեւոր առանձնահատկություններից է նաեւ դրա ադապտացվելու հատկությունը կոնկրետ կիրառական բնագավառին, ինչը լավագույն ձեւով դրսեւորվում է կապի միջոցների եւ հեռահաղորդակցության ասպարեզի դեպքում»,- ասում է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն եւ ԵԿՏԱ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» համաբուհական ամբիոնի վարիչ պրոֆ. Վազգեն Մելիքյանը: «Վստահ եմ, որ այս համագործակցության դեպքում կունենանք նույնպիսի հաջողություններ, ինչպիսին արձանագրել ենք Հայաստանի եւ տարածաշրջանի այլ բուհերի հետ մեր համագործակցության դեպքում»:



 



««Սինոփսիս Արմենիայի» եւ «Վիվասել-ՄՏՍ»-ի հետ մեր համագործակցությունը մեծապես նպաստում եւ աջակցում է ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրերի բարելավմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսանողներին առաջարկելով նոր մակարդակի մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ հատկապես միկրոէլեկտրոնիկայի մասնագիտացման շրջանակներում,- ասել է ԵԿՏԱ ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը:- Ուսումնառության ընթացքում եւ պրակտիկաների ժամանակ ուսանողներին հնարավորություն է ընձեռվում կիրառել գիտելիքները եւ հմտությունները կրթական ծրագրի համահիմնադիր ու համահեղինակ արտադրության ներկայացուցիչների կողմից տրամադրվող իրական նախագծերի շրջանակներում, ինչը եւս նպաստում է անմիջապես ուսումնառության ավարտից հետո մասնագիտական աշխատանքը մեկնարկելուն»:



 



«Վիվասել-ՄՏՍ»-ի հատկացրած ֆինանսական աջակցության շնորհիվ լսարանային տարածքը կհամապատասխանեցվի արդի ուսումնական պահանջներին եւ չափանիշներին, այն կապահովվի համակարգչային տեխնիկայով, ինչպես նաեւ կհատկացվեն ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձն ու հավասարեցված այլ վճարներ: