Րաֆֆին ապավինելու է հավաքական պատասխանատվությանը

Րաֆֆին ապավինելու է հավաքական պատասխանատվությանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ իր նիստում հաստատեց փետրվարի 18-ին կայացած ընտրությունների վերջնական արդյունքները, իսկ մեկ ժամ անց ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ չի ընդունում ԿԸՀ-ի արդյունքները, եւ առաջիկա 5 օրում անպայման կդիմեն Սահմանադրական դատարան՝ այդ արդյունքները չեղյալ համարելու պահանջով:



 



Ամփոփելով վերջնական արդյունքները, ԿԸՀ-ն արձանագրեց, որ վերահաշվարկի ընթացքում ձայների չնչին տարբերություն է եղել, եւ արդյունքում Հրանտ Բագրատյանը ստացել է 31 հազար 643 ձայն, Հայրիկյանը՝ 18 հազար 96, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 539 հազար 693, Անդրիաս Ղուկասյանը՝ 8 հազար 329, Արման Մելիքյանը՝ 3 հազար 520, Սերժ Սարգսյանը՝ 861 հազար 373  եւ Վարդան Սեդրակյանը՝ 6 հազար 210 ձայն: Նշենք, որ ԿԸՀ նիստն ուղեկցվեց շենքի  բակում իրականացվող բողոքի ակցիայով: Ակցիայի ժամանակ հնչող կոչերն ու աղմուկը երբեմն խլացնում էին հանձնաժողովի նիստը, ինչին, սակայն, Մուկուչյանը որեւէ գնահատական չտվեց: «Իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում»,-ասաց ԿԸՀ նախագահը: Արդյունքների ամփոփումից հետո նա հանդես եկավ ասուլիսով՝ հրապարակային ներկայացնելով այն բոլոր խնդիրները, դիմում-բողոքները, որոնք այդ օրերին ներկայացվել էին ԿԸՀ: Մուկուչյանն անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի մի շարք բացթողումներին: Մասնավորապես վերահաշվարկի ու քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումների անկանոնությանը: Որոշ դեպքերում ժամկետներն էին բաց թողնվել, որոշ դեպքերում նման իրավասություն չունեցող անձ էր ստորագրել դիմումների տակ: Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներին, ապա դրանց կից որեւէ  գրավոր ապացույց, որեւէ փաստարկ չի ներկայացվել, ինչը կարող էր հիմք հանդիսանալ արդյունքներն անվավեր ճանաչելու համար: 



 



ՐԱՖՖԻՆ՝ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԻՐ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ



 



ԿԸՀ-ի հաշվետվությունից մեկ ժամ անց Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիս հրավիրեց: Նա նախ անդրադարձավ իր եւ Սերժ Սարգսյանի օրերս կայացած առանձնազրույցի ձայնագրությանը: Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ եթե Հովհաննիսյանը շարունակի այդ ոճով, ապա իրենք ստիպված կլինեն հրապարակել Սերժ Սարգսյանի եւ Հովհաննիսյանի առանձնազրույցի ձայնագրությունը: «Ամոթ նրանց, որ փորձում են ինձ սպառնալ ինչ-որ ձայնագրությամբ: Թող հենց հիմա հրապարակեն ձայնագրությունն ամբողջությամբ: Նժդեհական են, ազգայնական են, նախագահականի ներկայացուցիչն են իրենց համարում, ապա թող հենց հիմա հրապարակեն ամբողջությամբ»,-ձեռքը սեղանին խփելով՝ հայտարարեց Հովհաննիսյանը՝ նշելով, որ ինքը վախենալու ոչինչ չունի: «Ես ասացի իրեն, որ ինքը չի հաղթել եւ շամպայնը ժամանակից շուտ է խմել… Ոչ իր կողմից, ոչ իմ կողմից չկար պաշտոն ստանձնելու, կոալիցիոն կառավարություն ստեղծելու առաջարկ»: Նա միայն ավելացրեց, որ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկ է եղել, որպես հանրապետության թիվ երկու քաղաքական գործիչ, շարունակել 2017-18 թվականներին որպես ընդդիմության ղեկավար տանել իր պայքարը, ինչը, սակայն, Հովհաննիսյանը մերժել է: «Ինձ պետք չէ դա, 17-18-ին երիտասարդ սերունդն արդեն տիրանալու է իր սահմանադրական իրավունքին»,- նկատեց Հովհաննիսյանը:



 



Նա եւս մեկ անգամ վերահաստատեց, որ իրենց նպատակներին հասնելու են առանց մեկ կաթիլ արյան՝ միայն սահմանադրական ճանապարհով: «Մենք պետք է ունենանք սահմանադրական լուծում: Պետք է նախագահական նոր ընտրություն նշանակվի, եւ ժողովրդին հնարավորություն տալ ազատ, առանց ճնշումների եւս մեկ անգամ որոշել, թե ով է հաղթել: Եթե դա չի լինելու, մնացած հարցերի պատասխանները ես միանձնյա չեմ տալու: Ես հավատում եմ հավաքական պատասխանատվությանը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Այսօր «Ժառանգության» առաջնորդը կրկին շարունակելու է իր մարզային «բարեւ-շնորհակալության» պրոմոտուրերը, որից հետո դարձյալ հանրահավաք կանի Ազատության հրապարակում՝ արդեն արտոնված: