Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ընդլայնված նիստում (տեսանյութ)

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ընդլայնված նիստում (տեսանյութ)
Հարգելի՛ գործընկերներ,



Մենք առաջին անգամ ենք այս ձևաչափով հավաքվում զորավարժությունների արդյունքներ ամփոփելու համար:



 



Հրավիրել եմ ձեզ այս կազմով, նկատի ունեմ՝ Ազգային ժողովի ղեկավարություն, կառավարության ընդլայնված կազմ, այդ թվում՝ մարզպետներ, փոխնախարարներ, Նախագահի և Անվտանգության խորհրդի աշխատակազմերի ղեկավար աշխատողներ, դատական և այլ կարևոր կառույցների ղեկավարներ, քանի որ համարում եմ՝ մի կողմից փոխվում են մեր երկրի առաջ կանգնած տարածաշրջանային և միջազգային մարտահրավերները, մյուս կողմից` մեր Զինված ուժերը մտել են կայացման այնպիսի փուլ, որում լիամասշտաբ պլանային ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը պետք է կրի պարբերական բնույթ: Իսկ դրա արդյունավետության համար պահանջվում է բոլորիս համատեղ աշխատանքը:



 



Մենք լսեցինք պաշտպանության նախարարի զեկույցը «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ զորավարժությունների և Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության փուլերի վերաբերյալ: Ինչպես նշեց նախարար Օհանյանը, դրանցում հիմնականում հաջողության հասել ենք, թեև կան նաև թերություններ: Թերությունները պետք է շտկվեն արագ և որակով: Դեկտեմբերին ես ստորագրել եմ համապատասխան կարգադրություն` հստակ ցուցումներ տալով կառավարությանը: Բայց հիմնական դասը, որ պետք է քաղենք այդ զորավարժություններից, մեր ներքին փոխգործակցության, պետական կառավարման բոլոր մարմիններում լուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու անհրաժեշտության գիտակցումն է:



 



Երկրի անվտանգության և պաշտպանության հարցերը չեն կարող լինել միայն ուժային կառույցների պատասխանատվության դաշտում: Ավելին, հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը, առկա մարտահրավերները, արագ մոբիլիզացվելու անհրաժեշտությունը, մենք պետք է մշտապես կատարելագործենք պետական համակարգի փոխգործակցելու և արդյունավետ արձագանքելու կարողությունները:



 



Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուրիս թիվ մեկ խնդիրն ու գործն է: Անկախ նրանից, թե որ ոլորտում եք դուք ղեկավար պաշտոն զբաղեցնում, Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է ձեր աշխատանքի կարևոր բաղկացուցիչ մաս կազմի:



 



Անկախության առաջին երկու տասնամյակի ընթացքում մենք անցանք մեզ պարտադրված գոյամարտով, դուրս եկանք հաղթանակած և կարողացանք արագ անցնել պետական շինարարության բուն գործընթացին: Ունեցել ենք ձեռքբերումներ և բացթողումներ: Հաճախ ենք հղում կատարել մեր անփորձությանը, ինստիտուտների բացակայությանը, ավանդույթների պակասին: Կատարել ենք սխալներ, երբեմն՝ ներելի, երբեմն` ոչ:



 



Անցել է քսան տարի, փոխվել է վիճակը մեր տարածաշրջանում, փոխվել է աշխարհը, շատ է փոխվել նաև մեր պետությունը: Այն, ինչ ներելի էր և միգուցե օրինաչափ անկախության առաջին տարիներին, այժմ անհանդուրժելի է և պետք է բացառվի:



 



Այսօր պետք է հստակ պայմանավորվենք, որ այսուհետ զրոյական հանդուրժողականություն պետք է ցուցաբերենք մեր այն գործընկերների նկատմամբ, ովքեր բավարար ուշադիր չեն Հայաստանի Հանրապետության անվտանգության և պաշտպանության խնդիրներին: Զրոյական հանդուրժողականություն պետք է ցուցաբերենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր պախարակում և վարկաբեկում են զինված ուժերի պատիվն ու համբավը: Զրոյական հանդուրժողականություն պետք է ցուցաբերենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում են ամեն գնով խուսափել զինվորական ծառայությունից կամ ոչ պատշաճ ձևով կատարել այդ ծառայությունը: Զրոյական հանդուրժողականություն այն զինվորականների նկատմամբ, ովքեր ուսադիրներն ու համազգեստն օգտագործում են սեփական շահի համար կամ որևէ այլ կերպ ստվերում են սպայական պատիվը:



 



Այնպես ստացվեց, որ անկախության առաջին իսկ տարիներից բանակը հատուկ տեղ զբաղեցրեց մեր հասարակության կյանքում: Պատերազմ էր, որի շունչը զգացվում էր Հայաստանի ողջ տարածքում` մի տեղ ավել, մի տեղ պակաս: Այդ տարիներին յուրաքանչյուր ընտանիք ուներ մոտիկ կամ հեռավոր ազգական Հայոց բանակում: Եվ բանակը յուրաքանչյուր մարդու սրտում էր: Այդ զգացումը առավել ամրապնդվեց, երբ մեր բանակը տարավ այնքան անհրաժեշտ, կենսական հաղթանակ:



 



Քսան տարի անց ունենք բանակի հանդեպ այդ սերն ու հարգանքը մեր հասարակության ինստիտուցիոնալ հիշողության մեջ մեկընդմիշտ ամրագրելու անհրաժեշտություն: Այսինքն, պետք է այնպես անենք, որ զինված ուժերի նկատմամբ հասարակության լայն խավերի վերաբերմունքը մշտապես լինի ընդգծված դրական: Այդ խնդրի լուծմանը պետք է հասնենք և՛ բանակում տեսանելի լուրջ բարեփոխումներ իրականացնելով, և՛ տեղեկատվական աշխատանքի որակը բարձրացնելով, և՛ բանակին վերաբերող հարցերում հանրային ճիշտ վարքագծի ձևավորմանը միտված ամենօրյա ջանքերով:



 



Մեր պետական շինարարության մեծ ձեռքբերումներից էր բանակաշինության գործում արձանագրված արդյունքը: Հազվագյուտ է ստացվում պատերազմական գործողություններին զուգահեռ արդյունավետ անցում կատարել զինված խմբավորումներից կանոնավոր բանակի: Մեզ դա հաջողվեց: Այսօր մեր առաջ նոր խնդիր է կանգնած` պետական կառավարման ողջ համակարգը համախմբել մեր Զինված ուժերի շուրջ: Խստորեն պահպանելով զինվորականության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ժողովրդավարական սկզբունքը, մենք պետք է օրինականության շրջանակներում ամրագրենք բանակի ուրույն տեղն ու դերը մեր պետության կյանքում:



 



Հարգելի՛ գործընկերներ,



 



Մեր երկրի պաշտպանությունն ուղղակի պարտավոր ենք կազմակերպել խելամիտ ձևով: Խելամիտ ասելով՝ առաջին հերթին նկատի ունեմ միջոցների արդյունավետ օգտագործմամբ՝ լինեն դրանք անձնակազմ, տեխնիկա, բյուջե, թե ղեկավար փաստաթղթեր ու հրամաններ, ավելի մեծ արդյունք ապահովելու կարողությունը:



 



Ուժային կառույցները, այդ թվում՝ բանակը, ազգային անվտանգության մարմինները, ոստիկանությունը, փրկարարական ստորաբաժանումները, նրանց քաղաքացիական հատուկ ծառայողները, սպայակազմը և ենթասպայակազմը պետության անվտանգության հենասյունն են: Անվտանգությանը ցանկացած լուրջ մարտահրավերի դեպքում առաջին հերթին նրանք պետք է կարող լինեն գործելու միասնաբար` ունենալով համատեղելի ընթացակարգեր և փոխլրացնող տեխնիկական միջոցներ: Զինված ուժերի անձնակազմն իր լուրջ ներդրումը պետք է բերի նաև այլ գերատեսչություններում քաղաքացիական պաշտպանության ու զորահավաքի առավել արդյունավետ համակարգերի մշակման գործում:



 



Մեր հասարակությունը գրեթե մոռացել է, որ սպան առաջին հերթին մտավորական է: Պետք է հստակ քայլեր ձեռնարկենք այդ համբավը վերականգնելու ուղղությամբ: Պետք է զարգացնենք բանակի բնական կապը հասարակության բոլոր շերտերի հետ, նոր մակարդակի բարձրացնենք բանակ-գիտություն փոխգործակցությունը` ապահովելով բանակի համար արդի և կիրառելի գիտական արդյունքի մատակարարում: Պետք է ուժեղացնենք կապը ռազմական և քաղաքացիական բուհերի միջև` ապահովելով համազգեստով կուրսանտների մուտքը քաղաքացիական բուհեր և քաղաքացիական ուսանողների մուտքը ռազմական ուսումնական հաստատություններ` կրեդիտային համակարգով լավագույն դասախոսների մոտ սովորելու հնարավորություն ընձեռելով:



 



Մեր առաջնահերթ խնդիրներից է զինված ուժերը ժամանակակից, այդ թվում՝ հայրենական արտադրության սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրելը: Այդ նպատակով պետք է ամրապնդենք բանակ-տնտեսություն կապը` խթանելով ռազմարդյունաբերությունը:



 



Տիկնա՛յք և պարոնա՛յք,



 



Մեր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձահարված ագրեսիվ պատերազմում տարած հաղթանակի վերջնական իրավական ձևակերպումը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ չկա որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչու ինքնորոշման իրավունքն օրենքի շրջանակներում իրացրած և հետո անհավասար պայքարում պաշտպանած ժողովուրդը պետք է երբևէ Ադրբեջանի մաս կազմի: Ինչո՞ւ պետք է այդ ժողովրդի ճակատագիրը պայմանավորվի ժամանակին Ստալինի կողմից կատարված ապօրինությամբ:



 



Մեր անվտանգության համար գլխավոր սպառնալիք է մնում այդ հարցում Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց, ֆաշիստական, ռազմատենչ քաղաքականությունը: Ադրբեջանը բացեիբաց խախտում է զինադադարի պայմանները, շփման գծում պարբերաբար զինվորներ են զոհվում, որոնց արյունը Ադրբեջանի իշխանությունների վրա է:



 



Օրեր անց նշելու ենք Ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Բայց դա ընդամենը շարժման նորօրյա փուլի սկիզբն էր: Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի համակերպվել Ստալինի դաված ապօրինությանը, ղարաբաղցին երբեք իրեն չի համարել Ադրբեջանի քաղաքացի, երբեք չի համակերպվել Ադրբեջանին բռնակցվելու որոշմանը:



 



19 տարի առաջ Ադրբեջանի խնդրանքով կնքված եռակողմ զինադադարն ամրագրեց հայկական ինքնապաշտպանության հաղթանակը: Այսօր Ադրբեջանում շատերն են մոռանում «Լեռնային Ղարաբաղի հարգարժան իշխանություններին» իրենց նախկին ղեկավարների ուղղած հրադադարի միջնորդությունը: Նախորդ պատերազմի զրկանքներից ծնողների փեշի տակ թաքնված երիտասարդներն այսօր նախընտրում են չհիշել պատմության այդ էջերը:



 



Անտեսելով զինադադարի մասին եռակողմ համաձայնությունը, Ադրբեջանը մինչ օրս չի դադարում գնդակոծել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության սահմանները: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ մերժում են միջնորդների` դիպուկահարներին շփման գծից հեռացնելու և միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու առաջարկները, նույնիսկ հրաժարվում են մեկ տարի առաջ Սոչիում իրենց իսկ կողմից ստորագրված հայտարարությամբ ստանձնած վստահության ամրապնդման միջոցառումներն իրագործելուց:



 



Ռազմատենչ հռետորաբանությունը և ադրբեջանական հասարակությունում հայատյացության սերմանումն իրական պատուհաս է դարձել մեր տարածաշրջանի անվտանգության համար: Այդ երկրում մի ողջ սերունդ է մեծանում՝ լի մեր ժողովրդի հանդեպ չարությամբ և ատելությամբ: Ինչպե՞ս որակել Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը, թե «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են»: Բայց մեկ բան հստակ է` այն քարոզչական քաղաքականությունը, որն Ադրբեջանի իշխանությունները իրականացնում են սեփական ժողովրդի հանդեպ, ուղղակի հրեշավոր է: Որպես արդյունք, Ադրբեջանի ժողովուրդը երկար ժամանակ դեռ պատրաստ չի լինելու խաղաղ գոյակցության, եթե անգամ հաջողվի խնդրի լուծման շուրջ համաձայնության հասնել:



 



Առօրեական է դարձել պատմության բացահայտ և ցինիկ կեղծումը: Ընդամենը օրեր առաջ մեր հարևան պետության ղեկավարը Սումգայիթում ամենայն լրջությամբ հերթական անգամ կրկնում էր, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունն առաջացել է ադրբեջանական հողերի վրա, որ Երևանը պատմական ադրբեջանական տարածք է, և իր նախնիները մեծ սխալ են գործել այն «նվիրելով» հայերին: Գուցե կարելի կլիներ այդ ամենին որպես զավեշտի մոտենալ, եթե չլիներ ողբերգական ասոցիացիան: Քառորդ դար է բաժանում Իլհամ Ալիևին ադրբեջանցի այն բաշիբոզուկներից, որոնք Խորհրդային Ադրբեջանի ղեկավարների ծածուկ աջակցությամբ նույնաբովանդակ ելույթներով սադրում էին գազազած ամբոխին՝ սպանել, այրել ու ոչնչացնել հայերին:



 



Օրինաչափ է, որ պետության այդպիսի ղեկավարը արդարացնում և հերոսացնում է քնածին կացնահարող տականքին: Մի բան, որ խայտառակություն կհամարվեր իրեն հարգող որևէ բանակի սպայական ողջ անձնակազմի համար:



 



Երբ մենք խոսում ենք տարածաշրջանի հավասարաչափ և ներդաշնակ զարգացման մասին, ելակետային է այն նախադրյալը, որ տարածաշրջանի բոլոր պետություններն էլ կիսում են նույն արժեքային համակարգը և ունեն պետականաշինության նույն նկրտումներն ու զարգացման նույն նպատակները: Հենց նման պայմաններում է հաջողված պատմություն դարձել եվրոպական ինտեգրացիան, նման պայմաններում են այսօր ստեղծվում և զարգանում տարածաշրջանային մի շարք կառույցներ հետխորհրդային տարածքում, Հարավային Ամերիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում և Աֆրիկայում:



 



Այս համատեքստում Հարավային Կովկասը կարող էր իդեալական գործակցության մոդել լինել: Սակայն երբ հարևանդ ապրում է այլ, քոնին ճիշտ հակառակ արժեհամակարգում, դա անվտանգության լուրջ սպառնալիք է պետության համար:



 



Մենք պետք է ամեն օր, ամեն պահ պատրաստ լինենք պատերազմ քարոզող ռեժիմի կողմից նոր ռազմական արկածախնդրության: Կարծում եմ՝ մեր հարևաններն ըմբռնում են, որ պատերազմը որքան կործանարար կլինի Հայաստանի, նույնքան էլ, եթե ոչ ավելի` Ադրբեջանի համար: Բայց չեմ կարծում, որ Ադրբեջանի այսօրվա ղեկավարները մտահոգ են իրենց ժողովրդի ճակատագրով: Նրանք պատրաստ կլինեն վերսկսել պատերազմը, եթե համարեն, որ ունեն բացարձակ առավելություն Հայաստանի նկատմամբ կամ եթե դա անհրաժեշտ լինի ներքին խնդիրներից ուշադրություն շեղելու համար:



 



Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ցանկանում, սակայն բոլորը պետք է վստահ լինեն՝ մենք արժանապատիվ պատասխան կտանք նետված ցանկացած մարտահրավերի: Այլևս երբեք Արցախի բնակչությունը չի կանգնելու ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև: Հայաստանի Հանրապետությունը դրա երաշխավորն է:



 



Արցախի ճակատագիրը որոշելու է Արցախի ժողովուրդը: Դա ամրագրված է միջազգային իրավունքով, միջազգային բազմաթիվ փաստաթղթերով: Ուստի, Ղարաբաղի իշխանությունների լիարժեք մասնակցությունը բանակցություններին դառնում է օրվա հրամայական:



 



Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ մեր մոտեցումները համընկնում են միջազգային հանրության պատկերացումների հետ, ինչն անշուշտ խոսում է այն մասին, որ մենք ընկալելի ու կանխատեսելի գործընկեր ենք բոլորի համար: Մեր մոտեցումները բանական են ու հավասարակշռված, իսկ որ ամենակարևորն է՝ հաշվի են առնում տարածաշրջանում բոլորի կայուն, խաղաղ զարգացման երկարատև հեռանկարները: Սակայն այս հանգամանքը մեզ չպետք է հանգստացնի: Մեր այդ նպատակին հասնելու գրավականը ամուր երկիրն է ու ամուր բանակը, կայուն ու զարգացած Հայաստանը և կրթված ու մարտունակ զինվորը: Այդ ամրության և կայունության անբաժան մաս են մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, պաշտպանված քաղաքացին, սիրող ընտանիքը, բարեկեցիկ գյուղերն ու ժամանակակից քաղաքները: Այդ ամենի համար մենք պետք է օր ու գիշեր աշխատենք` անընդհատ մտածելով մեր պետության ամրության մասին, ամեն պահ գիտակցելով, թե ինչ բացառիկ առաքելություն է տրված մեր սերնդին` կայացնելու վերանվաճված անկախությունը:



 



Հարգելի՛ գործընկերներ,



 



Խոսելով Ադրբեջանի մասին` չպետք է մոռանանք, որ տարածաշրջանում կա մի պետություն, որն անվերապահորեն սատարում է Բաքվի հակահայ քաղաքականությանը: «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո ձևավորված թուրք-ադրբեջանական տանդեմը շուրջ քսան տարի շարունակ փորձում է շրջափակման, բաժանարար գծերի խորացման և համագործակցության բացառման միջոցով Հայաստանից միակողմանի զիջումներ կորզել: Դա նրանց չի հաջողվել և չի հաջողվելու:



 



Որպես խաղաղասեր, առաջադեմ և հեռատես ժողովուրդ, մենք գիտակցում ենք մեր տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորման կարևորությունը հարևանների հետ խաղաղ գոյակցելու և բնականոն զարգացման ճանապարհով ընթանալու համար: Հենց այս ամենի գիտակցմամբ էլ մենք նախաձեռնեցինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Բոլորն են տեղյակ, թե ինչպիսի ճակատագրի արժանացավ այն, և ինչ պայմաններում Թուրքիան հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից` շարունակելով զմռսված պահել Եվրոպայի միակ փակ սահմանը:



 



Իրավիճակը Թուրքիայում շարունակում է լարվել: Հարևանների հետ «զրոյական խնդիրների» քաղաքականությունը «զրոյական արդյունք» տվեց: Դրա պատճառն այն է, որ Թուրքիան ձգտում է հարևանների հետ բոլոր խնդիրները լուծել հարևանների հաշվին: Այսօր Թուրքիան արագ զարգացող և մեծ առաջընթաց արձանագրող պետություն է, բայց այդ ընթացքը միշտ թերի է լինելու, և կանխատեսելի է դրա դրամատիկ ընդհատումը, եթե Թուրքիայի իշխանությունը լրջորեն չվերանայի իր վերաբերմունքը իր պետության և ժողովրդի պատմությանը: Այն այսօր էլ լրջորեն վտանգված է, քանի որ Թուրքիան կրկնում է իր իսկ պատմության սխալները:



 



Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը Թուրքիայի պարտքն է ցեղասպանության զոհերի, վերապրածների ու նրանց ժառանգների, համայն մարդկության, բայց առաջին հերթին՝ իր իսկ ժողովրդի առջև: Այսօր Թուրքիայի ժողովուրդը, թեև դանդաղ, բայց կասկածի տակ է դնում տասնամյակներ շարունակ թուրքական իշխանությունների մատուցված շինծու վարկածը, իսկ թուրքական հասարակության առավել առաջադեմ ու համարձակ հատվածը բարձրաձայն խոսում է Հայոց ցեղասպանության մասին:



 



Հայաստանի Հանրապետության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը սոսկ արդարության և արդարադատության պահանջ չէ կամ նախնիների առջև ունեցած բարոյական պարտքի կատարում, այն ունի նաև անվտանգության նշանակություն: Կարծում եմ՝ առանց Թուրքիայի անկեղծ ապաշխարանքի և Ցեղասպանության հետևանքների վերացման, տարածաշրջանում Հայաստանի ապահով գոյությունը շարունակելու է մնալ վտանգված:



 



Տիկնա՛յք և պարոնա՛յք,



 



Ես մշտապես շեշտել եմ, որ Հայաստանը մի երկիր է սփյուռքով, և բոլորովին այլ` առանց սփյուռքի: Հայաստանի Հանրապետությունը և համայն հայությունը չունեն և չեն կարող ունենալ առանձին շահեր: Մեր շահերը փոխկապակցված են, անկախ նրանից, թե հայն աշխարհի որ անկյունում է ապրում: Հետևաբար մեր գործողությունները նույնպես պետք է լինեն համաձայնեցված և փոխլրացնող:



 



Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի հզորացման գրավականը մեր հավաքական ուժի մեջ է, որը կոփված է հայի դարավոր պատմական փորձով: Հենց դրա գիտակցումով էր, որ բանակցային ողջ ընթացքում Թուրքիան փորձում էր կեղծ տպավորություն ստեղծել, թե Հայաստանն ու հայաստանցիները մի բան են ուզում, իսկ աշխարհասփյուռ հայությունը՝ այլ բան: Դա է պատճառը, որ Ադրբեջանի նախագահն իր երկրի թշնամի է համարում աշխարհասփյուռ հայությանը:



 



Մեր միասնականությունն ու համախմբվածությունն է նաև, որ հետ է պահում և վախեցնում է մեր հակառակորդներին: Կասկած չկա, որ Սփյուռքի հետ մեր աշխատանքը պետք է դառնա Հայաստանի անվտանգության և պաշտպանության օրակարգի անբաժան մաս: Սփյուռքի հայկական կառույցները, եկեղեցիները, մամուլը մոբիլիզացիոն և պաշտպանական կարևորագույն գործոններ են մեր զինանոցում: Սփյուռքը դա մեկ անգամ չէ ապացուցել, և վստահ եմ, պետք եղած դեպքում չի վարանի ապացուցելու նորից:



 



Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր ուրույն մարտահրավերներն ու փորձությունները: Մարտահրավերների համարժեք և ժամանակին լուծումը էականորեն է ազդում ժողովրդի և պետության կենսունակության, նրանց զարգացման և ապագայի վրա: Մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների դիմակայման և հաղթահարման առաջնային նախապայմաններից պետք է լինեն համահայկական բարոյակերտ արժեհամակարգի պահպանումն ու վերարտադրումը, Հայրենիք-Սփյուռք գործակցության առավել ամրապնդման համար համապատասխան ինստիտուտների բազմազանեցումն ու արդիականացումը, կարևորագույն խնդիրների լուծման համար ջանքերի և ռեսուրսների համադրումը:



 



Այս գործակցությունը մենք դրել ենք փոխադարձության սկզբունքի վրա, և հայտարարել ենք, որ Հայաստանը, որպես համայն հայության հայրենիք և պետություն, գործ ունի անելու Սփյուռքի խնդիրների լուծման ուղղությամբ: Սիրիայում իրավիճակի լարումը դարձավ այս հարցում մեր վճռականության առաջին խոշոր փորձաքարը:



 



Անկայունությունը Մերձավոր Արևելքում լուրջ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության համար: Դա պայմանավորված չէ միմիայն մերձավորարևելյան երկրներում հայկական սփյուռքի առկայությամբ, թեև դա, իհարկե, էական գործոն է: Մերձավոր Արևելքը մշտապես եղել է համաշխարհային քաղաքականության հիմնական կենտրոններից թե՛ ռազմավարական ու քաղաքական, թե՛ քաղաքակրթական, մշակութային-կրոնական առումներով, իսկ Հայաստանի համար բազում առանցքային իրադարձություններ անմիջականորեն կապված են եղել մերձավորարևելյան գործընթացների հետ:



 



Արդեն երկու տարի մերձավորարևելյան մի շարք երկրներում տիրող քաղաքական, տնտեսական և հումանիտար առումներով հաճախ ճգնաժամային իրադրությունը շարունակում է ահագնանալ՝ կրելով առավել վտանգավոր փոխակերպումներ և սպառնալիքներ ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային տիրույթում: Երկու տարիների դինամիկան ցույց տվեց, որ գործընթացը հաճախ ենթակա չէ վերահսկողության ոչ միայն ներպետական, այլև, շատ դեպքերում, միջազգային մակարդակում: Սիրիայի ողբերգական զարգացումները վերոնշյալի ապացույցն են: Տասնյակ հազարավոր անմեղ մարդկային զոհերի, հարյուր հազարավոր գաղթականների առկայության փաստը, և այդ ֆոնին հակամարտության կարգավորման տեսլականի բացակայությունը խորը մտահոգության առիթ են տալիս: Մենք բազմիցս նշել ենք, որ Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը:



 



Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում սիրիահայության առջև ծառացող խնդիրները: Ցավոք սրտի, վերջին շրջանում նկատելիորեն աճել է զոհերի ու վիրավորների թիվը, այրվել է Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցին, վնասվել են բազմաթիվ հայկական հաստատություններ: Ներկայումս Հայաստանում ապաստան են գտել շուրջ 6000 սիրիահայեր, որոնց զգալի մասը ձեռք է բերել նաև Հայաստանի քաղաքացիություն: Նրանց շատ խնդիրներ՝ հիմնականում սոցիալական բնույթի, պահանջում են հրատապ լուծումներ: Մինչ օրս մեր ձեռնարկած քայլերն ուղղված են եղել սիրիահայ մեր եղբայրների և քույրերի կարիքների ապահովմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սիրիայում:



 



Հարգելի՛ գործընկերներ,



 



21-րդ դարի միջազգային համակարգի կարևոր օրինաչափություններից են համաշխարհայնացումն ու տարածաշրջանային ինտեգրացիան: Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ինտեգրացիոն տարբեր ձևաչափերի ակտիվ մասնակից՝ դրանում առաջին հերթին առաջնորդվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական շահերով: Այդ իսկ պատճառով, մենք որդեգրել ենք համագործակցային և հավասարակշռված քաղաքականություն` գործընկերային հարաբերություններ զարգացնելով Հայաստանի հանդեպ բարեկամաբար տրամադրված բոլոր պետությունների հետ:



 



Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության անվտանգության առանցք շարունակելու է մնալ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, որն անկախության 20-ամյա պատմության ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը: Այս համատեքստում մենք չափազանց կարևոր դեր ենք հատկացնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մեր անդամակցությանը: Ունենալով ծանրակշիռ ներդրում այդ կառույցի կայացման գործում և վստահելով մեր ազգային անվտանգության ապահովման որոշակի չափաբաժին այդ համակարգին՝ մենք այն համարում ենք մեր պետության անվտանգության իրական երաշխիք: Նաև այդ առումով եմ կարևորում «Փոխգործակցություն–2012» համատեղ զորավարժության արդյունավետ կազմակերպումն ու անցկացումը որպես մեր դաշնակցային պարտավորությունների կարևոր բաղադրիչ:



 



Միևնույն ժամանակ, մենք սերտ և թափանցիկ համագործակցություն ենք ծավալում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ` ձգտելով կիրառել վերջինիս լավագույն փորձը մեր զինված ուժերի զարգացման գործում: Հայ խաղաղապահները շարունակում են իրենց արժանապատիվ մասնակցությունը բերել ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին Աֆղանստանում և Կոսովոյում:



 



Հարգելի՛ գործընկերներ,



 



Հայաստանն աշխարհում ունի և՛ դաշնակիցներ, և՛ գործընկերներ, և՛ բարեկամներ: Նրանք շատ թանկ են մեզ համար, բայց մենք մեր հույսը առաջին հերթին դնում ենք մեզ վրա: Ոչ մի օտար պարտավոր չէ լինել ավելի հայ, քան մենք ենք: Այստեղից հետևություն՝ խաղաղության պահպանումը տարածաշրջանում առաջին հերթին մե՛ր պարտականությունն է և մե՛ր ձեռքբերումն է: Մենք այդ գործը մինչև հիմա արել ենք պատվով և, համոզված եմ, նույն ոգով էլ շարունակելու ենք:



 



Արցախի ապահովությունը մեզ համար հեղինակության հարց չէ, այլ կյանքի և մահվան հարց՝ ամենաուղղակի իմաստով: Ամբողջ աշխարհը պետք է իմանա և գիտակցի, որ մենք՝ Հայաստանի և Արցախի ուժային կառույցները, կանգնած ենք մարդասպաններին աշխատավարձ վճարող բանակի դեմ, եթե ընդհանրապես նման խմբավորումն իրավունք ունի բանակ կոչվելու:



 



Մենք չենք անում ամբոխահաճ որևէ քայլ էժան միավորներ վաստակելու համար: Մենք պաշտպանում ենք մեր տանը ազատ ու հանգիստ ապրելու մեր իրավունքը: Անվերադարձ անցել են այն ժամանակները, երբ հայ ժողովուրդը ստիպված էր բարբարոսներից պաշտպանվել ինչով կարող էր: Այսօր, որպես կազմակերպված պետություն, մենք պաշտպանվում ենք կարգապահ ու մարտունակ զորքով, ինչպես նաև արդիական սպառազինությամբ:



 



Մեր կեցվածքը մարմնավորում է կյանքի հաղթանակը մահվան հանդեպ, ազատության հաղթանակը բռնության ու վայրենության հանդեպ:



 



Արցախահայությանը բնաջնջել խոստացողները և այդ մասին մինչև հիմա երազողները ուշացել են: Շատ են ուշացել: Նրանք ստիպված են իրենց հիվանդագին երազանքների իրականացումը հետաձգել առնվազն մի հազար տարով:



 



Սա փաստ է, բայց դրանից չի հետևում, թե մենք իրավունք ունենք գոնե մեկ վայրկյանով թուլացնել մեր զգոնությունը: Ճիշտ հակառակը՝ մեր ողջ պետական մեքենան աշխատելու է ավելի արդյունավետ:



 



Յուրաքանչյուր հասարակություն ունի իր ուժեղ և խոցելի կողմերը: Մեր հասարակությունը նույնպես ունի թույլ կողմեր, քանի դեռ չունենք իրավական պետության և ժողովրդավարության այն բարձր մակարդակը, որին ձգտում ենք: Այդ խոցերը, ինչպես հայելու մեջ, արտացոլվում են բոլոր բնագավառներում՝ մի տեղ ավել, մի տեղ պակաս չափով: Մենք պետք է ուժեղացնենք մեր թույլ կողմերը: Արդյունքում՝ և՛ ամբողջը, և՛ ամբողջի մաս կազմող ոլորտները կուժեղանան: Իմ կոչն է բոլոր պաշտոնյաներին՝ առանձնահատուկ լրջացում և կենտրոնացում: Տրամադրվենք ծանր աշխատանքի: Այդ դժվարին և պատասխանատու աշխատանքը փոխհատուցվելու է Հայաստանի առաջընթացով, ինչպես նաև մեր ժողովրդի անվտանգությամբ և կենսամակարդակի բարձրացմամբ: Մեր վարձը դա է լինելու: Ավելի մեծ ու շնորհակալ վաստակ ես չեմ պատկերացնում: