Դպրոցում մեզ տվեցին գիտելիք, բայց չսովորեցրին մտածել

Դպրոցում մեզ տվեցին գիտելիք,  բայց չսովորեցրին մտածել

Հարցազրույց Հովհաննես Թումանյանի տուն- թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ






-Տիկին Թուխիկյան, այսօր ինչքանո՞վ է հեշտ այցելու բերել թանգարան, բացի դպրոցական ծրագրային այցելություններից, որ լինում են բոլոր թանգարաններում։ Ձեր թանգարանը կոնկրետ ունի՞ այցելուի խնդիր։  



 



- Բարեբախտաբար, այցելուի խնդիր չունենք, մեր այցելուներն ավելանում են օրըստօրե, եւ ամենաուրախալին մեզ համար նաեւ այն է, որ գալիս են անհատներ, ընտանիքներ, ոչ միայն դպրոցականներ։ Հետո, մենք ինքներս անընդհատ նոր առաջարկներ ենք անում այցելուներին, մեր  խնդիրը թանգարանը մեկից ավելի անգամներ նույն մարդու կողմից այցելելու հասցե դարձնելն է, որովհետեւ մեկ անգամ եկար-տեսար, ամեն ինչ վերցրիր ու գնացիր, ինչը թանգարանի համար ուղղակի մահ կնշանակի, բայց դու անընդհատ նոր բան պիտի տաս։ Իսկ թանգարանը, ընդ որում յուրաքանչյուր թանգարան, ունի այդ հնարավորությունը, իր ներքին հարստությունն այնքան շատ է յուրաքանչյուր թանգարանում, որ բավական է ստեղծագործաբար մոտենաս առաջին հայացքից աննշան թվացող մի դրվագի կամ առարկայի, եւ դրանք բացարձակ նոր կյանք են ստանում ու նոր հմայք տալիս թանգարաններին։ Այնքան բաներ կան, որ դեռ գաղտնի ենք պահում, որպեսզի հետո առաջարկ ունենանք։ Բացի այդ, ամբողջը միաժամանակ հնարավոր չէ ներկայացնել. Թումանյանը շատ լայն է ու մեծ։ Կզարմանաք, բայց մինչ այսօր Թումանյանի իրերը պահպանել են իրենց էներգետիկան, հատկապես իր աշխատասենյակը, որտեղ նա իր երկխոսությունն է ունեցել արարչի հետ։ Մարդիկ գալիս են լիցքավորվելու, ու մենք էլ ենք, ի դեպ, անընդհատ լիցքավորվում։ Չնայած նա այս շենքում չի ապրել, եւ սա կրկնօրինակն է իր թիֆլիսյան բնակարանի, բայց ամեն բան բերված է Թիֆլիսից եւ ճիշտ նույնությամբ կահավորված։ Երեւի ապագա գիտությունն ավելի հստակ կձեւակերպի եւ կբացատրի, թե ինչպես են այդ իրերը կրում դրանց տիրոջ շունչը եւ էներգետիկան։



 



- Արդեն 7 տարի է՝ թանգարանի տնօրեն եք, կա՞ դեռ մի բան, որ ամեն անգամ թանգարան գալիս բացահայտում եք։



 



- Իհարկե կա, շատ նյութական ասեմ. մենք նոր արխիվներ ունենք, դրանք Թումանյանի երեխաների արխիվներն են, որոնք հիմա ուսումնասիրում ենք, եւ որը մեզ նոր ինֆորմացիա է տալիս եւ Թումանյանի մասին հետաքրքիր բացահայտումներ պարունակում։ Հետո՝ շատ բաներ, Թումանյանի կյանքի հետ կապված, խորհրդային տարիներին փակ են եղել, նրա հասարակական գործն ամբողջությամբ եւ անկեղծությամբ չի ներկայացվել, քանի որ ժամանակներն այդպիսին են եղել, եւ պարտադրել են ինչ-որ բան կոծկել, որպեսզի չվտանգվի Թումանյանը։ Ես հիմա հասկանում եմ, որ եթե մեր գիտնականները՝ Ջրբաշյան, Թամրազյան, Հախվերդյան, ամեն բան բացեին, հնարավոր է, որ Թումանյանն արգելվեր, որովհետեւ այնպիսի հատու բաներ ունի թե իր ստեղծագործությունների մեջ եւ թե իր քաղաքական, ազգային գործունեության մեջ, որ հաճելի չէր լինի որեւէ իշխանության ու նաեւ այսօրվա իշխանություններին, հատկապես եթե զգան դեպի իրենց եկող թումանյանական սլաքները: Իսկ դրանք կան եւ, ցավոք սրտի, արդիական են, օրինակ՝ իր հոդվածներում արծարծված հումանիզմի, արդարադատության, ազգային տիպարի (բացասական առումով), քաղաքական դաշտում մեր ունեցած անհասկանալի քայլերը։ Եվ այն, ինչ 100 տարի առաջ ասում էր Թումանյանը, շատ դեպքերում արդիական է նաեւ այսօր։ Դա լավ բան չէ, ինչը նշանակում է, որ որեւէ փոփոխություն մեր գիտակցության մեջ չի կատարվել։ Ու քանի դեռ այդ խոտանները որակական իմաստով մեր հանրության մեջ կան, Թումանյանը վտանգավոր կարող է լինել։     



 



- Այսօր մեր դպրոցներում ճի՞շտ են ներկայացնում հայ գրողներին, այդ թվում՝ Թումանյանին, եւ նրա ո՞ր շրջանին լավ ծանոթ չէ մեր հասարակությունը։



 



- Ընդհանուր առմամբ, կա ստերեոտիպային մոտեցում, սա մեր ամենամեծ դժբախտություններից մեկն է, որ մենք մտածում ենք կաղապարված, իսկ այդ կաղապարային մտածողությունը սովետական դպրոցից է եկել, որ մինչ այսօր չի անցել։ Խորհրդային տարիներին դպրոցում մեզ շատ գիտելիք են տվել, բայց մենք մտածել չենք սովորել, ու մեզ թույլ էլ չեն տվել, որովհետեւ մտածող մարդը սովետական կարգերի համար վտանգավոր կարող էր լինել։ Ընդ որում, այդ ստերեոտիպը Թումանյանի հանդեպ կրկնակի է, որովհետեւ նրան իբրեւ գրող են ճանաչում եւ իբրեւ գրող էլ ճանաչում են մի քանի ստեղծագործություններով միայն՝ «Անուշ», «Գիքոր», քառյակներ, բայց դա ամբողջական Թումանյանը չէ։ Ճիշտ է՝ հնարավոր չէ գրողի ամբողջ ժառանգությունը դպրոցական ծրագրով մատչելի եւ հասանելի դարձնել, բայց այդ ծրագրերն այնքան հետաքրքիր պետք է ներկայացվեն, որ դու կարիք չունենաս դասագրքերում ամեն ինչ հանձնարարելու։ Դու պիտի առաջացնես ցանկություն, որպեսզի ազատ ժամանակ այդ աշակերտն իր ծնողների հետ վերցնի հատորը եւ կարդա։ Մեր դպրոցներին պակասում է այդ լրացուցիչ բան տալու ցանկությունը, դպրոցը սովորելու ցանկություն պետք է առաջացնի, այլ ոչ թե պարտադրանք։ Շատ ձանձրալի են այդ տեքստերը, ու անգամ եթե տարեթիվ, անուն-ազգանուն փոխես այդ դասագրքերում, ոչինչ չի փոխվի, նույն շաբլոն, ստանդարտ բառակապակցությունները, ոչինչ չասող մեկնաբանությունները։ Այսինքն՝ ստեղծագործությունը բացելու բանալին գտնված չէ, որից հետո երեխաները կամավոր կուզեն էլ ավելի բան իմանալ։



 



- Իսկ դա գրքերը կազմող հեղինակների, ողջ կրթական համակարգի՞ խնդիրն է, թե՞ նաեւ ուսուցչի։



 



- Պատկերացրեք՝ ոչ ընտիր ուսուցիչ եւ ոչ ընտիր դասագիրք, շատ տխուր բան է ստացվում։ Ուսուցիչը չափազանց կարեւոր դեր ունի, նա կարող է, ըստ էության, առանց դասագրքի էլ պարապել, տալ, բայց տալու կարեւոր բաղադրիչը պետք է լինի այն, որ թույլ տա այդ երեխան մտածի, չսաստի, որ դու սխալ ես, որովհետեւ սխալ, ճիշտ չկա։ Անգամ թանգարանում զգում ենք ուսուցիչների սաստումները. երեխան ինչ-որ բան է ուզում ասի՝ չեն թողնում, բայց չի կարելի այդպես, այստեղ ազատ գոտի է, Թումանյանն էլ ազատության մարտիկ է եղել ու ազատության մասին գրել, ու երբ դու ազատ ես մոտենում, տեսնում ես, թե նա ինչպես է անափ օվկիանոսի պես անընդհատ բացվում։



 



- Ձեր կյանքի ընթացքում ամենից հաճախ Թումանյանի ո՞ր ստեղծագործություններին եք վերադառնում։



 



- Վերջերս ինձ համար բացահայտեցի Թումանյանի վաղ շրջանի ստեղծագործությունները, երբ 18-20 տարեկան տղա էր, եւ այդտեղ ես հայտնաբերեցի բացարձակ ուրիշ Թումանյան ու հասկացա, թե Թումանյանը կյանքի վերջում ոնց դարձավ քառյակագիր, որովհետեւ դա օդից հենց այնպես չստեղծվեց։ Ինքն այն գլխից հանճարեղ էր, նրան պարզապես փորձն էր պակասում քառյակ գրելու համար, դա էլ եկավ տարիների հետ։ Իսկ ընթերցանության համար վերջերս անընդհատ «Հառաչանքն» է գլխիս մեջ, ո՞նց կարելի էր այդպես ստույգ ասել բաներ, եւ ինչքան ապաշնորհ պետք է լինենք մենք, որ 100 տարի անց չփոխվենք ու նույն հառաչանքով այսօր նորից հառաչենք։



 



- Թանգարաններն այսօր ինչքանո՞վ են ներգրավված մշակութային ընթացքի մեջ։



 



- Մեր թանգարանը կոնկրետ ներգրավված է, անում ենք հնարավոր ամեն բան եւ դա անում ենք մեծ մասամբ մեր նախաձեռնությամբ, պետության կողմից ունենք հստակ հանձնարարություն՝ պահպանել, հանրահռչակել եւ այլն, բայց մնացած բաներին պետությունը չպետք է խառնվի եւ ճիշտ է անում, որ չի խառնվում։ Մնացածն արդեն ներքին կրեատիվության խնդիր է, դու ոնց ես, բացի այդ ամենը, թանգարանը պայծառացնում, ոնց ես դուրս գալիս աշխարհ։ Մեր թանգարանն անցած տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում գտնվող «Իկոմի» թանգարանների միջազգային խորհրդում ներկայացրել էր հեքիաթասացության եւ բարբառի փառատոնի մեր ծրագիրը, որն ընդգրկվեց աշխարհի լավագույն հնգյակի մեջ։ Իսկ դա մենակ մեր թանգարանի ձեռքբերումը չէր, այլ ընդհանրապես հայաստանյան թանգարանային մշակույթի ձեռքբերումը։ Ու այդ փառատոնն էլ մեզ ոչ ոք չէր ստիպել հորինել, մենք տանջվեցինք, տառապեցինք, առաջին տարին մի կերպ փող հայթայթեցինք, բայց չընկրկեցինք դժվարություններից, հաջորդ տարի նախարարությունը որոշեց ֆինանսավորել, որովհետեւ լավ լուրեր էր ստացել, եւ արդյունքում հասանք միջազգային ասպարեզ։ Մենք նպատակ ունենք նաեւ հայկական կրթօջախներ այցելել եւ թումանյանական արշավ անել, դրանք կլինեն ցուցահանդեսներ, զրույց-դասախոսություններ, հանդիպումներ աշակերտների, ուսանողության հետ, որոնց համար մատչելի չէ թանգարանը, քանի որ Հայաստանում չեն։ Կուզենք, որ Հայաստանից դուրս գտնվող հայկական կրթահամալիրներն անմասն չմնան Թումանյանի ժառանգությունից։ 



   



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]