ՀՀԿ-ական պատգամավոր. «Է, հա, հիմա բանվոր է, ընկել է, ի՞նչ անենք»

ՀՀԿ-ական պատգամավոր. «Է, հա, հիմա բանվոր է, ընկել է, ի՞նչ անենք»
«Լեւոն Տեր Պետրոսյանը պարտավոր է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններին: Նման հայտարարությամբ հանդես եկավ  «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ հակառակ դեպքում կործանարար ոչինչ չի լինի:



Իր հերթին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածուների առաջադրման հարցին, նշեց, որ այս առումով քաղաքական ուժերը պետք է հստակ կողմնորոշվեն, ինչն, ըստ պատգամավորի, վերջիններիս մոտ դեռեւս չի ստացվում, փոխարենը տարբեր կուսակցություններ հանդես են գալիս որոշ անհատների միջոցով միայն: «Առաջադրվող թեկնածուների շրջանում ֆավորիտը գործող նախագահն է: Այս է պատճառը, որ մյուսները, իմանալով, որ բավականաչափ ընտրազանգված ապահովել չեն կարող, առաջադրվելու վերաբերյալ համապատասխան հայտարարություններ չեն անում»,-նշեց Ս. Ավետիսյանը:



Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի այն հրապարակմանը, ըստ որի ՀՀԿ գրասենյակի տանիքից 27-ամյա երիտասարդ է ընկել ու մահացել, և այդ տեղեկությունը թաքցվել է հասարակությունից շուրջ 50 օր, ՀՀԿ պատգամավորը նշեց, որ  ինքը միայն այսօր առավոտյան է  իմացել այդ մասին:



« Է, հա, հիմա բանվոր է, ընկել է, ի՞նչ անենք»,-ասաց Ավետիսյանը:



Նա նույնիսկ իր զարմանքը հայտնեց այն մասին, որ թերթը «նոր-նոր է հայտնում այդ մասին»: Լրագրողների այն պնդմանը, թե թերթը նոր է բացահայտել դա,  Սուքիասյանը պատասխանեց, որ այս տեղեկությունը հրապարակելով լրատվամիջոցը սև PR-ի է դիմում՝ ուղղված ՀՀԿ-ի դեմ:



Հանրապետական կուսակցության պարագայում հազիվ թե անհրաժեշտություն կա «փիար»-ային գունավորւմների ետևից ընկնել, քանի որ ՀՀԿ-ն իր գույնը վաղուց է ընտրել: Սակայն ակնհայտ է նաև, որ այդ կուսակցությանը և նրա ներկայացուցիչ Սուքիաս Ավետիսյանին ավելի շատ մտահոգում է սեփական վարկանիշը, քան մարդկային կյանքը: