Նայած թե Րաֆֆին ինչպես կառաջնորդի ժողովրդին

Նայած թե Րաֆֆին ինչպես կառաջնորդի ժողովրդին
Հարցազրույց  դերասան  Երվանդ  Մանարյանի հետ



 



 



-Պարոն Մանարյան, երեկ Դուք նույնպես ներկա էիք Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, ինչպե՞ս կմեկնաբանեք այս երկու օրերի իրադարձությունները:



 



- Պատմական ընթացք է, դժվար է հիմա մի բան ասել, րոպեառրոպե մի բան է փոխվում:



 



- Որպես առաջնորդի, հույսեր կապո՞ւմ եք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որ ինչ-որ բան կփոխվի: 



 



- Ինչ-որ մի փոփոխություն չի կարող չլինել, կլինի այդ փոփոխությունը, բայց թե ինչպես կլինի, ինչքանով, ոմանց համար նպաստավոր կհամարվի, ոմանց համար՝ ոչ, դժվար է ասել, ամեն դեպքում, պատմական ընթացք է: Մեր ամենամեծ թերությունն այն է, որ մենք սովորաբար շատ բան ենք ակնկալում ու եթե մի քիչ պակաս ենք ստանում, արդեն շատ տխրում ենք: Հիմա Րաֆֆին գնաց, Սերժի հետ հանդիպեց, թե զրույցի արդյունքն ինչ է, դա է կարեւորը, սպասենք-տեսնենք, թե ինչով է այդ զրույցը վերջանում: Ես տեսա, որ էլի մեծ բազմություն էր հավաքվել նախագահականի դիմաց, վանկարկում էին մարդիկ, ինչպես սովորաբար լինում է մեր ժողովրդի դեպքում, բայց թե արդյունքն ինչ կլինի, դեռ ոչ մեկին պարզ չի:



 



- Պարոն Մանարյան, Րաֆֆի Հովհաննիսյանի միտինգը առաջին օրը շատերն էին համեմատում ՀԱԿ-ի միտինգների հետ, եւ կարծիք կար, որ բոլորովին տարբեր զանգված էր հավաքվել, Դուք այդ առումով ի՞նչ եք նկատել:



 



- Անկեղծ ասած՝ ինձ հետաքրքրում է, թե մեր հասարակական կյանքում, մեր մարդկային սովորական հարաբերություններում ինչ փոփոխություն տեղի կունենա, թեկուզ փոքր, ինձ դա է հետաքրքրում, ես ակնկալիք չունեմ, որ միանգամից արմատական փոփոխություն տեղի կունենա, որովհետեւ դա հղի է շատ ծանր բաներով: Ոչ ոք իր ձեռքի ունեցածը չի պատրաստվում տալ, էնպես որ.... ավելի լավ է դեռ չխոսենք այդ մասին:



 



- Ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի տեսնո՞ւմ եք այն առաջնորդին, որի հետեւից ժողովուրդը մինչեւ վերջ կգնա:



 



- Նայած թե նա ինչպես կառաջնորդի ժողովրդին, ինչ կխոստանա, ուր կտանի: Նայած թե ով ինչ է ակնկալում: Բայց ամենադրականն այն է, որ ինչ-որ բան եղավ, ինչ-որ բան շարժվեց, ինչ-որ շարժում կա, դա պետք էր:



 



- Իսկ վճռական գործողություններ ինքներդ ակնկալո՞ւմ եք:



 



- Վճռական գործողությունները մենք մի քիչ ուրիշ տեսակ ենք հասկանում, ես սոսկալի զգուշանում եմ, որ հանկարծ Մարտի 1-ի կրկնություն չլինի մեզանում, սա ամենածանր բանն է, իսկ դա բացառել հնարավոր չէ, մեկ էլ տեսար... նայած կողմերն ինչպես են տրամադրված, համենայնդեպս, նախագահականի դիմաց միլիցիոներների մի հսկայական բանակ էր, գուցե ավելին, քան հավաքված ժողովուրդն էր: Ճիշտ կլինի համբերել եւ սպասել, տեսնենք Րաֆֆիի հանդիպումը Սարգսյանի հետ ինչպես կավարտվի, ինչ են տալիս, ինչ են առնում, ամեն դեպքում՝ չտրամադրվենք շատ մեծ ձեռքբերումների, որովհետեւ պատմության դժվար ժամանակ է: