Րաֆֆին զբաղեցրեց Ծառուկյանի տեղը

Րաֆֆին զբաղեցրեց Ծառուկյանի տեղը
Երբ մեկին չեն հավատում՝ վկաներ է բերում. տեսե՜ք, որ իմ խոսքը հաստատում են այսինչն ու այնինչը: Րաֆֆի Հովհաննիսյանի շռնդալից ներխուժումը նախագահական մարտադաշտ առանձնակի ոգեւորություն չառաջացրեց. մեկից պրծանք (այդ մեկը նույն շռինդով քաղաքական դաշտ մտած Ծառուկյանն էր), մյուսի ձեռքն ընկանք,- գոնե այն մարդիկ, որոնց հետ առնչություն ունեմ, այսպես են մտածում:



 



Ձեռքսեղմումներն ու մյուս տեխնոլոգիաները հզոր զենք էին, բայց կարծես սպասվելիք արդյունքը չեն տալիս… Նոր բան է պետք, նոր վկաներ, ովքեր կհաստատեն, որ պայքարն անդրդվելի է, մրցակցությունը՝ աննահանջելի: Վկաները պատկառելի քաղաքական գործիչներ են, որոնց միջոցով կարելի է խաղալ «սուրբ երրորդություն»: Եվ ահա այդ «սուրբ երրորդությունը» նախագահի երրորդ, երկրորդ տեղի համար պայքարող թեկնածուներով միացել եւ «ուլտիմատում» են ներկայացնում նախագահին… Ժողովուրդը ճաշակել է միասնական շտաբի, միասնական թեկնածուի «քաղցրությունը» եւ կարծես ոգեւորության «շարժ» չի ցուցաբերում: Ժողովրդական մի քարոզիչ ասում է. «Հիմա էլ որոշել են միասնաբա՞ր մեր հերն անիծեն, տուններս հիմքից քանդվում է, կտո՞ւրն են վերանորոգում…»: Երկրորդ տեղի համար պայքարող հավանական այս թեկնածուներն այնքան են ոգեւորվել նախագահի երկրորդ տեղով, որ մոռացել են՝ նախագահի երկրորդ տեղ չի լինում:



 



Նախագահի տեղը մեկն է: Նախագահի երեք թեկնածուների համախմբումը նախագահական արդար ընտրությունների շուրջ կարելի է դրական համարել, եթե հանրությունը հավատար: Պարույր Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանը չպետք է դառնան Րաֆֆիի վկաները…  Հաղթանակի 100, նույնիսկ 50 տոկոսանոց հնարավորությունը սին է թվում, երբ հավատ չկա: Ընտրական պատկերը զուլալ ջրի նման կպարզվեր, եթե Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը նախագահական խաղից դուրս գային: Հայրիկյանն այդկերպ կշարունակեր մնալ իր գաղափարների կրողը… Րաֆֆին խաղում է Ծառուկյանի կիսատ թողած դերը:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ