Րաֆֆին չպետք է անտեսի քաղաքական պայքարի ճանապարհը

Րաֆֆին չպետք է անտեսի քաղաքական պայքարի ճանապարհը
Ակամայից հիշում եմ Ստեփան Դեմիրճյանի հուժկու հանրահավաքները, մինչեւ հիմա ականջներումս է ժողովրդիս սիրո, կարոտի ձայնը. «Դեմիրջ (ճ) յա՜ն ջա՜ն… ջա՜ն, ջա՜ն…»: ԿԸՀ-ի շենքը երեք-չորս պատ ոստիկաններով էր շրջապատված, ժողովուրդը ճղվում էր՝ ազատ, արդար Հայաստան, Դեմիրճյան-նախագահ:



 



Հիշում եմ՝ ոստիկանությունից զգուշացրին. մոտակայքում վթարային շենք կա, կամաց գոռացեք՝ շենքը կփլվի… Բազմահազար ձայները միավորվել եւ ուժ էին դառել…  Հետո եկավ խոր թմբիրի շրջանը, ու ժողովրդին խոր թմբիրից հանեց Լեւոնը: Հետո էլ սկսվեց Լեւոն-նախագահ ժամանակաշրջանը: Ու ավարտը գիտենք: Հիմա էլ՝ Րաֆֆին… Կրկին հանրահավաքներ… երթեր… ոգեւորություն… գնահատականներ… երաժշտություն… Այս բոլոր հանրահավաքները մի ընդհանուր բան ունեն. ոգեւորությունը թույլ չի տալիս սթափ գնահատել իրավիճակը, կողքի առողջ քննադատությունը, որն օգնելու միտում ունի, ընդունվում է որպես հակառակ բեւեռի քայքայիչ գործունեություն: Լեւոնի հանրահավաքներից մեկում, հավանաբար իշխանության ցուցումով, մասնակցում էր պաշտոնյա մի անձ, որը, ցավոք, կողքիս էր կանգնել:



 



Զգացի, որ մարդիկ կասկածանքով նայում են այդ մարդու շառավղի շուրջ կանգնածներին ու փսփսում… Ինձ վրա հայացքներ էին գամվել, մեկ էլ լսում եմ՝ ծախված է… Այն մարդիկ, ովքեր համարվում էին Լեւոնի դրոշակակիրները, մոռացան այդ պայքարը, մոռացան նրա տված քաղցր պտուղները, ու հիմա քիչ նվիրյալներ են բարձրաձայնում այն պայքարի մասին, որ հինգ տարի շարունակ մղել են համատեղ: Ու ես ցավում եմ դրա համար, ցավում, որ ինքս, չլինելով Լեւոնի նվիրյալներից, քչերի մեջ եմ, ովքեր հիշեցնում են ժողովրդի 5 տարվա պայքարը… Եվ գիտե՞ք սարսափելին որն է, որ այս անգամ էլ Րաֆֆիի բեւեռից եմ լսում նույն բառերն այն մարդկանց մասին, ովքեր փորձում են դուրս գալ ոգեւորությունից ու մի պահ դատել: Իսկ դատել պետք է, որովհետեւ կարեւորը ոչ թե «հաղթել ենք» ասելն է, այլ այդ հաղթանակը իրավական ու քաղաքական քայլերով ամրագրելը: Ո՞ր ճանապարհով է Րաֆֆին պատրաստ ուղղորդել ժողովրդին… Նա խա՞չ կքաշի նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուների քաղաքական ճանապարհի վրա, թե՞ կօգտագործի այն հսկայական ներուժը, որը կարող է հաղթանակ բերել…



 



Առաջին նախագահը հայտարարեց, որ Րաֆֆին հաղթել է: Առաջին հայացքից սովորական թվացող այս հայտարարությունը քաղաքական հզոր զենք է, ու Րաֆֆին պիտի օգտագործի այն: Բայց «Ժառանգությունն» այն կարծես թե ընդունեց անտարբերությամբ… Պայքարի հզոր փորձ ունեցող քաղաքական գործիչների հետ պետք է սկսվեն բանակցությունները…  Գաղտնիք չէ, որ առայսօր հանրության զգալի հատված թերահավատությամբ է վերաբերվում Րաֆֆի քաղաքական գործչին: Ժողովրդին բռունցք դարձնելու հիմնական քայլը պետք է լինի քաղաքական հիմնական ուժերի հավաքագրումը… Ուշանում է, եթե չասենք՝ ուշացել է… Այլապես տարբեր ոչ լուրջ հայտարարություններով «կարող է ժողովրդի արածը ջուրը գցվել»:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ