Մարզպետը գտնվեց

Մարզպետը գտնվեց
Սյունիքը շուտով նոր մարզպետ կունենա: ՀՀԿ Գործադիր մարմնի երեկվա նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանը ԳՄ նիստում առաջարկել է Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակել Վահե Հակոբյանին: Առաջարկն ընդունվել է միաձայն: Նա թիվ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավորն է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին, ով պատգամավոր է դարձել 27 տարեկանում: Ուշագրավ է, որ Գորիսի հայտնի դեպքերից եւ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականից հետո, երբ քաղաքական եւ լրատվական դաշտը մարզպետի փնտրտուքով էր զբաղված, շրջանառվում էր նաեւ Վահե Հակոբյանի անունը, սակայն այդ ժամանակ եւ ինքը, եւ հայրը հերքում էին լուրերը: Անգամ հայտարարում էին, թե տեղի է ունեցել ողբերգություն, եւ ինքն արյան վրայով պաշտոնի չի գնա:



 



Բայց արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ Վահե Հակոբյանն ամենահամակրելի հանրապետականներից է (եթե, իհարկե, համակրելի հանրապետական լինում է), եւ Սյունիքում Հակոբյանների ընտանիքը բավականին բարձր վարկանիշ ունի: Նրանք տարիներ շարունակ բարեգործությամբ են զբաղվել, իսկ հայտնի է, որ մեզանում բարեգործներին, որպես կանոն, սիրում են: Հակոբյանները տեւական ժամանակ հակասություններ ունեին Սուրիկ Խաչատրյանի հետ եւ մարզի խնդիրների լուծմանը մասնակցելուց երբեմն ձեռնպահ էին մնում հենց այդ հողի վրա՝ մարզպետի ծրագրերին աջակից չլինելու մտայնությամբ: Այժմ, փաստորեն, մարզը Հակոբյաններին հանձնվեց, եւ նրանք այսուհետ ոչ միայն պղնձամոլիբդենային ոլորտը կտնօրինեն, այլեւ ամեն ինչ՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական խնդիրները: Իսկ Սյունիքը բազում, հատկապես բնապահպանական, խնդիրներ ունի, որոնք լուծման կարոտ են: