Փայլուն դաստիարակություն

Փայլուն դաստիարակություն
Օրերս մի հետաքրքիր դեպք պատմեցին: Մի բարձրաստիճան պաշտոնյա որոշել է 4 թե 5 տարեկան թոռան ծննդյան օրը նշել ռեստորաններից մեկում: Բնականաբար, ռեստորանի ողջ անձնակազմը, ոտնաթաթերի վրա կանգնած, դիմավորել է սույն պաշտոնյային ու իր ազգուտակին, կաշվից դուրս եկել, որ բոլորը գոհ լինեն, եւ հոբելյանը փառահեղ նշվի:



 



Հոբելյարը քեֆի թեժ պահին, սրահում վազվզելուց հոգնած, սկսել է կոտրել դռներից մեկը: Այնքան ուժեղ ու այնքան անխնա է արել, որ մատուցողներից մեկը շատ զգուշորեն դիտողություն է արել, թե՝ բալիկ ջան, մի կոտրի, ափսոս է: Ինչ կանե՞ր այս պարագայում մեզնից յուրաքանչյուրը: Հավանաբար, ներողություն կխնդրեր չարաճճիի փոխարեն, դիտողություն կաներ երեխային ու կհեռացներ դեպքի վայրից: Ի՞նչ է արել սույն բարձրաստիճանը. հարձակվել է մատուցողի վրա, թե՝ լավ է անում, թող ջարդի, ես կվճարեմ կոտրածի գինը:



 



Պատկերացնո՞ւմ եք, թե սրա դաստիարակած թոռն ինչ անպատիժ ու անդաստիարակ երեխա է մեծանալու եւ ինչ պատուհաս է վաղը դառնալու մեր բոլորիս գլխին: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե 5 տարեկանում արդեն հասարակական գույքն է կոտրում ու խրախուսվում, ինչպես է պահելու իրեն, ասենք, 10, 15, 25 տարեկանում: Այսօր ռեստորանի դուռն է կոտրում, վաղը հաստատ մարդկանց գլուխներն է կոտրելու: Այս հաբռգած փողատերերի երեխաներն են ղեկին նստում ու 150-ի վրա ճռռացնելով՝ քաղաքում մեքենա վարում, վտանգելով մարդկանց կյանքը: Կյանքում ոչ մի բանի մերժում չստացած այս լկտի զավակներն են զբաղեցնում լավ սովորող երեխաների, հետո՝ լավ մասնագետների տեղը: Սրանց հայրիկներն ու պապիկներն ամեն ինչ անում են, որ նրանք ջերմոցի բույսերի պես անդարդ ու ապահով մեծանան՝ բանակ չգնան, կյանքի դժվարությունները չճաշակեն, եթե օրենք են խախտում՝ չպատժվեն: