Բալանսը խախտվել է

Բալանսը խախտվել է
Աշխարհում ամեն ինչ հավասարակշռված է՝ ցանկացած բալանսի խախտում կարող է աղետի հանգեցնել: Այս միտքը կիրառելի է եւ բնության, եւ մարդկային հասարակության, եւ մեծ քաղաքականության պարագայում:



 



Երբ իշխանությունն իր ողջ ռեսուրսով պայքարում էր ընդդիմության դեմ, լռեցնում էր իրեն ուղղված ցանկացած քննադատություն, հոգնած ու վրդովված բարբառում էր՝ «թողեք աշխատենք, հերիք է խանգարեք», բոլորը մտածում էին, թե այս երկրի վագրաձեւ թռիչքին միայն ընդդիմությունն է խանգարում: Այ, հենց այս բամբասկոտ ու երկրի հիմքերը խարխլող ընդդիմության հարցերը լուծենք, ամեն ինչ տեղը կընկնի: Կտեսնեք, թե ոնց ենք ծաղկեցնում երկիրը, աճ ու վերելք, հասարակական անդորր ու համերաշխություն ապահովում: Ընդդիմության հարցերը, եթե չասենք լուծեցին, ապա լուծվեց: Ներքին հակասությունների, թուլության, գաղափարազուրկ լինելու պատճառով սրանք իրենց- իրենց դուրս մղվեցին քաղաքական դաշտից: Ու սկսվեց: 20 տարում երբեւէ իշխանության ներսում այսպիսի լարում, այսքան հակամարտություն, այսչափ ինտրիգներ չեն եղել, ինչպես հիմա է:



 



Անգամ 90-ականներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի նախօրեին, այսքան սրված չէին ներիշխանական հակասությունները, այսքան բացասական էներգիա չկար: Երբ իշխող ուժի ներսում մի քանի հոսանքներ են ձեւավորվել, երբ պետական բարձր ատյանների ղեկավարներն իրար տանել չեն կարողանում եւ երազում են մեկը մյուսի «մահը», երբ թաքուն կամ ափաշկարա իրար սեւացնում են ու իրար տակ փորում, երբ գործի են դրվում պայքարի բոլոր՝ թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդները: Գուցե մարդկանց համբերության ու հույսի պաշարն այսքան սպառված չէր այն ժամանակ: Գուցե մարդիկ այսքան հասուն ու պայքարող չէին: Գուցե պաշտոնյաներն այսքան տգետ, ագահ ու «հաբռգած» չէին: