Մարմնավաճառությունն անհրաժե՞շտ է հասարակությանը

Մարմնավաճառությունն անհրաժե՞շտ է հասարակությանը

Գրեթե բոլոր դասախոսներն ամբիոնում են՝ վայելելու 20 րոպե տեւող դասամիջոցի չտեսնված ճոխությունը: Մեկն ուտում է, մյուսը՝ խմում, երրորդներն անցել են առավել հոգեւոր պահանջմունքների բավարարմանը՝ բանավեճի են բռնվել: «Էս ժողովուրդն օրը ութ ժամ մտածի էլ, նրա մտածելու պահանջմունքը մնում է չբավարարված: Չեն կշտանում, էլի, չեն կշտանում»,- մտածում եմ ու ուրախանում, որ «էս ժողովուրդը» մեր երկրում մի եզակի դեպքում իր տեղում է՝ այնտեղ, որտեղ մտքի աշխատանք է պահանջվում, ու ինքն էլ, իր երկնային ախտորոշմանն ու նախասահմանմանը տեղյակ կամ անտեղյակ, բայց կարեւորը՝  հլու, մտածում է ու մտածում:



Մի քիչ թեման է «ոչ հայեցի»։



- Մարմնավաճառությունն անհրաժեշտ է հասարակությանը, պետք է մի ինստիտուտ, որը կմատուցի սեքսուալ ծառայություններ նույնպես,- պնդում է Ռաֆիկը:



- Դու Աստվածաշունչ կարդացե՞լ ես,- հեռվից եմ գալիս ես՝ փորձելով հիշեցնել մարմնավաճառության բարոյական կողմը, որն անտեսելը գործընկերոջս, ըստ երեւույթին, զվարճացնում է:



- Մի խումբ ունեի,- ասում է Ռաֆիկը,- մարմնավաճառների խումբ էր:- Խնձորն էնպես էին չփչփացնելով ուտում, որ... Ճիշտ կլինի, իհարկե, որ չմոռանան դասի գալու հիմնական նպատակը (դե, երկրորդ մասնագիտության հետ կապված, իհարկե, նպատակներ կլինեն...)



- Էդ ինչպե՞ս եղավ,- կատաղում եմ ես:- Մասնագիտությունը մարդու վրա հետք է թողնում: Եթե համարում ես, որ այդ մասնագիտությունը հասարակության համար օգտակար բան է, ընդունիր նաեւ «մասնագետի» վրա նրա թողած հետքը: Մի՞թե մարդը կարող է դասից դուրս մի բան լինել, իսկ դասի ժամանակ, որովհետեւ քեզ այդպես է հարմար, վերափոխվել ու դառնալ այլ մարդ:



- Նախեւառաջ,- ասում է Քրիստինեն,- մարմնավաճառներին այցելելը պաթոլոգիա է, եւ տղամարդիկ դրան դիմում են որոշակի սեռահոգեբանական խնդիրներ ունենալու դեպքում:



- Եթե այդպես է,- հարում է Ռաֆիկը, որը, ըստ երեւույթին ջենթլմենությունից դրդված, ինչպես հույս ունեի, կանանց  չի հանձնվելու (չէ՞ որ միտքը սեռ չունի),- ուրեմն ազգի տղամարդկանց 80 տոկոսը պաթոլոգիա է դրսեւորում... Ոչ, խնդիրն այն է, որ, ինչ-ինչ չգրված կանոններից ելնելով, իրենց կանանց հետ առողջ սիրով չեն զբաղվում, ու մնում է պահանջները դրսում բավարարել:



- Դե դա արդեն ուրիշ խնդիր է, որը պետք է կրթական մակարդակի վրա բավարարել,- ես թույլ չեմ տալիս, որ շեղվի, թե չէ խնդիրն այլ հարթություն տեղափոխելով՝ կարող է մեկ այլ բանում համոզել, իսկ տպավորությունն այնպիսին կլինի, ասես համոզեց նախորդում նույնպես:



- Տղամարդը կարող է դրսում իր պահանջները բավարարել ու մնալ սիրող ամուսին եւ լավ հայր, մի մոռացեք, որ միայն կնոջ մոտ է ֆիզիկական սերը պարտադիր ուղեկցվում զգացմունքներով,- հակադարձում է Էդուարդը:



- Դավաճանող կինն էլ կարող է լավ մայր ու ամուսին մնալ,- փրփրում եմ ես:- Կամ ինչո՞ւ է ձեզ թվում, որ միայն տղամարդկանց կարող է իրենց կնոջից բացի որեւէ մեկը դուր գալ... Պարզապես մարդ չպետք է անի այն, ինչը կարող է մեկ ուրիշին ցավ պատճառել:



- Ես չեմ էլ պատկերացնում, որ տղամարդը գա ու խոստովանի, որ դավաճանում է,- ասում է Էդուարդը:



- Դուք Ձեր խոհանոցում դանակներ ունե՞ք, միսս Քրիստին, մենք ունենք,- ասում եմ ես: 



- Վերջ, վերջ,- ասում է Քրիստինը,- ես վստահ եմ, դու վստահ ես, երրորդը վստահ է (որ իր ամուսինը չի դավաճանում):



Հետո ինչ-որ հնարքով բանավեճը տեղափոխվում է հայ մշակույթի ոլորտ, ու Ռաֆիկը շտապում է արտահայտել իր հիացմունքը հայ մշակույթի հանդեպ:



- Էդ հայ մշակույթդ, իհարկե, լավ կողմեր ունի,- ասում է Էդուարդը, բայց, միեւնույն է, կարող է երեք տարեկան երեխային կանգնեցնել սեղանին, ստիպել, որ «քֆուր» տա ու հրճվել դրանով...



Հաջորդը, նույն անտրամաբանական անցումով, բոլոր ժամանակների ամենակարեւոր թեման է՝ Աստված, նրա լինել-չլինելու հարցը, ինքնության հարցը...



Զանգը հնչել է, ու Ռաֆիկն առաջինն է դուրս գալիս ամբիոնից:



- Լավ,- ասում է,- կրոնական թեմաները քննարկելու բան չեն:



- Ճիշտ է,- հարում եմ ես,- մարմնավաճառությունն է քննարկելու բան...



Բոլորը ծիծաղում են, բանավեճն ավարտվում է երկրորդ զանգի հետ, ինչպես բոլոր ժամանակների աշխարհի բոլոր բանավեճերը՝ բոլոր հարցերը քննարկվում են, բայց ոչ մեկը լուծում չի գտնում...



 



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ