Եթե մարդու մեջ կա մխտռելը, ուրեմն ամենալավ բանն էլ կմխտռի

Եթե մարդու մեջ կա մխտռելը, ուրեմն ամենալավ բանն էլ կմխտռի
Մինչ գործող նախագահը մարզերում քարոզարշավ է իրականացնում, նրա «վասալները» նախընտրական գրասենյակներում տեխնիկական հարցեր են կարգավորում՝ ջահելներին աջ ու ձախ վազեցնելով: Այսպիսի իրավիճակ էր ՀՀԿ Կենտրոնի տարածքային գրասենյակում, որի ղեկավարն է ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանը:



Նշենք, որ վերջինիս եղբայրն էլ Կենտրոն համայնքի ղեկավարն է: Եվ ինչ են անում ՀՀԿ տարածքային գրասենյակներում:  Պարզվում է՝ նրանց աշխատանքներից մեկն էլ շենքերով շրջելն ու ընտրողների անձնագրային տվյալները հավաքագրելն է:  Ընդ որում, չեն էլ թաքցնում, որ «բանահավաքները» ՀՀԿ-ից են: Տվյալներն էլ պահանջելիս հիշեցնում են, որ կարող են ընտրել ցանկացած այլ թեկնածուի, անձնագրի տվյալներն իրենց մոտ գրանցելը դեռ ոչինչ չի նշանակում: Թե ինչու են դռներն ընկած մարդկանց ցուցակագրում եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Կենտրոնի տարածքային գրասենյակի  պատասխանատու, ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանի հետ:



- Պարոն Սադոյան, վերջին օրերին ինչ-որ մարդիկ «դավթարներով» այցելում են բնակիչներին եւ, ներկայանալով Հանրապետական կուսակցության անունից, պահանջում են անձնագրային տվյալներ:  Ինչո՞ւ  եք հավաքագրում մարդկանց անձնական տվյալները:



 



- Դա, առաջինը, կարա լինի պրովոկացիա, որ իրանք ներկայանում են որպես ՀՀԿ ներկայացուցիչներ,  եւ երկրորդը. կարա լինի տվյալ անձնավորության ոչ լիարժեք իմացությունը, ընտրողի հետ կապված՝ ինֆորմացված չլինելը:



 



- Ուզում եք ասել ՝ ՀՀԿ-ականնե՞ր չեն,  դրա հետ կապ չունե՞ք:



 



- Ոչ, մենք նման բան չենք անում, ես անպայման կտեղեկացնեմ մեր կուսակցության գլխավոր գրասենյակ, որպեսզի իրանք ձեռնամուխ լինեն ու հետամուտ լինեն, թե ովքեր են ՀՀԿ-ի անունից անձնագրի տվյալներ հավաքում:



 



- Նախորդ ընտրություններին քաղաքային իշխանություններն աչքի էին ընկնում նախընտրական բարեկարգումներով, շքամուտքերն ու բակերն էին  վերանորոգում՝ քվեներ կորզելու համար: Այս տարի նման աշխատանքներ չեն կատարվում: Ի՞նչն է պատճառը:



 



- Քաղաքային իշխանություններն իրենց աշխատանքները մշտապես կատարում են, անկախ նրանից՝ կա՞, թե՞ չկա ընտրություն: Իսկ հանրապետության նախագահին, իմ կարծիքով, բակերում կատարված աշխատանքի համար չպետք է որ ընտրեն:



 



- Բայց նախկինում ՀՀԿ-ն  նաեւ այդ աշխատանքներով է քվեներ կորզել:



 



- Միգուցե էդ բոլոր գործողություններն այս եղանակային պայմաններում չեն արվում, որովհետեւ ձմռանը կատարել շքամուտքի վերանորոգում կամ շենքի ներկում, ուղղակի դրանից հետո մենք կկորցնենք էդ կատարած աշխատանքը, եւ հենց էդ պատճառով էլ եթե հիմա չենք անում, քանի որ դա կախված ա եղանակային պայմաններից:



 



- Այսինքն՝ այդ ձեւով քարոզարշավը կանեք ավագանու ընտրություններից առաջ, երբ եղանակային խոչընդոտներ չե՞ն լինի:



 



- Դա կմեկնարկի, երբ որ եղանակային պայմանները թույլ տան: Ձեր հարցը ճիշտ չէ, որ ինձ եք ուղղում, երեւի Դուք ուղղեք քաղաքային իշխանություններին, եւ ավելի հիմնավոր կպատասխանեն: Մենք երբեք քաղաքային իշխանության աշխատանքը չենք օգտագործել  կուսակցության համար ձայն հավաքելու համար:



 



- Պարոն Սադոյան, ընտրական գործընթացներում ընդգրկում եք նաեւ ուսուցիչների, դպրոցի տնօրենների, դասախոսների: Ճի՞շտ եք համարում ուսուցիչներին ու կրթական հաստատությունների ներկայացուցիչներին այդ գործում ներգրավելը:



 



- Ես նորմալ եմ համարում, երբ որ ՀՀԿ-ական անդամները, երբ որ իրենց թեկնածուն առաջադրում է նախագահ կամ պատգամավոր, նրանք աշխատում են իրենց կուսակցության համար, ես դա նորմալ եմ համարում, անկախ իրենց կուսակցությունից: Իսկ մենք կոնկրետ չենք օգտագործում: Ձեր ասած ուժը, որոնք որ հանդիսանում են տարբեր պետական չինովնիկներ ու աշխատում տարբեր հիմնարկներում, եթե նկատել եք՝ այն չինովնիկները, ովքեր հանրապետական են, ընտրության ժամանակ գնում են արձակուրդ:



 



 - Խոսքն ուսուցիչների, տնօրենների մասին է, նրանք  արձակուրդո՞ւմ են:



 



- Ես ողջունում եմ իրենց ակտիվությունը եւ գտնում եմ, որ ՀՀ նախագահի ընտրության ժամանակ միայն տնօրենները չէ, բոլոր քաղաքացիները պետք է ակտիվ լինեն:



 



- Սերժ Սարգսյանի կարգախոսի վրա պատկերված է  տերեւ: Ըստ Ձեզ, դա ի՞նչ է խորհրդանշում:



 



- Ամեն մարդ իրա մեկնաբանությունն ունի՝ կապված տերեւի հետ, տերեւը, իմ կարծիքով, կամ գույնը ինձ համար նշանակում է կանաչ ճանապարհ դեպի մեր ապագան, եւ դա նախագահական տեխնոլոգիաներից մեկն ա, ես դրա մեջ խորացած չեմ, ճիշտն ասած:



 



- Մարդիկ այն ասոցացրին կանեփի տերեւի հետ, սոցիալական ցանցերում ծաղրանկարներ կան:



 



- Սոցիալական ցանցերից ես չեմ օգտվում: Բայց եթե ինչ-որ մեկն ուզում ա մխտռի ինչ-որ բան, ուզում ա լինի կանաչ, կարմիր, դեղին, եթե մարդու մեջ կա մխտռելը, ուրեմն թեկուզ ամենալավ բանը կմխտռի: Եթե նմանատիպ վերաբերմունք ա լինում, դա ես համարում եմ անբարոյականություն:



 



- Չե՞ք համարում, որ դրանում արտացոլված է ժողովրդի վերաբերմունքն իշխող կուսակցության հանդեպ:



 



- Եթե մի քանի անհատներ են սկսում ծաղրել, ես չեմ համարում, որ ժողովուրդն ա:



 



- Չե՞ք կարծում, որ հենց ՀՀԿ-ի համակիրներն են  իրենց կիքսերով վարկաբեկում  Սերժ Սարգսյանի քարոզարշավը: Օրինակ, Դավթաշենում «Չեբուրաշկայի» ելույթը եւ այլն … 



 



- Ես զբաղված եմ, տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում: Հետո կիքսերը… միգուցե կարող են լինել, բայց մենք ոչ մի հանդիպում նախօրոք չենք պատրաստում եւ մի անգամ չէ, որ հանդիպում ենք ունեցել, հանդիպումներն անցել են նորմալ: Մարդկանց հարցեր տալն ու արտահայտվելը մենք չենք սահմանափակել, իր կարծիքն է արտահայտել, եթե տվյալ դեպքում կիքս կլինի էդ կարծիքի մեջ,… ճիշտ չէ, որ ուրիշ տեղ եղած կիքսերը ես մեկնաբանեմ: