Վավերագրական ֆիլմ՝ Անի մայրաքաղաքի հուշարձանների մասին (տեսանյութ)

Վավերագրական ֆիլմ՝ Անի մայրաքաղաքի հուշարձանների մասին (տեսանյութ)
Նախօրեին տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Անի» վավերագրական ֆիլմի պրեմիերան:



 



Հիմնադրամից տեղեկացնում են, որ 1918-20թթ. Բագրատունյաց մայրաքաղաք Անին Կարսի մարզի հետ ներառվում է Հայաստանի Հանրապետության կազմի մեջ, սակայն 1920թ. հոկտեմբերին Անին եւ Կարսի մարզն ամբողջությամբ կրկին զավթում են թուրքերը: Մեկ տարի անց առանց հայկական կողմի համաձայնության բոլշեւիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի միջեւ կնքված Կարսի պայմանագրով մարզը բռնակցվում է Թուրքիային:



 



Դրանով ընդհատվում են Անիում շուրջ քառորդ դար իրականացված հնագիտական ուսումնասիրությունները: Քայքայվում, անհետանում են պեղումների շնորհիվ բացված, բայց անտերության մատնված մեծաթիվ նյութեր՝ վիմագիր արձանագրություններ, ճարտարապետական եւ զարդաքանդակ բեկորներ, զանազան կառույցների առանձին հատվածներ եւ հնագիտական իրեր:



 



Տեւական ընդմիջումից հետո՝ սկսած 1990-ական թվականների վերջերից, Անիում առանց հայ մասնագետների մասնակցության հնագիտական պեղումներ, ինչպես նաեւ հուշարձանների մասնակի կամ ամբողջական ամրակայման եւ վերականգնման աշխատանքներ են իրականացնում թուրք մասնագետները: Սակայն ակներեւ է, որ այդ աշխատանքները մեծ մասամբ իրականացվել են եւ այժմ էլ շարունակվում են հուշարձանների վերականգնման գիտական նորմերի անտեսմամբ եւ, առավել ցավալի է, հաճախ նաեւ յուրացման ակնհայտ միտումներով:



 



«Անի» ֆիլմը պատմում է ագրատունյաց մայրաքաղաքի պատմական հուշարձանների մասին: