Բարեւներ Պլատոնից

Բարեւներ Պլատոնից
Ժամանակին թույլ տվեցինք, որ զորավար եւ մտածող Գարեգին Նժդեհի անունը Հարուստ Հայերի Կլուբն օգտագործի իր հայեցողությամբ` ի շահ սեփական բարգավաճման եւ կարիերայի: Այդպես եղել է արդեն, երբ գերմանական դասական փիլիսոփայությունը հիտլերյան նացիզմն օգտագործեց իբրեւ յուր «ազգային գաղափարախոսություն» եւ աշխարհը վերափոխելու աշխարհայացքային «զենք»:



 



Նացիզմը, իհարկե, պարտվեց, եւ փիլիսոփաները` Ֆիխտեից մինչեւ Հեգել, այսօր եւ առմիշտ փիլիսոփայության` ամբոխին անմերձ Երկնքում են: Քաղաքական ճգնաժամի ներկա պահին Նժդեհը, իսկ իրականում Նժդեհի հետ կապ չունեցող, ահել ու ջահել անհայրենիքների դասի մտավոր ընդունակությունների սահմաններում աղճատված-աղավաղված նրա ուսմունքը, երեւի, քչություն է անում, եւ որոշել են դիմել համաշխարհային մեծությունների օգնությանը: Կոնկրետ, ոչ ավել, ոչ պակաս` Պլատոնի:



 



Ստիպված եմ խախտել շարմազանովների մասին չգրելու իմ ավանդույթը, որովհետեւ գոնե Պլատոնին դեռ կարելի է փրկել ՀՀԿ-ի «տեսական» հայր լինելու խայտառակ վտանգից: Մինչեւ նյութի փիլիսոփայական մասին անդրադառնալը, սակայն, գնահատենք Շարմազանովի ներդրումը արդի հայերենի զարգացման մեջ: «Հայերենը շատ հարուստ է, եւ պետք չի կիրառել «ճգնաժամ» եւ «լարվածություն» բառերը: Դրանք ծայրահեղական բառեր են»,- ասում է համատեղության կարգով նաեւ «հայագետը»: Իհարկե պետք չէ, մանավանդ որ այս իրավիճակի համար ավելի դիպուկ բառեր ու արտահայտություններ կան, օրինակ` «հեղափոխություն», թեկուզ առայժմ թավշե, «իշխանագողերն ընդդեմ ժողովրդի» կամ` հակառակը: Պարզվում է` «նեյրոլինգվիստիկական» վախը դեռ չեն հաղթահարել:



 



Ինչեւէ, թողնենք իրենց վախերի հետ ու անցնենք առաջ: Ծագման հանգամանքով պայմանավորված` Շարմազանովն իրեն «իրավատեր» է զգում օգտվել Պլատոնի ուսմունքից: Չհասկացած բաների մասին խոսելն անհարմար դրության մեջ գցեց անգամ ամերիկյան կրթություն ստացած Օսկանյանին, երբ նա դիմել էր Հոբսին ու Լոկին` հուսալով նրանց ուսմունքներում գտնել իր քաղաքական տարօրինակ կենսագրության արդարացումը:



 



Ուրեմն` պետության նորահայտ «փիլիսոփա» Շարմազանովն ի լուր աշխարհի հայտարարում է, որ «Պլատոնի ներկայացրած կատարյալ աշխարհն ուտոպիա է»: Կհարգեինք պարոնի թերուս լինելու իրավունքը եւ ըմբռնումով կվերաբերվեինք «աշխարհ» եւ «պետություն» հասկացությունների շփոթին, եթե հայտարարողը փիլիսոփայելու, ամենագետի հավակնություն չունենար: Փիլիսոփայությանն անգամ սիրողական մակարդակով մոտեցած մեկը կհասկանա, թե խոսքն ինչի մասին է: Պլատոնի մասին բացված խոսակցության առիթն օգտագործելով` միայն անչար եւ անվճար մի քանի հանրահայտ դրույթներ հիշեցնենք. գուցե դեռ անհրաժեշտ լինի: Պետության վատ մոդելներ համարելով միրոկրատիան, օլիգարխիան, դեմոկրատիան եւ բռնապետությունը, նա գտնում էր, որ յուրաքանչյուր պետության մեջ իրականում կա երկու հակոտնյա պետություն` հարուստների եւ աղքատների պետություններ: Իդեալական պետության պլատոնյան պատկերացմամբ` հասարակության անվտանգության երաշխավոր, հասարակության բարոյական եւ հոգեւոր դաստիարակության, առաջընթացի պատասխանատու կարող է լինել միայն ազնվականությունը` հասարակության լավագույն փոքրամասնության, սերուցքի արդար իշխանությունը փիլիսոփայի գլխավորությամբ: Ով, ի դեպ, կես դար պետք է յուրացնի փիլիսոփայության ալֆան եւ օմեգան:



 



Դեռ ոչ ոք չի վիճարկել, որ պլատոնյան գաղափարը պետության մասին անիրականանալի է, իսկ այսօր` նաեւ հնացած ու անպատկերացնելի, օրինակ, երեխաների եւ կանանց ընդհանրության մասին եւ այլն: Բայց նաեւ ոչ ոք սեփական պետության անկումն ու վարկաբեկումը չի արդարացրել... Պլատոնի ուսմունքի անիրագործելիության փաստարկով: Հայ ժողովուրդը ոչ թե հանուն Պլատոնի գաղափարների է ելել պայքարի, այլ հանուն ապրելու իրավունքի: Եվ` ընդդեմ իր վատագույն փոքրամասնության: Վատագույն, որովհետեւ պետության բարձրագույն ամբիոններում հայտնվել ու պետության անունից խոսում է մեկը, ով ազգային բանակից ինչ-որ կերպ խուսափած լինելով` հայրենասիրության դասեր է տալիս: Պատերազմ տեսած, պատերազմի եւ հերոսականության հիշողությունը դեռ չկորցրած երկրում դա աբսուրդի աստիճան անհնար պիտի լիներ, ավելի, քան իդեալական պետության գաղափարը: Երկրի ղեկը վատագույն մասի ձեռքին է, որովհետեւ երկիրը հանձնված է չստացված կարիերայի հետեւանքով ոճրագործ դարձած նաիրիների հոշոտմանը: Վատագույն, որովհետեւ ամեն անգամ իրենց ոհմակի շահի համար ոտնահարում եւ ապա հիշատակում են Սահմանադրությունը: Աստվածամերժ ու պատվիրանախախտ մի քահանայի նման, որ պաշտպանվում է Աստվածաշնչով, երբ ուրիշներին հորդորում է աչք չգցել հարեւանի կնոջը, որովհետեւ.... ինքն էլ դա վատ չի անում:



 



Ոչ Հայաստանում, ոչ էլ աշխարհի որեւէ այլ երկրում Պլատոնի երազած իդեալական պետությունն իրականություն չի դառնա, բայց Հայաստանում հիմա Պլատոնի ասած երկու թշնամի պետությունների պայքարն է: Եվ եթե նորից հաղթի հարուստների, փոքրամասնության պետությունը, դա կլինի Հայոց պետականության վախճանը:



 



ՀԳ - Ահա այսպիսի փոքրիկ ասք մի մարդու մասին, ով, ըստ Պլատոնի տեսության, պետք է լիներ ազնվականների հոգածության եւ խնամակալության առարկա, ստրուկ` միայն հացի իրավունքով: Բայց հայտնվել է ստրկացողների հանցախմբում եւ ուղեղին խիստ զոռ տալու գնով պաշտպանում է իր տաք ու ապահով տեղը:



 



ՀԳ - Պլատոնն ասաց` ԲԱՐԵՎ, Էդիկ:



 



Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ