Համազգային թատրոնի դեմ սառույցը կոտրվեց

Համազգային թատրոնի դեմ սառույցը կոտրվեց
Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հայտարարություն էր տարածել, թե Երեւանի քաղաքաշինական խորհուրդը քննարկել եւ հավանության է արժանացրել Գլխավոր պողոտայի սկզբնամասում՝ Հրազդանի կիրճ տանող թունելների դիմաց նախատեսվող Համազգային թատրոնի շենքի նախագիծը: Ճարտարապետների մի խումբ եւ հասարակության մտահոգ մասը պայքարում են, որ այգու կանաչ տարածքում,  հանրային տարածքի հաշվին որեւէ շինություն չկառուցվի, անկախ այն բանից՝ մշակութային օջախ է, թե բիզնես-կենտրոն:



 



 



«Այդ ինֆորմացիան սխալ է: Նախագծերը քննարկելու ժամանակ ասել ենք, որ այգում որեւէ բան տեղափոխվել չի կարող: Բացի այդ, կիրճից եկող թունելները շեղված են, կամարները պետք է հեռացվեն աստիճանների կողմը՝ դրանք քանդելու հաշվին, որպեսզի մեջտեղում երրորդ կամարը կառուցվի: Խոսքը դրա մասին է, ոչ նախագիծ է ներկայացվել, ոչ էլ հուզումներ կան: Առաջարկվել է հանձնարարություն տալ բուն Գլխավոր պողոտայից դուրս՝ կողքերը, որտեղ որ փողոցն է, եւ աստիճաններն են իջնում, կտեղավորվի՞ թատրոնի շենք կառուցել, թե՞ ոչ. խոսքը դրա մասին է: Կեղծ է այն ինֆորմացիան, թե նախագծին հավանություն է տրվել, եւ կառուցվելու է»,- ներկայացնում է ճարտարապետ, քաղաքաշինական խորհրդի անդամ Գուրգեն Մուշեղյանը:



 



Համազգային թատրոնի շենք կառուցելու խնդիրն այս ամիսների ընթացքում բարդանալով՝ գրեթե համազգային հարց դարձավ:



 



«Թատրոնի տնօրենը, չխորանալով իրողության մեջ, սկսել է նման տեղեկություն տարածել: Մենք քննարկել եւ առաջարկել ենք. եթե աստիճանների տակ կտեղավորվի թատրոնի շենք կառուցել, թող կառուցեն, եթե ոչ՝ ոչ ոք թույլ չի տվել մտնել այգու տարածք. պարզապես ապակողմնորոշում են: Մենք թողել ենք նախագծողին, ասացինք՝ եթե այդ պարամետրերը կհամապատասխանեն, թող կառուցեն, բայց ոչ ազատ տեղում, թունելների դիմաց կամ շատրվանի տեղում, որովհետեւ թատրոնների ձեւեր կան, պարտադիր չէ, որ մեծ թատրոնի չափերով լինի: Միաձայն անցել է այդ տարբերակը, որի մասին ես ասում եմ: Նախագծողն ասաց, որ կկարողանա մեր առաջարկած տեղում կառույցն իրականացնել, եթե կկարողանա՝ թող անի: Եթե ոչ, մենք դեմ ենք այգում նախատեսվող տեղին: Իսկ թատրոնի տնօրենն այնքան էլ տեղյակ չէ եւ ոգեւորված ասում է, թե թատրոնի դեմ խաղ չկա, բայց մերն էլ քաղաքաշինությունն է, ոչ մեկս ոչ մեկի մասնագիտությունը չենք ուզում նսեմացնել, ամեն մեկն իր տեղն ունի: Մենք էլ կխնդրեինք, որ թատրոնի աշխատողները եւ մյուսները հարգեին քաղաքաշինությունը»,- պարզաբանում է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:



 



Սակայն, ինչպես տեսնում ենք, քաղաքաշինական խորհուրդը տեղի է տալիս, առայժմ մեկ քայլ զիջել է, իսկ թե որքան կընկրկի, ապագան ցույց կտա: Այնուամենայնիվ,  մասնագետները նշում են, որ այդ տեղում անհնար է Լեւոն Ղալումյանի առաջարկած նախագիծն իրականացնել:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ