Րաֆֆին չսասանեց Թալինի սարերը

Րաֆֆին չսասանեց Թալինի սարերը
Երեւի քչերը գիտեն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Թալինի լեռնաշխարհը եւ հատկապես Ներքին Բազմաբերդ գյուղը համարում է իր երկրորդ ծննդավայրը: Այստեղ էլ նրան են համարում  իրենց հարազատ, սակայն ընտրությունների ժամանակ թե Թալինի լեռնաշխարհը, թե ծննդավայր համարվող Ներքին Բազմաբերդն արդեն քվեարկում են ոչ հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության»:



 



Նշենք, որ 2007թ. ԱԺ ընտրություններում «Ժառանգությունը»  Ն. Բազմաբերդի շուրջ 900 ընտրողից մոտ 300 քվեի էր արժանացել, որն աննախադեպ բարձր ցուցանիշ է: Սակայն ժամանակի ընթացքում վստահությունը հարազատ համագյուղացու հանդեպ մարեց, իսկ վերջին ընտրություններում «Ժառանգությունը» գյուղում ընդամենը 67 քվե ստացավ: Ցուցանիշը կտրուկ նվազել է նաեւ Թալին քաղաքում եւ տարածաշրջանի մյուս համայնքներում: Եթե 2007թ. Րաֆֆու նախընտրական հանդիպումները բազմամարդ ու հետաքրքիր էին, ապա նույնը չի կարելի ասել այս տարվա ԱԺ ընտրությունների մասին: «Թալին քաղաքի դպրոցներից մեկում կայացած հանդիպմանը,- ասում է թալինցի Սուրեն Բաղդասարյանը,- մարդկանց թվաքանակը ընդամենը մի դասասենյակ էր: Ինչո՞ւ այդպես ստացվեց: Փորձեմ մեկնաբանել:



 



Եթե հիշում եք` 2007թ. թիվ 15 ընտրատարածքում նշանակվեց կրկնակի ընտրություն: Պատկերացրեք` ավարտվել են ԱԺ ընտրությունները, «Ժառանգությունը» տարել է պատկառելի քանակությամբ ձայներ, ու մեկ էլ հանկարծ Խաչիկ Մանուկյանի եւ Մնացական Մնացականյանի ավանդական պայքարում ներգրավվում է նաեւ Րաֆֆին` առաջադրվելով թիվ 15 ընտրատարածքում, որպես մեծամասնական թեկնածու: Սա առաջին հիասթափությունն առաջացրեց թիվ 15 ընտրատարածքի ընտրողի մոտ, որովհետեւ եւ ընտրողը, եւ Րաֆֆին գիտեին, որ անհնարին է հաղթել, ու եթե Րաֆֆին դա գիտեր, նշանակում է` խաղում էր ոչ մաքուր խաղ: Ասեմ, որ նույն խաղը խաղում է նաեւ հիմա:



 



Ես չեմ հասկանում. ի՞նչ է նշանակում ստանալ մանդատ եւ վայր դնել, մեկ ուրիշի պարտադրել, որ ինքն էլ մանդատը վայր դնի: Ինչ է, ուրիշ խնդիրներ չկա՞ն մեր երկրում: Մանավանդ որ մանդատը քեզ ընտրողն է տվել (չնայած ավելի շատ միտված եմ մտածելու, որ այն նախագահականի նվերն է «Ժառանգությանը»): Ընտրողից հարցրե՞լ ես, ուզում եմ մանդատը վայր դնել: Եթե չի հարցրել, դարձյալ միտված եմ մտածելու, որ նման հրահանգ Րաֆֆին դարձյալ նախագահականից է ստացել»: «Տա աստված, որ սխալված լինեմ: Եվ վերջապես վերջինը,- շարունակում է մեր զրուցակիցը,- դուք որեւէ բան հասկացա՞ք 2 տարի առաջ Րաֆֆու հացադուլից: Ես մի քիչ ուշ, բայց հասկացա: Այն, որ մատյաններ էին դրված Րաֆֆու կողքի սեղանին, որտեղ ստորագրում ու հեռախոսի համար էինք գրում` իրեն սատարելու նպատակով: Հենց դա էր գաղտնիքը: 20 հազար հոգի ստորագրել էին, հետո ստացվեց, որ եթե սատարում են, նշանակում է «Ժառանգությունից» են: Անձամբ ինձ են զանգել, ասել են, թե երբ ինչ ենք անում, էսինչ օրը, էսինչ ժամին եկեք-մասնակցեք: Սկզբում բանի տեղ չդրեցի: Հետո գլխի ընկա ու զանգահարող աղջկան ասացի, որ ես «Ժառանգությունից» չեմ: Նա էլ հակադարձեց, որ համակիր եք, չէ՞ որ Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցել եւ հեռախոսահամար եք թողել: Այ քեզ միամիտ խորամանկություն. եւ զարմացա, եւ զայրացա»:



 



Սա ընդամենը մեկ ընտրողի կարծիք է: Հարազատ տարածաշրջանում Ր. Հովհաննիսյանի կուսակցությունը ներկայացնող գրասենյակներ գրեթե գոյություն չունեին մայիսյան ընտրություններից առաջ: Կուսակցության ակտիվիստներից շատերը լքել են կուսակցությունը, մնացածը հիասթափված են, բայց դեռեւս չեն լքում շարքերը: Կարծում ենք, ավելի անմխիթար վիճակ է մյուս մարզերում: Իսկ Ր. Հովհաննիսյանի` մարտահրավերի պես հնչող «առաջադրվում եմ առաջին եւ վերջին անգամ»-ը դարձյալ միամիտ խորամանկության շարքերից է:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ