Վարչապետին փոխելու լոտոյի խաղը

Վարչապետին փոխելու լոտոյի խաղը

Վարչապետի հրաժարականի հարցի բարձրացումն ամեն անգամ իշխանության համար փրկօղակի դեր է կատարում ու ինձ հիշեցնում է «Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել երգի տողերը»: Սա էլ որերորդ անգամ իշխանության ճգնաժամային պայմաններում բարձրացվում է վարչապետի հրաժարականի հարցը: Բայց, ինչպես տեսնում եք, վարչապետը նույնն է մնում: Նույն սիմպո տղան: Ինչու՞ չի փոխվում վարչապետը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամերիկաներից բռնած ռուսաստաններով դուրս եկած բոլորը մեր վարչապետի մեջքին կանգնած են, նախագահն ուզի, չի էլ կարողանա փոխել: Այդպիսի բան չկա: Մի հասարակ բան գոյություն ունի. եթե կառավարությունը չի կատարում ծրագրով հաստատված ցուցանիշները, պետք է հրաժարական տա: Իշխանությանը մնում է ընդունել մեխանիկական այդ պարզ գործողության արդյունքը: Սոցիալ-քաղաքական դժգոհության այս ֆոնի վրա վարչապետից ազատվելը այնքան հեշտ է, ինչքան ցավող ատամ հեռացնելը: Ինչու՞ չի արվում, նորից կհարցնեք: Որովհետև այդպիսի հարց չի դրված: Կարծում եմ , բոլորդ էլ կհամաձայնվեք, եթե ասեմ մենք պետական-քաղաքական համակարգ չունենք, մերը ռեժիմ է: Մի քանի հոգով կամ մի լավ խմբով որոշում են, թե ինչ անեն: Օրակարգում միայն մի խնդիր է՝ ինչ անել իշխանությունը պահպանելու, վերարտադրելու համար: Վարչապետն ու մյուս նախարարները մատաղացու գառեր են, ցանկացած ժամանակ ժողովրդին դեմ տալու համար: Վարչապետի հրաժարականի հարցը բարի լոտոյի խաղ է, անհրաժեշտության դեպքում օրակարգ է մտցվում՝ որպես քաղաքական հնարք: Հանման սերիալային իմիտացիա: Հանրության ուշադրությունը սևեռվում է խնդրի վրա՝ հեսա հանում են, վա՜խ Հովիկի սիրտը կհովանա, վարչապետին որ հանեցին, հերթը նախագահին կգա… Կարելի է ասել, ոչ պակաս քան սերիալում, մարդկանց սիրտը արագանում, անհամբերությամբ սպասում են վարչապետի հանմանը, բայց մեկ էլ երկարատև պայքարից հետո պարզվում է, որ ասենք Ամերիկայում պահանջել են, որ վարչապետը պիտի մնա… Դե մենք փոքր երկիր ենք, չենք կարող չլսել: Հանրությունն էլ հանդատվում է ժամանակավորապես, ասում է՝ այ մարդ, դե ի՞նչ անի է՜ նախագահը, մեկին չի կարողանում փոխի: Իսկ որ տեղն ընկնում է, իշխանությունն ինչ ուզում, այն էլ անում է: Մեր իշխանությունը զբաղված է վարչապետ հանելու փորձարկումով: Դրանով հանրությանը հեռու է պահում բուն մեղավորի վրա գնալու անհրաժեշտությունից կամ ավելի պարզ  ասած՝ ուղղությունը փոխում է: Իշխանափոխության անհրաժեշտության դեպքում մտցվում է վարչապետին փոխելու լոտոյի խաղը: Այսքանը:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ