Ինչ կտա ՀՀՇ-ի վերանվանումը

Ինչ կտա ՀՀՇ-ի  վերանվանումը
2008-ի օգոստոսի 1-ին ստեղծված Հայ ազգային կոնգրես դաշինքը, որին անդամագրվել էին 18  քաղաքական կազմակերպություններ, մոտ 2 տարի անց անառողջ բախումների ու տարաձայնությունների հորձանուտում հայտնվեց: Նախ, բաժանվեց  թեւերի, ավելի ուշ՝ «գծերի»: Պրոցեսն ակտիվացավ այն ժամանակ, երբ սկսվեց ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության գործընթացը:



 



ՀԱԿ-ի պահպանման հարցը դարձավ օրախնդիր: Որոշվեց այն կուսակցություն դարձնել, սակայն ՀԱԿ անդամ կուսակցություններից ոչ բոլորն էին դրան համաձայն: Մնաց ՀՀՇ-ն, որի հիմքի վրա էլ, ըստ էության, ստեղծվել էր ՀԱԿ-ը: Եվ ահա, փետրվարի 23-ի ՀՀՇ համագումարում ՀՀ հիմնադիր նախագահը հայտարարեց. «Այսօր ՀԱԿ դաշինքը, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի, չկա: Մեկ տարի առաջ սկսվել  է քայքայման գործընթաց… Վանո Սիրադեղյանի՝ երկիրը լքելուց հետո այս կուսակցությունը դարձել էր լավագույն դեպքում մի գեղական կլուբ, աղանդ: Ի՞նչ քաղաքական գործունեություն է ծավալել ՀՀՇ-ն 2000-2007 թվականներին: Եթե անկեղծ ենք խոսում, դա ՀՀՇ-ի պատմության ամենախայտառակ շրջանն է:  Ի՞նչ արեց՝ իմիտացիա, պարբերական համագումարներ, ճառեր, կենացներ, անցյալի  հիշողություններով հպարտացողներ, մասնակցեց ընտրություններին, ունեցավ խայտառակագույն արդյունքներ՝ մեկ տոկոսից ցածր... Ասում են՝ ՀՀՇ-ն պատմական արժեք է, սրանից ավելի մեծ հայհոյանք ինձ համար  չկա: Եթե պատմական արժեք է, ուրեմն հիմա դրա արժեքը զրո է...»:



 



ՀՀՇ-ն ՀԱԿ վերանվանելու գաղափարին համագումարում դեմ են արտահայտվել 6 հոգի, որոնց թվում են Հովհաննես Իգիթյանն ու Բաբկեն Արարքցյանը, ովքեր ելույթով հայտարարել են այդ մասին: Արարքցյանի խոսքով,  անունը փոխելը լոկ տեխնիկական գործ չէ. անունը ճակատագրական նշանակություն ունի: «Կոռեկտ չէ, որ որոշ անկուսակցականներ գալիս եւ մեզ խրատ են տալիս մեր համագումարում: Կոչ են անում մի կողմ դնել ամբիցիաները. դա անթույլատրելի է: Այո, ես ունեմ ամբիցիաներ, ես ՀՀՇ հիմնադիրներից մեկն եմ»,- ասել է  Արարքցյանը: Հովհաննես Իգիթյանն էլ կարծում է, որ  ՀՀՇ-ն չունի ճգնաժամ: Նրա խոսքով, ժամանակին, երբ Ռոբերտ Քոչարյանի թիմն ուներ ՀՀՇ-ն լուծարելու ծրագիր, երբ կուսակցությունն ուներ 150 հազար դոլար պարտք, անվանափոխման քայլին չգնացին: Ըստ նրա՝ ՀՀՇ-ն է դարձել 2008 թվականի շարժման հիմքը, Կոնգրեսի հիմքը ու շարունակում է մնալ: Իգիթյանը պնդեց, որ որեւէ խոչընդոտ չի տեսնում այն հարցում, որ անկուսակցականները միանան ՀՀՇ-ին եւ ոչ հակառակը:



 



Նախաձեռնող  խմբի անդամ Զոյա Թադեւոսյանին հարցրինք՝ արդյոք այդ միավորման նպատակը ՀՀՇ պիտակից ազատագրվելն ու նոր անունով պայքարի մեջ մտնե՞լն է: «Ստեղծվեց Հայ ազգային կոնգրեսը, որին միավորվեց ՀՀՇ-ն, որը Հայաստանով մեկ ունի գրասենյակներ, Կոնգրեսի նախաձեռնությանը միավորվելու միակ ճիշտ ճանապարհն էր, սա է խնդիրը, ուրիշ հարց չկա: ՀԱԿ-ը ՀԱԿ-ն է, նոր գաղափարախոսությամբ, նոր քաղաքական օրակարգով ու անդամներով` նվիրված երկրի բարգավաճմանը: Այստեղ ներգրավված ուժերը, անձինք մաքուր ու անաղարտ կենսագրություն ունեն ու պայքարի հնգամյա լուրջ համալսարան անցած»,-ասաց տիկին Թադեւոսյանը: