Դժբախտությունները հետեւելու են մեզ…

Դժբախտությունները հետեւելու են մեզ…
Մոտենում են ՀՀ նախագահական ընտրությունները, որտեղ ներկայացված թեկնածուներից  եւ ոչ մեկը բացարձակ վստահություն չունի ժողովրդի մոտ: Մարդիկ հուսալքված են, ապագայի նկատմամբ որեւէ լավատեսություն չունեն, ուստի, թեկնածուներից որեւէ մեկն իր նկատմամբ լիարժեք վստահություն չի ներշնչում:



 



Ինչ վերաբերում է այն կուսակցությանը, որն այսպես կոչված` աչքի լույսի պես փայփայում եւ ուզում է նախագահ դարձնել իրենց կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին, բոլորովին էլ չի խոսում վերջինիս բարոյական նկարագրի մասին: Ի վերջո, այդ կուսակցությունը պայքար է մղում բոլոր այն քաղաքական գործիչների դեմ, ովքեր փոքրամասնություն են այսօր: Այսօրվա ընդդիմության եւ իշխանության միջեւ տեղի ունեցող պայքարն ինձ հիշեցնում է Արթուր Կոնան Դոյլի «Կորուսյալ աշխարհ» վեպում նկարագրված գազանամողեսների եւ խոտակեր մողեսների միջեւ տեղի ունեցող պատերազմը, որի ընթացքում միշտ հաղթում էին խոտակեր մողեսները, որովհետեւ նրանց բանակը մեծ էր եւ հարձակումը` ուժգին: Գազանամողեսները, լինելով խորհրդավոր եւ հետաքրքիր, միշտ պարտվում էին, որովհետեւ փոքրամասնություն էին եւ անհատապես էին կռվում:



 



Ինչ վերաբերում է այսօրվա իրականությանը, ինձ զարմացնում է մի պարզ հանգամանք. Հայաստանն ունեցել է երեք նախագահ, սակայն նրանցից եւ ոչ մեկը չի ծնվել մայր Հայաստանում, չի ստացել հայեցի դաստիարակություն եւ իր էությամբ հավատարիմ չի եղել այս հողին: Նրանցից երկուսը, լինելով ղարաբաղյան թեւի ներկայացուցիչներ, երբեւէ չեն բարձրացրել Հայաստանի եւ Ղարաբաղի միանալու խնդիրը: Նրանք երբեք այդպես չեն ցանկացել, ավելին` պարտադրել են իրենցը: Այսօր որեւէ մեկը չի վիճարկում այն խնդիրը, թե ինչ է նշանակում Ղարաբաղ: Նրա թուրքերեն անվանումը նշանակում է` սեւ այգի, որին, իբրեւ կցորդ բառ, ավելացված է միայն «Լեռնային» հասկացությունը: Մինչ օրս միջազգային հանրության կողմից այն համարվում է ինքնակոչ հանրապետություն, որի ղեկավարներից որեւէ մեկը չփորձեց հայացնել հիշյալ անվանումը:



 



Մի՞թե մայր Հայաստանն անպտղության է դատապարտված, որ չունի նույնիսկ մեկ որդի, ով կարող է ՀՀ նախագահ դառնալ: Պարտադիր պետք է լինեն ոչ Հայաստանում ծնվածներ, մարդիկ, ովքեր մայր Հայաստանի քարտեզն անգամ բավարար  չգիտեն: Այսօր, երբ Ղարաբաղը չի միանում Հայաստանին, ինչո՞ւ ենք մենք մեր որդիների արյունը տալիս, ափսոս այդ արյունը, ափսոս մեր նահատակները, ես ցավում եմ դրա համար եւ այն համարում անհարկի կորուստ, զոհաբերություն: Ինչո՞ւ Ղարաբաղի նախագահը եկավ եւ Հայաստանում կարգվեց նախագահ, ո՞ւմ կողմից բերվեց նա եւ ինչո՞ւ: Ռոբերտ Քոչարյանը հաճախ ասում է՝ իմ հայրենիքը,  նկատի ունենալով Ղարաբաղը. այդ դեպքում ո՞վ է նա Հայաստանում: Հայաստանը մեր բոլորիս հայրենիքն է, իսկ Ղարաբաղը՝ նրա ծննդավայրը: Եթե նա հայրենիք է համարում Ղարաբաղը, ապա ի՞նչ գործ ունի Հայաստանում ինքը:



 



Այսօր մրցապայքար է գնում ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների միջեւ, եւ Սերժ Սարգսյանն ուզում է իր նախորդի նման ու չափ ավար կուտակել, նոր միայն թողնել պաշտոնը: Փոխանակ այդ մասին խորհեն մեր հարուստները, օգտվում են այդ մարդու վերընտրվելու հնարավորությունից եւ չեն գիտակցում, որ, միեւնույն է, պատասխան են տալու մեր ժողովրդի առաջ: Որեւէ բարոյական պետության մեջ նման բան տեղի չէր կարող ունենալ: Ես խորհում եմ, որ հիշյալ մեծահարուստների ստվար մասն անժամանակ եւ անբնական մահով պիտի լքի այս աշխարհը, անկախ այն բանից, թե աշխարհի որ ծայրում ինչպիսի ապարանք կառուցած կլինի իր հետնորդների համար: Մեզ հաճախ են նմանեցնում հրեաներին, չդատելով, որ ցանկացած մեծահարուստ հրեա իր կուտակած հարստությունն ի վերջո տեղափոխում է հայրենիք` Իսրայել, իսկ մեր մեծահարուստները հայրենիքում կուտակածը դուրս են տանում եւ շռայլում օտար երկրներում:



 



Այժմ մենք կանգնած ենք մեկ այլ խնդրի առաջ. վերջերս Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը Ղարաբաղի կողմնակցությունն  է հայտնել Ադրբեջանի կազմում, հետո էլ մամուլը այն համարել է ադրբեջանական լրատվամիջոցի սադրանք: Եթե Թուրքիան մեր պատմական ախոյանն է, Ադրբեջանը` նորօրյա թշնամին, ապա Վրաստանը մեզ համար միշտ անհուսալի հարեւան  է եղել իր երկդիմի քաղաքականությամբ: Այսօր դատարկվում է Ջավախքը, ոտնահարվում է Հայ առաքելական եկեղեցու արժանապատվությունը: Ինչպե՞ս հասկանալ սա: Ինչո՞ւ պատրիարքի այդ հորջորջումին ի պատասխան հանդես չեկավ Ամենայն հայոց կաթողիկոսը, այն դեպքում, որ դա կրավորական վիրավորանք է հենց իր` կաթողիկոսի հասցեին: Այս իրադարձությունն իսկ վկայում է այն մասին, որ մենք չունենք, իբրեւ հայ եկեղեցու զորագլուխ, Ամենայն հայոց հայրապետ: Մեր կաթողիկոսը պետք է ունենա Մաղաքիա Օրմանյանի դիվանագիտական հանճարը, Թորգոմ Գուշակյանի աստվածընկալ հոգին, Եղիշե Դուրյանի հրաշախոս լեզուն, որպեսզի արժանի լինի Լուսավորչի գահակալը դառնալուն: Իսկ օրենքները պիտի գրվեն խղճի մտոք, որպեսզի դրանցից միաժամանակ օգտվեն ժողովուրդը, պետությունը եւ եկեղեցին:



 



Հակառակ դեպքում ճակատագրական դժբախտությունները հետեւելու են մեզ, եթե խելքի չգանք:



 



ՀԳ - Անդրադառնալով առկա նախագահական ընտրություններին՝ գտնում եմ, որ առաջադրված թեկնածուներից թերեւս նվազագույնի պարտադրանքը Հրանտ Բագրատյանն է, իսկ առավելագույնի պահանջներ չունենք: Բագրատյանն ունի տնտեսագիտական միտք, մայր Հայաստանի զավակ է, ստացել է հայեցի դաստիարակություն, ինտելեկտով գերազանցում է բոլոր մնացյալ թեկնածուներին եւ արժանի է ՀՀ նախագահ լինելուն: Նա աշխարհում ճանաչված պետական գործիչ է եւ հարգված է տարբեր բուհական համակարգերի կողմից: Մյուս թեկնածուների մասին որեւէ բացասական բան չեմ ասի:



 



ՄԵՐՈՒԺԱՆ