Դիտորդները կոպիտ խախտումներ են արձանագրել

Դիտորդները կոպիտ խախտումներ են արձանագրել
Հայաստանի հելսինկյան կոմիտեն հրապարակել է 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույց, որտեղ նշվում է. «Ընտրություններն անցել են կոպիտ խախտումներով, արձանագրվել են ընտրողների ուղղորդման, ընտրակաշառքի, այլ անձի փոխարեն քվեարկության դեպքեր, տեղամասերում եղել են կողմնակի անձինք, լցոնման փորձ, ճնշումներ դիտորդների նկատմամբ եւ այլ խախտումներ»:



«Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը տեղեկացրեց, որ իրենք դիտորդական առաքելություն են իրականացրել միայն Երեւանի քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 36 ընտրատեղամասում. «Մեր զեկույցը վերաբերում է միայն Աջափնյակին»: Զեկույցում փաստացի արձանագրված խախտումների թվում նշված է, որ 6/16 ընտրատեղամասի ընտրողներից Մանուկյան Արմենը նկատել է, որ արտերկրում գտնվող եղբոր` Մանուկյան Արսենի անվան դիմաց ստորագրված է, նույն տեղամասում Նավասարդյան Կարապետի փոխարեն քվեարկել է Մարտիրոսյան Նարեկը: Ընտրողներից Նազարյան Աղավնին բողոքել է, որ իր ընտանիքի 4 անդամների անունների դիմաց ստորագրված է, սակայն նրանք արտերկրում են: Մյուս՝ թիվ 6/12 ընտրատեղամասում ժամը 12-ի սահմաններում դիտորդը լսել է, թե ինչպես է Սերժ Սարգսյանի վստահված անձը 2 կնոջ ասում, որ կտա 40 հազար դրամ, որպեսզի նրանք ապահովեն իրենց շենքի բնակչության հոսքը։ Իսկ 6/27 ընտրատեղամասում կողմնակի անձ մտել է տեղամաս, մոտեցել ընտրողներից մեկին ու առաջարկել 15-20 հազ. դրամ գումար՝ կարուսելի մեթոդը կիրառելու համար: Հանձնաժողովի նախագահը նրան դուրս է հրավիրել եւ մեկնաբանել, որ այդ անձը մտավոր խնդիրներ ունի:



 



Նույն զեկույցում նշվում է, որ 6/16 ընտրատեղամասում ձայների վերահաշվարկ է կատարվել, որի ընթացքում պարզվել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկներից 200-ը պակասել է: Մի պահ տեղամասի հոսանքն անջատվել է, որից հետո կորած քվեաթերթիկները նորից հայտնվել են, սակայն դրանցից մոտ 25-ը պակաս է եղել: 6/14 ընտրատեղամասում, տեղամասին կից սենյակում երկու հոգի նստած են եղել համակարգչի առաջ. նրանցից մեկը ցուցակից թելադրել է հեռախոսահամարները, մյուսը զանգել եւ ուղղորդել է, որ  ոմն Գագիկ Խաչատրյանից գնան ստանան 5 հազարական դրամները եւ ընտրեն Սերժ Սարգսյանին: 6/35 ընտրատեղամասում, ժամը 12:45-ի սահմաններում, մոտ հիսուն տարեկան մի կին մոտեցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդին եւ կարծելով, թե նա վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ է, ասել է. «Ինձ ասեք, թե մեր շենքից ինչքան մարդ է եկել, որ ես գնամ, մնացածին էլ բերեմ»։ 6/07 եւ 6/06 ընտրատեղամասերը գտնվում են նույն դպրոցում։ Ս. Սարգսյանի վստահված անձինք խումբ-խումբ մարդկանց են բերել ընտրատեղամաս եւ ուղղորդել ընտրություն կատարելու։



 



Խախտումները բազմաթիվ են: Ընտրատեղամասերում, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք աշխատել են, ընտրակեղծիքներ գրեթե չեն եղել: Իսկ որտեղ վստահված անձինք չեն եղել, այդ ընտրատեղամասերում են հիմնականում կեղծիքներ եղել: «Բացի այդ, էական է, թե ինչ դիտորդական խումբ է իրականացնում առաքելությունը, որովհետեւ Հայաստանում դիտորդություն անում են տարբեր կազմակերպություններ, որոնց մի մասը նույնն է, ինչ որ իշխող կուսակցության վստահված անձինք են, մի մասը՝ բավականին անտարբեր: Ամբողջ խնդիրն այն է, որ որտեղ եղել է օբյեկտիվ եւ անաչառ դիտորդություն, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասում է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ