Վայքում ակուրատնի ընտրություններ են եղել

Վայքում ակուրատնի ընտրություններ են եղել
Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Վայոց Ձորում անցկացրած հետընտրական հանդիպումները թերեւս միայն մարզկենտրոնում՝ Եղեգնաձորում են մարդաշատ անցել, որտեղ վերջինս հաղթանակ էր տարել: Մարզի հաջորդ քաղաքում՝ Վայքում, հանդիպումը չի կայացել: Հովհաննիսյանը բարեւել է միայն մի քանի խանութների աշխատողների եւ հեռացել քաղաքից: Երեկ վայքեցիները մեզ հետ զրույցում ասում էին, որ հանդիպման ժամն են շփոթել:



 



Թեեւ նախապես խոսվում էր, որ ՀՀԿ-ական քաղաքապետը տրամադրված չի եղել, որ այդ հանդիպումը կայանա: Որոշ վայքեցիներ իրենց իմացած ժամին գնացել են քաղաքի հրապարակ, սակայն պարզվել է, որ այդ ժամին Րաֆֆին չկա, եւ այդպես էլ վայքեցիներ-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը չի կայացել: Վայքեցիների հետ զրույցում ընտրությունների հետ կապված որոշ հետաքրքիր մանրամասներ պարզեցինք: Մեր հարցին, թե գո՞հ են իշխանությունից, որ Սերժ Սարգսյանին են ընտրել, ասացին. «Դա միայն ձեզ է թվում, թե Սերժ Սարգսյանն է հաղթել»: Եվ պատմեցին, որ ընտրության օրը շատ պասիվ է եղել քաղաքում: Մինչեւ կեսօր համարյա մարդ չի գնացել ընտրության, իսկ օրվա երկրորդ կեսից որոշ մարդկանց հորդորով ընտրողների հոսք է սկսվել դեպի տեղամասեր: «Անում էին, որ թիվ ապահովեին»,-պատմեցին վայքեցիները՝ ավելացնելով, որ ընտրողների մասնակցություն ապահովելուց հետո նոր արել են իրենց «սեւ գործը»:



 



Ուսումնասիրելով ԿԸՀ կայքէջում տեղադրված տվյալները, հետաքրքիր բան պարզեցինք: Վայքում տեղակայված 3 տեղամասերից երկուսում Սերժ Սարգսյանը ձայների չնչին տարբերությամբ է հաղթել «Ժառանգության» թեկնածուին. մի տեղամասում 5 ձայնի տարբերությամբ, մյուսում՝ 27: Իսկ ահա Վայքի թիվ 39/32 տեղամասում Սերժ Սարգսյանը շուրջ 364 ձայնի տարբերությամբ փայլուն ցուցանիշներ է ապահովել: Մեզ հաջողվեց պարզել, որ հենց այդ տեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձը քաղաքապետի աներձագն է եղել: Վայքեցիները մեզ հետ զրույցում ասում էին, որ անհնար է հարեւան տեղամասերում ձայների այդչափ տարբերություն լիներ՝ ակնարկելով, որ այդ տեղամասի թվերն ակնհայտորեն «սարքված են»: Սակայն Վայքի քաղաքապետը բոլորովին այլ պատկերացում ունի Վայքի ընտրությունների վերաբերյալ: Ըստ նրա, այդ օրը Վայքում բոլորը տոնական տրամադրություն են ունեցել եւ այդ տրամադրությամբ էլ առաջնորդվելով՝ գնացել ու ընտրել են Սերժ Սարգսյանին: Հանրապետական քաղաքապետ Հարություն Սարգսյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ՝ մեկնաբանությունները թողնելով ընթերցողին:   



 



- Պարոն Սարգսյան, Վայքում ինչպե՞ս են անցել ընտրությունները: Ինչպե՞ս կգնահատեք:



 



- Նորմալ, ես բավարար եմ գնահատում: 54.5 տոկոս նախագահին են ձայն տվել: Մենք չենք դժգոհում: Կարեւորը՝ խաղաղ, հանգիստ, ակուրատնի ընտրություններ են եղել: Որեւէ բողոք չի եղել, որեւէ խնդիր չի առաջացել ոչ մի տեղամասում: Դրա համար ես ինքս շատ գոհ եմ արդյունքներից:



 



- Վայքում Սերժ Սարգսյանի հաղթանակն ինչո՞վ է պայմանավորված: Վայքեցիները գո՞հ են Սերժ Սարգսյանից, թե՞ վերջինիս հաղթանակը Ձեր անձով է պայմանավորված:



 



- Իհարկե նախագահի: Բայց դեմ չեմ, իմ անձն էլ դերակատարություն ունի: Մեր համայնքն է, իրենք ինձ են վստահում, ես՝ իրենց: Իրենք ինձ ընտրել են, եւ իրար հետ համագործակցում ենք:



 



- Պարոն Սարգսյան, իսկ ինչպե՞ս կբացատրեք, որ մարզկենտրոնում Սերժ Սարգսյանը պարտություն է կրել, իսկ Վայքում՝ հաղթել: Այդքան տարբեր մտածելակե՞րպ ունեն վայոցձորցիները:



 



- Ես կարծում եմ՝ այդ հարցերը մարզկենտրոնին պետք է տաք: Իրենց ուղղեք: Ես ի՞նչ իմանամ ինչով է պայմանավորված (ծիծաղում է): (Եղեգնաձորի քաղաքապետը ԲՀԿ-ական է՝ Դավիթ Հարությունյանը): Բայց կրկնում եմ, որ դժգոհ չեմ: Վայքն իրա գյուղերով 69 տոկոս ձայն տվեց Սերժ Սարգսյանին: Ես իմ կյանքում այս կարգի խաղաղ, հանգիստ ընտրություն չէի տեսել, ոչ մեկ ոչ մեկի չէր վիրավորում, տոնական տրամադրությամբ էին ընտրության գնում: Եվ հետո, կառավարությունը Վայքի համար քիչ բան չի արել:



 



- Օրինակ ի՞նչ:



 



- Մի քանի տարվա մեջ 14 տանիք ենք վերանորոգել: Նախագահի նախընտրական ծրագրով դեռեւս 2008 թվականին քաղաքի Երիտասարդական փողոցը վերանորոգվեց:



 



- Վայքի ճանապարհները խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կարծես թե, Աշոտ Արսենյանը վերանորոգեց: Մամուլում գրվեց այդ մասին:



 



- Ի՞նչ տարբերություն: Այդ բոլորը մտնում է նախագահի նախընտրական խոստումների, ծրագրի մեջ: Ինչ խոստում տվեց՝ արեց:



 



- Պարոն Սարգսյան, Վայքում տեղակայված 3 ընտրատեղամասերից 2-ում, ըստ ԿԸՀ տվյալների, Սերժ Սարգսյանը ձայների չնչին տարբերությամբ է հաղթել, իսկ այ, մի տեղամասում տարբերությունը հսկայական է: Ինչո՞վ է յուրահատուկ այդ տեղամասը: Դուք այդ տարբերությունը տարօրինակ չե՞ք համարում:



 



- Եթե վերցնեք ու համեմատեք տեղական ընտրությունների հետ, ապա կտեսնեք, որ այդ տեղամասում ընտրությունները միշտ ակտիվ են: Էդ տեղամասը հիմնականում ընդգրկում ա սեփական տների թաղերը: Ընդեղ բնակչությունն ավելի վստահ ա:



 



- Ուզում եք ասել, որ սեփական տանը բնակվող մարդն ավելի՞ է վստահում Սերժ Սարգսյանին:



 



- Ի՞նչ ասեմ, իրականությունը դա է:



 



- Խոսվում է, որ հենց այդ տեղամասում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ տեսնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթում է, կեղծիքներ են արել:



 



- Վայ չէ-չէ, տենց բան չկա: Բոլոր տեղամասերում «Ժառանգությունը» հանձնաժողովի անդամներ ա ունեցել: Բոլորովին նման խնդիր չկա:



 



- Տեղյակ եք հավանաբար, որ որոշ քաղաքապետեր, Շիրակի մարզպետը հրաժարականի դիմումներ են ներկայացրել՝  Սերժ Սարգսյանի հաղթանակը ապահովել չկարողանալու պատճառով: Այս շարքում շրջանառվում է նաեւ Վայոց Ձորի մարզպետի անունը, քանի որ հենց մարզկենտրոնում եւ հարակից գյուղերում ՀՀԿ-ի թեկնածուն պարտություն է կրել: Ասում են՝ Ձեզ տանելու են մարզպետ: Տեղյա՞կ եք այդ խոսակցություններից:



 



- Չեմ կարծում, որովհետեւ մարզը ընդհանուր առմամբ 62 տոկոս ձայն է տվել նախագահին: Ինչի՞ պետք է մարզպետը հրաժարական տա: Ես չեմ կարծում նման բան լինի: