Թուրքերը հայաթափեցին Արևմտյան Հայաստանը, ՀՀԿ-ն աշխատում է Արեվելյանի վրա

Թուրքերը հայաթափեցին Արևմտյան Հայաստանը, ՀՀԿ-ն աշխատում է Արեվելյանի վրա

Երկար մտածում էի` ինչպե՞ս վերնագրեմ:



Ախր հայերեն խոսող իշխանագողերի հանցանքները հայ ժողովրդի եւ Հայոց պետականության դեմ այնքան շատ են, սահմռկեցուցիչ, նզովքի արժանի, որ այս դուրսպրծուկների համար ցանկացած բացասական վերնագիր քիչ կլինի: Սակայն այս մարդակերպների ամենավտանգավոր հետեւանքը մեր ժողովրդի ու պետության համար ոչ մի օր չդադարող արտագաղթն է:



 



Թուրքերը ցեղասպանելով եւ հայրենազրկելով Արեւմտյան Հայաստանը, տիրազրկեցին բնիկ տերերից` հայերից: Հանրապետականները ձգտում են երկարատեւ տիրապետել արդեն Արեւելյան Հայաստանում: Եվ այդ նպատակով ամեն կերպ նպաստում են արեւելահայերի սպիտակ ցեղասպանությանը եւ հայրենազրկմանը: Իսկ մնացողներին փորձում են կաշառելով, ահաբեկելով, գժտեցնելով, այլասերելով, բանտելով, նսեմացնելով` վերածել իրենց պիղծ իշխանությունն սպասարկող  ստրուկների: Իրենց էլ կոչում են նժդեհական. սատանան նույնպես ամոթ չունի, սեր չունի, մարդ չէ: Սրանց, հավանաբար, պակասում է միայն մարդկանց արյուն խմելը կամ դրանով լոգանք ընդունելը` թուրքերի նման, եւ հաստատ իրենց տեղը կապահովեն սատանայի անմիջական կողքին` թուրքերից բարձր:   



Մեր պետության վիճակի մասին բավարար պատկերացում կարելի է կազմել` իրար կողքի տեսնելով իշխանությունը հանցազավթածների եւ նրանց «ախպերության» դեմքերը. Սերժ եւ Ալեքսանդր Սարգսյաններ, Ռոբերտ Քոչարյան, Հովիկ Աբրահամյան, Աղվան Հովսեփյան, Գալուստ Սահակյան, Վարդան Այվազյան, Գագիկ Բեգլարյան, նրանց հետեւում` Լֆիկ ու Նեմեց, Բուռնաշ ու Շմայս, Թոխմախ ու Ալրաղաց, Կարամել ու Պիվա, Բելաջիո ու Եվրոստան, Լիսկա ու Կովալ, Յուվեցի ու Բառադի, Սաս ու Մապ, Վլադ ու Բաղդասարով, Ավշար ու Բիզնես լեդի, Շարմազանով ու Ավագյան… Թվարկումը  կարելի է շարունակել:



 



Եվ ի՞նչ են պատկերված այդ դեմքերին. հանցագործություն եւ պաշտոնամոլություն, մարդասպանություն եւ մարդատյացություն,  կաշառակերություն եւ ագահություն, խարդախություն եւ նենգություն, քաղքենիություն եւ անձնապաշտություն, արհամարհանք եւ անարժեքություն, լկտիություն եւ, իհարկե` իշխանությունից զրկվելու վախ ու սարսափ: Ժողովրդի կեսն անիծում է սրանց, մյուս կեսն էլ` տապանաքարով ծածկում: Սրանք Նժդեհի ու նժդեհականության հետ հեռավոր աղերս անգամ չունեն. սրանց դեմքն ու այցեքարտն իրենց տատիկն է: Պրովոկացիա եւ մայրամուտ. ահա ՀՀԿ բրենդը:



Հետագայում ինչպե՞ս են առհասարակ հիշվելու այս գսահակյանները, էշարմազանովները, կավագյանները, մյուսները… Կամ` հիշող լինելո՞ւ է ընդհանրապես, գուցե ամենավերջին հիշոցներով հիշեն… Թե՞, ինչպես մի անգամ նշեց Սերժ Սարգսյան+կազինո հարցից մինչեւ հոգու խորքը վիրավորված ընդդիմադիր դեսպանացուն (որի կուսակցությունը 10 տարուց ավելի վայելում էր կոալիցիոն հաճույքներ, իսկ 2013-ի փետրվարյան  ընտրություններում դեսպանաբար-մարզպետաբար-հյուպատոսաբար նորից կոալիցացվելու հեռանկարով «մոռացավ» պաշտպանել միակ ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին)` իշխանության լծակներից զրկվելուց հետո դալաններում կամ «պադեզդներում» կարող է ծեծելով սատկացնեն…



Հավանաբար` ղազախացող ՀՀԿ-ականները հույս ունեն, թե ծայրահեղ իրավիճակում իշխանությունը կարող են փոխանցել «այլընտրանքին»` ստանալով իրենց եւ իրենց ինչքի անձեռնմխելիության երաշխիքներ: Նման խոսակցությունների ի հայտ գալու դեպքում միայն պատկերացնել հնարավոր է «այլընտրանքի» կրտսերի հրճվանքը. չէ՞ որ ավազակապետության հետ վաղուց համագործակցող Լյովիկ-Լեւոնները կստանան քաղաքագիտորեն դրսեւորվելու նոր հնարավորություն. «այլընտրանքին» որպես ընդդիմություն հռչակելու ցանկությունից երազախաբ եղած` կցանկանան ընդդիմություն հռչակել արդեն… ՀՀԿ-ին: Դե, իսկ մարդասպանին բաց թողած` նոր գլխավոր դատախազին կողմ քվեարկող, կոալիցիոն հարուստ անցյալով եւ բազում այլ «հայրենագործերով» աչքի ընկած «այլընտրանքի» մասին խոսելն իսկ ավելորդ է:



 



 



Ներկայիս այդ երեք «ընդդիմացող» համարվողներն էլ փաստացի պաշտպանում են Մաքսայինը` օգնելով մեր երկիրն անդունդ գլորող մաքսագաղափարազուրկ ՀՀԿ-ականներին` իրենց անմաքս (բայց` օֆշորացված) վարչապետի հետ: Եվ միակ սկզբունքային ընդդիմադիրը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էր, ով աներկբա եւ շատ հստակ հայտարարեց Մաքսային միությանը դեմ լինելու մասին:



Երբ ասում են, թե Մաքսայինի վերաբերյալ Ռուսաստանը ճնշեց Հայաստանին, դա արժանահավատ չեմ համարում. ճշմարտությունն այն է, որ Կրեմլը, «լավ գիտենալով իր հաճախորդներին»,  ընդամենը մեկ հոգու հայտնել է իր ցանկությունը (ասել, թե ճնշեց Հայաստանին` կնշանակի ընդունել, թե ՀՀԿ-ականները ներկայացնում են Հայաստանը եւ հայ ժողովրդին): Իսկ ամենապարզ սպառնալիքն էլ, հավանաբար, այն է եղել, որ վազեն Մաքսային, եթե չեն ցանկանում, որ ՀՀԿ-ն իշխանազրկվի: Եվ հասկանալի է, որ ռուսներն արագ ստացել են իրենց ուզածը, քանզի սրանց համար իշխանություն պահելն անհրաժեշտ է ամեն գնով: Ահա այդպես են խաղում մի պետության եւ ժողովրդի ճակատագրի հետ:



 



 



Երկրորդ, երրորդ թե չորրորդ սերնդի հավերժ բարեփոխումներով, նանոտեխնոլոգիաներով, հայկական աշխարհով, տեխնոպարկերով, տարածաշրջանային ֆինանսական կենտրոններով Հայաստանն արդեն «հզորացրած» կառավարությունը հիմա էլ ուզում է մեր երկրի առաջընթացն ապահովել… օտար լեզուների (այսինքն` ռուսերենի) զանգվածային կիրառությամբ: Գուցե նաեւ հաղորդաշար ու հրապարակումներ սկսեն առ այն, որ Կիրիլն ու Մեֆոդին ապրել եւ սլավոնական այբուբենն ստեղծել են Մաշտոցից առաջ, որ Ռուսիան հզոր պետություն էր դեռեւս Տիգրան Մեծի ժամանակաշրջանում, որ Էրեբունի-Երեւանում հայտնաբերվել են ռուսական քաղաքակրթության բարձրարժեք նմուշներ եւ այլն:



 



 



ՀՀԿ-ի համար հայության մայրաքաղաքը Երեւանը չէ՝ «Երեւան սիթին» է, Նժդեհի Սյունիքը հայոց ողնաշարը չէ՝ հանք է, Հայաստանը հանրապետություն չէ, ոչ էլ, առավել եւս` Հայրենիք. Հայաստանը կալվածք է, բնակիչները` ճորտեր, եւ սրանց իշխանագողության նոտարը Կրեմլն է: Դե, իսկ Արցախի Հանրապետությունը վաղուց են հոգով ու սրտով հանձնել ռուսական Պուտին Առաջինի լիակատար տնօրինմանը (մնում են փաստաթղթային վերջնական մանրուքները, այն էլ սկսել են նամակներ գրելով)` հուսալով կայսեր ողորմածությամբ երկարաձգել իրենց հանցագործ իշխանաօրերը:



 



Իսկ անկախ նրանից, թե միապետը նպատակահարմար կգտնի ստատուս-քվոն երկարաձգել կամ նվիրել ազերուն` սրանց արձագանքը, միշտ մեկն է. «Հա՛յլ Պուտին»: Բայց որքան էլ դա ստրկաբար բարձրաձայնեն, միեւնույն է` այն անլսելի կմնա 88-ի Ազատության հրապարակում ազգային ոգու համերաշխության  վանկարկումներից,  18-ի մայիսին Արարատյան դաշտավայրի բոլոր եկեղեցիների ահազանգ-ղողանջներից, որոնք թունդ հանեցին հայի սրտեր, ու եղավ Սարդարապատ…



Ընտրություններում, քաղաքականության մեջ կամ այլ վայրերում թվեր խփելը վաղ թե ուշ հանգեցնում է բումերանգի էֆեկտի: Ձեր բումերանգը վերադառնում է, անազգ հանրապետականներ, պրծում չունեք: Կույր պետք է լինել` չտեսնելու համար Շանթի լույսը, խուլ պետք է լինել` չլսելու համար Շանթի որոտը, հանցագործ ու թուրք մնալն էլ չի փրկի Շանթերի շանթահարումներից: Եվ պանթուրքիզմի ծրագրի մաս կազմող Արեւելյան Հայաստանի հայաթափումը ձեր կողմից մինչեւ վերջ չհասցնելը ձեր մեղքով չէ, որ չի լինի.  բանտերից դժվար թե կարողանաք նույն արդյունավետությամբ կազմակերպել… Եվ ձեր ռուսացումն էլ ձեզ չի օգնելու. ռուսները Հրաչյա Հարությունյանի խալաթը վաղուց են ձեզ հագցրել: Իսկ մերը` ժողովրդինը, հայեցին է, լույսն ու սերը, արժեքն ու մշակույթը, հայ լեզուն, Արեւմտյան Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, մեր ազատության ու անկախության նվիրյալները (իսկ Գարեգին Նժդեհն ու Աշոտ Նավասարդյանը մերն են, ձերը չեն): Ձեր վարդաշենացում-նուբարաշինվելուց հետո Հայաստանից հեռացածները շատ արագ ու ավելի մեծ թվով են հետ գալու. ազգահավաքն է պահանջում, ու մեր սերնդի պատմական առաքելությունն էլ դեռ անավարտ է:



 



Եվ լավ հիշեք, ՀՀԿ-ական մեղսագործներ. ուր էլ լինեք, երկրագնդի որ վայրում էլ հանգրվանեք, միեւնույն է` պատասխանատվությունից ու պատժից ձեզ չի հաջողվելու խուսափել, քանզի դուք կատարել եք բազմաթիվ ծանր ոճիրներ  հայ ժողովրդի, Հայոց պետականության եւ հաջորդ սերունդների դեմ: Ձեր ողորմելի իշխանագողությունը գուցե կարողանաք ձեզ դեռեւս հանդուրժող ոստիկանների օգնությամբ մի փոքր էլ երկարաձգել, բայց ոչ մի տեղ, ոչ մի ժամանակ եւ ոչ մեկիդ չի հաջողվելու ճողոպրել հայ ժողովրդի մարդկային ու աստվածային դատաստանից:



 



Արամ ԵՆՈՔՅԱՆ