Թող իր մեծահարուստ եղբայրներից խնդրեր

Թող իր մեծահարուստ եղբայրներից խնդրեր

Փետրվարի 11-ին Գյումրի համայնքի ավագանու նիստի օրակարգում «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին 5 մլն դրամ գումար հատկացնելու հարցն էր: Հիշեցնենք, որ վերոնշյալ հատկացման համար Գյումրիի քաղաքապետարան էր դիմել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ «Վերածնունդ» փառատոնի համանախագահ Լեւոն Սարգսյանը: Նիստին ներկա ավագանու անդամներից դեմ է քվեարկել միայն ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը:



Ավագանու մյուս անդամները գումարի տրամադրմանը կողմ են քվեարկել: Այդկերպ Գյում



րիի բյուջեից «Վերածնունդ միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպությանը  կհատկացվի 5 մլն դրամ: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ, գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը հարցը զեկուցելիս նշել է, թե փառատոնի անցկացման ծախսերը շատ են, բայց իրենք գտնում են, որ համայնքի բյուջեից կարող են տրամադրել ընդամենը 5 մլն դրամ. «Բյուջեում գումար ունենք, դիմել ենք ավագանուն, որպեսզի կարողանանք կատարել ներքոհիշյալ ծախսը»: Մինչդեռ, ըստ Լեւոն Բարսեղյանի, նշված հասարակական կազմակերպությունը հսկայական բյուջե ունի, որը, ըստ նրա, նախորդ տարի գրեթե հավասար է եղել Գյումրու բյուջեին, եւ հետո՝ ի՞նչ կարիք կար 5 մլն դրամ հատկացնել ինչ-որ կազմակերպության, երբ համայնքում բազմաթիվ խնդիրներ կան:



«Քաղաքում, պաշտոնական տվյալներով, 4 հազար անօթեւան կա, ամեն երկրորդը քաղցած ու գործազուրկ է, համայնքային ճանապարհների շուրջ 80 տոկոսը քարուքանդ վիճակում է,-ասաց նա՝ հավելելով:- Եվ վերջապես, եթե Լեւոն Սարգսյանը 5 մլն դրամ օգնության կարիք ուներ, թող գնար ու իր երկու մեծահարուստ եղբայրներին խնդրեր, ոչ թե մեր քաղաքից ակնկալեր»:



Մեկնաբանելով քաղաքապետարանի ֆինանսիստի ասածը, թե բյուջեում փող ունենք, ասաց. «Այ, երբ որ որեւէ աղքատ մարդ գա ու օգնություն ուզի, կկանգնեն կասեն, թե բյուջեում փող չունենք, բայց Սերժի ախպոր համար փող ունեն»: Ի դեպ, Բարսեղյանի փոխանցմամբ, ինքն առաջարկել է աջակցել հասարակական կազմակերպությանը, սակայն ոչ գումարային. «Մենք կարող էինք դահլիճներ տրամադրել ու կազմակերպչական հարցերում օգնել, բայց չէ՝ իրենց քեշ փող էր պետք»:



 



Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ