Հայտարարություն ակտիվիստների անունից. Մենք հավատում ենք եւ ընդունում ենք միայն քեզ ՀՀ քաղաքացի

Հայտարարություն ակտիվիստների անունից. Մենք հավատում ենք եւ ընդունում ենք միայն քեզ ՀՀ քաղաքացի
Բարեւ ձեզ: Հիմա ես խոսում եմ մի խումբ ՀՀ քաղաքացիական ակտիվիստների անունից: Մեզ համար այս պահին ակնհայտ են մի քանի փաստեր. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց ընտրական իրավունքի միջոցով հստակ ՈՉ են ասել գործող հանցավոր համակարգին, ՀՀ ընտրող քաղաքացիների մածամասնությունը իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նրա վրա դնելով իրենց ձայներին տեր կանգնելու պատասխանատվությունը:



 



Բազմաթիվ ընտրական տեղամասերում լինելով դիտորդներ մենք ականատես ենք եղել, թե ինչպես են կեղծվել ընտրությունները: Հետեւաբար մեր խորին համոզմամբ այս ընտրության պաշտոնական արդյունքները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը: Թեպետ մենք որպես քաղաքացիական ակտիվիստների խումբ չենք եղել որեւէ քաղաքական թիմի մաս, խմբով չենք սատարել որեւէ թեկնածուի եւ մեզանից բնավ ոչ բոլորն են իրենց ձայնը տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, այսօր մեր խումբը պաշտպանում է այն բոլոր քաղաքացիների քվեն, ովքեր իրենց ձայնը տվել են նրան՝ կազմելով մեծամասնություն:



 



Մենք որպես ՀՀ քաղաքացիներ վերցնում ենք ընտրության իրավունքը պաշպանելու պատասխանատվությունը մեզ վրա, ինչպես պաշտպանում ենք զինվորի կյանքի իրավունքը բանակում եւ պայքարում ենք արդարադատության կայացման համար, ինչպես պաշտպանում էինք հանրային տարածքը եւ հանրային շահը Մաշտոցի պուրակում, ինչպես Թեղուտում պայքարում ենք հանուն սոցիալական արդարության, հանուն հանրային ունեցվածքի եւ առողջ ու բարեկեցիկ միջավայրում ապրելու մարդու իրավունքի: Այս բոլոր պայքարների ընթացքում մենք առաջնորդվել ենք բացառապես ՀՀ սահամանադրությամբ ամրագրված մեր իրավունքներով: Այս պայքարում էլ շարունակելու ենք կրել մեր որդեգրած արժեքներն ու սկզբունքները՝ իրավունքի գերակայություն, հանրային բաց եւ թափանցիկ քննարկումներ, բոլոր ցանկացողների ներգրավումը որոշումներին՝ չընդունելով որեւէ փակ որոշում, պայմանավորվածություն կամ գործարք:



 



Մեր առաջին գործն արդեն արված է. մենք մերժել ենք ԵԱՀԿ-ի ընտրությունների վերաբերյալ իրականությունը չարտացոլող հաշվետությունները՝ ընտրության հաջորդ օրն այդ մասին հայտարարելով հենց իրենց ասուլիսի ժամանակ: Չնայած ՀՀ քաղաքացիները վկա են եղել եւ արձանագրել են բազմաթիվ խայտառակ ընտրակեղծիքներ եւ ընտրախախտումներ, միջազգային դիտորդները շարունակում են լեգիտիմացնել կեղծված ընտրությունները՝ դրանով ոտնահատրելով իրենց իսկ որդեգրած ժողովրդավարական արժեքները եւ կիրառելով երկակի ստանդարտներ: Նման արժեքները տեղ չունեն մեր պետությունում:



 



Մենք գտնում ենք, որ պետք է չեղյալ համարել կեղծ ընտրությունների արդյունքները եւ անցկացնել նոր ընտրություններ: Մենք կկենտրոնացնենք մեր ամբողջ ռեսուրսը արդար ընտրությունների կայացման համար: ՀՀ հանրապետությունը պետք է ունենա օրինական ընտրված նախագահ: Անկախ քաղաքական դիրքորոշումից, կատարած ընտրությունից, կուսակցական պատկանելությունից, անձնական հակակրանքներից կոչ ենք անում բոլոր քաղաքացիական նախաձեռնություններին, կուսակցություններին, նախագահի թեկնածուներին, անհատներին, մի խոսքով ՀՀ բոլոր քաղաքացիներին միավորվել հանուն արդար ընտրությունների: Միաժամանակ հորդորում ենք բոլոր քաղաքացիներին, հատկապես երիտասարդներին եւ ուսանողությանը հանդես գալ ուղղակի քաղաքացաիական անհնազանդության խաղաղ գործողություններով՝ իրականացնելով գործադուլներ եւ դասադուլներ՝ պահանջելով չեղյալ համարել ընտրությաան արդյունքները: Մենք չենք ճանաչում եւ չենք ընդունում որեւէ հերոս կամ փրկիչ: Մենք հավատում ենք եւ ընդունում ենք միայն քեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովեհտեւ դու ես իշխանության կրողը եւ դու պիտի տեր լինես քո ձայնի իրավունքին: