Րաֆֆի, մի տեսակ տխուր ես

Րաֆֆի, մի տեսակ տխուր ես
Իշխանությունը՝ ՀՀԿ-ով, պետական ապարատով ու իր հաղթած թեկնածուով, չհամարձակվեց երեկ Ազատության հրապարակում անցկացնել նախապես  ծրագրավորած միջոցառումը: Թեեւ այն դեռեւս օրեր առաջ հայտարարվել էր, եւ իրազեկումն էլ քաղաքապետարանն ընդունել էր, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի կոչից հետո, որ իրենք Ազատության հրապարակում կդիմավորեն Սերժ Սարգսյանին, ձախողել էր իշխանության հաղթական խրախճանքը: 



 



Իրենց հրաժարումը իշխանության վիրտուալ խոսնակ Արմեն Աշոտյանը պատճառաբանեց  նույն հրապարակում երկու ուժերի կողմնակիցների միջեւ առճակատման հավանականությամբ: Րաֆֆին որոշեց չսպասել Սերժի գալուստին եւ անձամբ գնաց նախագահական՝ դե յուրե հաղթած թեկնածուի հետ բանակցելու եւ իշխանությունը վերցնելու: Հանդիպումը բավականին ջերմ մթնոլորտում տեւեց՝ մոտ մեկուկես ժամ, իսկ այդ ընթացքում դրսում հավաքված բազմությունը լուրջ ակնկալիքներով պատմական որոշմանն էր սպասում: Շատ ժամանակ չանցած՝ համացանցում հայտնվեց հանդիպումից կարճ հատված, որտեղ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորելիս հարցնում է. «Մի տեսակ տխուր ես,  Րաֆֆի», վերջինս էլ, թե՝ «ոչ ոչ, իրավատեր, իրավազոր»: Ապա Սերժ Սարգսյանին հարցնում է՝ ինչպե՞ս է տիկին Սարգսյանը, նա էլ Րաֆֆուն ծաղրում է, թե մի քիչ տխուր է, որ կարող է չլինել առաջին տիկին: Սա դարձավ ծաղրուծանակի թեմա՝ ստվերելով բուն զրույցը, ինչի մասին ժողովուրդը կտեղեկանա այսօր՝ խորհրդանշական ժամը 17-ին:



 



Այս մասին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց նախագահականից  դուրս գալով՝ խոր հիասթափություն պատճառելով իրեն մեկուկես ժամ սպասած համախոհներին: «…Դուք հզոր ուժ եք տալիս, որովհետեւ սա մի հոգու նախագահություն չէ, սա Րաֆֆիի եւ Սերժի պայքար չէ, այլ Հայաստանի Հանրապետության եւ մեր քաղաքացիների ապագան է։ Ես ձեզ կզեկուցեմ այսօրվա մեր հանդիպման մասին, հարցերին կպատասխանեմ վաղը, Ազատության հրապարակում թույլատրված օրինավոր մեր հանրահավաքի, մեր հաղթահավաքի ընթացքում… Վաղը, Ազատության հրապարակում հայ ժողովուրդը տոնելու է մեր հաղթանակը»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը։ Ապա հորդորեց համակիրներին ցրվել, քանի որ ինքն այժմ դիվանագիտական հանդիպումներ ունի։ Մինչդեռ ընդվզող քաղաքացիները լուրջ ակնկալիքներ ունեին, թե շենքից դուրս է գալու ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, այլ Սերժ Ազատիչը, եւ հայտարարելու է, որ իշխանությունը հանձնեց հաղթած թեկնածուին:



 



Բայց դուրս եկավ Րաֆֆին ու ասաց, որ տուն գնան: Երեկոյան ժամը 6-ին հանրահավաքը կայացավ՝  նույն պայքարի հարթակից կարճ հանդես եկավ Րաֆֆին, խոսելով եւ հուսադրելով, թե իշխանությունը մերն է, քիչ մնաց՝ դիմացեք: Սա այն դեպքում, երբ շատերը մարզերից իրենց սուղ միջոցներով Երեւան էին եկել՝ անօրեն իշխանության դեմ ընդդիմադիր թեկնածուի գլխավորած պայքարին միանալու եւ զորակցելու համար: Մարդիկ պատրաստ էին նստացույց անել, դիմել ծայրահեղ քայլերի հանուն օրինականության վերականգնման, սակայն երեկ այդ օրը չէր: Հրապարակում հավաքված ժողովրդի շրջանում հիասթափություն էր նկատվում: Բոլորը հասկանում էին, որ ժամանակը ժողովրդի օգտին չի աշխատում, այլ իշխանության: Եվ աչքի առաջ ունեին Լեւոն Տեր-Պետրոսյանի հյուծող ու ոչինչ չտվող հանրահավաքները, կորսված շանսի ու վատնված ռեսուրսի պատմությունը: Սակայն, քանի որ պայքարի հետագա ընթացքն ու տրամադրվածությունը կախված է Րաֆֆի Հովհաննիսյանից, նրա եւ նրա թիմի մարտավարությունից, մարդիկ ի վերջո ցրվեցին՝ սպասելով ու հուսալով, որ այսօր իմանալու են ոչ միայն Րաֆֆի-Սերժ ճակատագրական հանդիպման մանրամասները, այլեւ մի քայլ մոտենալու են հաղթանակին: