Վլադիմիր Գասպարյանը բռնություն է գործադրել Շանթ Հարությունյանի նկատմամբ

Վլադիմիր Գասպարյանը բռնություն է գործադրել Շանթ Հարությունյանի նկատմամբ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր այցելել եմ Ձերբակալվածների պահման վայր եւ հանդիպել նոյեմբերի 5-ի միջադեպի կապակցությամբ ձերբակալված բոլոր 20 անձանց հետ:

Շանթ Հարությունյանն ինձ տեղեկացրեց, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը եւ Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս նաեւ սպառնալիքներ է տեղացել Շանթ Հարությունյանի որդու հասցեին եւ նվաստացուցիչ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ըստ Շանթ Հարությունյանի, մի խումբ ոստիկաններ այդ ընթացքում իր ձեռքերը բռնած են եղել:

Անձամբ Վ. Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարեց նաեւ ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը: Ոստիկանները Վարդանյանի կրծքից պոկել են նաեւ պետական պարգեւների արժանացածի կրծքանշանը:

Որպես ԱԺ պատգամավոր պահանջում եմ այս հայտարարությունների կապակցությամբ պատշաճ քննության իրականացնել:»