Լույս է տեսել Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արեւը» վեպը

Լույս է տեսել Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արեւը» վեպը
Հիշում եմ, որ պապիս հարցրի. «Քանի՞ օր եմ ապրել ես»: «Օ՞ր»,- զարմացավ պապս: «Հա, օ՛ր»,- հաստատեցի ես: «Կյանքն ախր, օրերով չեն հաշվում, տղաս,- ասաց,- տարիներով են հաշվում»: «Գիտեմ»,- ասացի: «Էդ դեպքում,- պապս մտքում բազմապատկման մի գործողություն կատարեց ու ստացավ, օրինակի համար, երկու հազար քառասունյոթ թիվը, որովհետեւ օգոստոս ամիսն էր, իսկ ես` հինգ տարեկան,- երկու հազար քառասունյոթ թիթեռի կյանք ես ապրել արդեն»,- ասաց պապս: «Պապի,- հարցրի,- իսկ երկու հազար քառասունյոթը շա՞տ է»: «Նայած ինչի համար, աստղերի համար քիչ է, լուսատտիկների համար՝ շատ»: «Իսկ դու քանի՞ թիթեռի կյանք ես ապրել»: Իր ապրած տարիները պապս բաժանեց թիթեռների: «Իմ թիկունքում երեսուն հազար անշնչացած թիթեռ կա: Իմ դագաղի վրա կթեւածի մի սեւ թիթեռ, իմ վերջին չապրած օրը»,- ասաց պապս:



 



 



ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ. «ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ԱՐԵՎԸ»



 



Մի քանի օր առաջ «Անտարես» հրատարակչության կողմից լույս տեսավ արձակագիր Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արեւը» վեպը (Երեւան, «Անտարես», 2012, 216 էջ, «XXI» մատենաշար): «Antares media holding»-ը գրքի մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի աշխարհ, ուր թիթեռները կարող են ճչալ, խլեզներն այնքան են իմաստուն, որ պատահական շարժումներով չեն ուզում իրենց հատկացված հավերժությունն սպառել, ծղրիդներն ինչ-որ բան են հաղորդում մարդկանց, հանգուցյալներն ստվերներ են ձեւանում, տիեզերական անդունդն ընկած մոլորակի մոռացված այդ անկյունում, ուր ժամանակն անզոր է ժամացույցներ ենթարկել իրեն, ապրում է մի վանական, որ ագռավներ է որսում, եւ ճերմակ մազերով մի մանուկ, ում գրպանում Աստծո գոյության իրեղեն ապացույցն է: Վեպը փոքրիկ տղայի եւ մահվան մտերմության, ինքնության եւ անհետ կորած հոր փնտրտուքների մասին է, իսկ անհետացած մարդուն որոնելը նույնն է, ինչ Աստծուն փնտրելը»:



 



Արձակագրի առաջին՝ «Գուշակություն հայելիներով» գիրքը լույս է տեսել 2003 թվականին: «Երկվորյակների արեւ» վեպն արդեն վաճառքում է: Շուտով կկայանա գրքի շնորհանդեսը: