Մոռանանք անցյալը

Մոռանանք անցյալը
Անժպիտ, տխուր, դժգոհ ժողովուրդ ենք: Ու բոլորն են այդպիսին՝ եւ երիտասարդները, եւ ծերերը, եւ բարեկեցիկ կյանքով ապրողները, եւ չքավորները, եւ լավ վարձատրվող աշխատանք ունեցողները, եւ գործազուրկները:



 



Երեկ մեր լրագրողը Հաղթանակի զբոսայգում նկատել էր, որ մռայլ են անգամ Տարոն Մարգարյանը, Հովիկ Աբրահամյանն ու ընդամենը երեկ վերանշանակված նախարարները, որոնք, թվում է՝ տխրելու պատճառ չունեն: Եվ եթե բոլորը՝ մեծից փոքր դժգոհ են, ապա ո՞վ է այս համատարած դժգոհության պատճառները ծնողը, ինչո՞ւ չենք փորձում վերացնել դրա պատճառները: Երբ տարեց մարդիկ, Հայրենական պատերազմի վետերանները կարոտով ու երանությամբ են հիշում սովետական տարիները, մեզ դա զարմանք է պատճառում. ինչպե՞ս կարելի է երազել մի երկիր, որտեղ 37 թիվ է եղել, որտեղ մարդկային միլիոնանոց զոհերը նորմալ են դիտվել, որը փակ էր, ազատությունից զուրկ, որտեղից որեւէ երկիր գնալու համար մի տասնյակ ատյաններով պետք է անցնեիր, եւ ազգուտակիդ կենսագրությունը պետք է շատ մաքուր լիներ: Ինչպե՞ս կարելի է ցանկանալ, որ վերադառնան այն ժամանակները, երբ մարդու ողջ կենսագիծը հայտնի էր դեռ օրորոցում, եւ նրա համար նախանշված ուղուց շեղվելու, իր ճակատագիրն ինքնուրույնաբար տնօրինելու համար առնվազն պետք է հրաշք լիներ:



 



Մի երկիր, որտեղ գեղարվեստական ցանկացած ստեղծագործություն, ցանկացած արժեք պետք է ստանար «պալիտբյուրոյի» դաբրոն, եւ եթե դու, ասենք, նկարիչ-աբստրակցիոնիստ էիր կամ կուսակցական գծի հետ համաձայն չէիր, պետք է հաշտվեիր հալածվելու, բանտ նստելու, քո ավելի «հաջողակ» նմաններից խարազանվելու մտքի հետ: Օրինակներ՝ ինչքան ուզեք. սկսած Բորիս Պաստեռնակից, վերջացրած Փարաջանովով ու Սախարովով: Այնպես որ, երազանքները պետք է կապված լինեն ապագայի հետ, այլ ոչ թե անցյալի: