Եթե փոխել, ապա` հիմա

Եթե փոխել, ապա` հիմա

Սերժ Սարգսյանը նախագահի աթոռին մնալու մեկ ճանապարհ ունի: Ընդ որում` ոչ միայն նախագահի աթոռին, այլեւ մեր նոր անկախության պատմության մեջ մնալու՝ որպես երկիրը մեկ քայլ առաջ տարած նախագահ:



 



Նա պետք է ճամբարափոխ լինի: Ճամբարափոխ` մի քիչ շատ ասացինք: Նա առնվազն պետք է վեր կանգնի կուսակցականությունից: Այսպես ավելի ճիշտ է: Այս պահին Սերժ Սարգսյանն իր կուսակցության գերին է եւ այն ողջ սբրոդի, որին պահի թելադրանքով առաջ է քաշել ու լցրել խորհրդարան` աղավաղելով անգամ ՀՀԿ-ի սկզբնական դիմագիծը: ՍԴ սպասվելիք որոշումը, որն անշուշտ լինելու է ժողովրդի օգտին, լավագույն առիթը կարող է հանդիսանալ Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխելու համար: Ցրել Ազգային ժողովը եւ նոր կառավարություն ձեւավորել` ձեռնպահ մնալով կուսակցական-հովանավորչական գործունեությունից: Այլ կերպ ասած` դառնալ հայկական Սահակաշվիլի: Մի քիչ անհարմար է, բայց ոչինչ: Հայաստանը մեռնում է, եւ, որպեսզի չմեռնի, պետք է գնալ դրան:



Առաջին` պետք համախմբել ողջ ազգային ներուժը եւ լծվել երկրի տնտեսական հիմքերի կառուցման գործին: Վերջ տալ խորհրդային ժամանակներին հատուկ պիոներական զեկույցներով առաջ գնալու այս արատավոր պրակտիկային: Հնարավորություններ ստեղծել ներդրումների անընդհատ հոսքերի համար, ընդ որում` ոչ միայն օտար պետություններից ու կազմակերպություններից, այլեւ ազգային աղբյուրներից:



 



Երկրորդ. ձերբազատվել քաղաքական դաշտի ձեւական բաժանարարներից եւ քաղաքական դաշտի հիմքում դնել գաղափարական տարանջատումների սկզբունքը: Սա թերեւս ամենահեշտ իրականացվելիք խնդիրներից մեկն է: Պարզապես պետք է, որ երկրի ղեկավարը չհովանավորի այս կամ այն ուժին եւ դրանով դեպի այդ ուժը չսիրաշահի այլ, բոլորովին անկապ ցանցառություններ դավանող ուժերի, որոնք, խառնվելով առանցքային ուժին, ստեղծում են մի խառնաշփոթ, որը մեկ անուն ունի` թայֆա:



 



Երրորդ. ժողովրդի մեջ սպանել սպառողական հոգեբանությունը եւ խրոնիկ պասիվության ձգտումը: Մինչեւ ժողովուրդը չընկալի, որ ինքն է երկրի տերը, արտագաղթը չի դադարելու: Միայն տանտերը չի լքում իր տունը: Հակառակ պարագայում հայ մարդու համար միեւնույն է լինելու` Ռուսաստանո՞ւմ կապրի առանց տանտիրոջ իրավունքի, թե՞ Հայաստանում: Ժողովուրդը պետք է իրավունք ստանա սեփական կամքով իշխանություն ձեւավորելու եւ այդ իշխանությանն ստիպելու պաշտպանել իր շահերը:



Ունի՞ Սերժ Սարգսյանն այդ հնարավորությունները: Այսօր ունի: Մեկ-երկու տարի հետո կարող է չունենալ: Նրան այսօր է պետք դուրս գալ առաջին եւ երկրորդ նախագահների ստվերից: Երկու տարի հետո դա անելն այլեւս իմաստ չի ունենա: Ոչ ոք չի հավատա նրա անկեղծությանը:



 



Այսօր Սերժ Սարգսյանը մի շարք առավելություններ ունի իր նախորդների համեմատությամբ, որոնք նա պետք է ճիշտ օգտագործի: Նա այսօր ունի ավելի ազատ մամուլ (անձնավորված լրատվամիջոցները չենք հաշվում), քան իր նախորդները, նա ավելի հանդուրժողական է առանցքային քաղաքական ուժերի հանդեպ, քան իր նախորդները, ունի շատ ավելի կազմակերպված ուժային եւ իրավապահ կառույցներ, քան իր նախորդները: Այս ամենը թույլ են տալիս նրան գնալ հիմնավոր բարեփոխումների:



Իր իշխանության առաջին փուլում նա ամբողջությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստվերում էր` մարտի 1-ին հաջորդած իրադարձություններ, քաղբանտարկյալներ, ցույցեր, երկխոսություն… 2012 թվականի մայիսին միայն, երբ ՀԱԿ-ն անցավ խորհրդարան եւ մոռացավ արտահերթ ընտրությունների մասին, Սերժ Սարգսյանը կարողացավ փոքր-ինչ թոթափել առաջին նախագահի ճնշումները: Բայց այդ օրերից էլ երկրորդ նախագահի ստվերն սկսեց հետապնդել նրան, ԲՀԿ-ի` կոալիցիա կազմելուց հրաժարվելով եւ ՀԱԿ-ի հետ սիլիբիլի անելով: 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանն այլեւս միայնակ էր քաղաքական շախմատի խաղատախտակի առաջ եւ խաղում էր ինքն իր դեմ` Րաֆֆի Հովհաննիսյանին ձեւական հակառակորդի աթոռին նստեցրած: Նույն` 2013 թվականի վերջին օրերին ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցը երկրաշարժ առաջացրեց Սերժ Սարգսյանի թղթե դղյակում, ինչն ապացույց էր այն բանի, որ իր իսկ ձեռքով ձեւավորած իշխանությունը (խառնիճաղանջ) ի զորու չէ իրեն պաշտպանել ու դուրս բերել երկրորդ նախագահի ստվերից:



Եվ հիմա, ինչպես ասացինք, Սերժ Սարգսյանն ունի այդ շանսը: Ճեղքում դրեք անունը, հրաշք, ազատագրում: Հայաստանը փրկության ճամփին դնելով միայն Սերժ Սարգսյանը կկարողանա ինքնաազատագրվել իր նախորդներից ու, բնականաբար, թիմ կոչվող ՀՀԿ-ական բալաստից, որ արդեն 10 տարի երկիրը խեղդում է ճահճի մեջ:



Մտածել, որ գարունը կգա, դաշտում կանաչը կաճի, մարդիկ կարածեն, ու սոցիալական լարվածությունը կթուլանա, միամտություն է: Կուտակային կենսաթոշակի մասին նոր օրենքը ժողովրդին եւ ընդդիմությանը վերջապես թույլ է տվել բռնել ՀՀԿ-ի ամորձիներից: Չօգտագործել այս պահը եւ այդ անտանելի ցավն զգալ սեփական ժողգործիքների վրա, կարծում ենք՝ Սերժ Սարգսյանի հնարավորությունների պայմաններում չարժե:



 



Քաղաքական ճգնաժամն առկա է` ՍԴ-ն իր որոշումով հաստատում է, որ այս ԱԺ-ն բանի պետք չէ, ինչին էլ պետք է հետեւի ԱԺ-ն ցրելու մասին հրամանագիրը` իր բոլոր հետեւանքներով հանդերձ:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ