Ոչ Օպերան է ուզում լսել ժողովրդի անունը, ոչ էլ ժողովուրդը՝ Օպերայի անունը

Ոչ Օպերան է ուզում լսել ժողովրդի անունը, ոչ էլ ժողովուրդը՝ Օպերայի անունը

Մենք արդեն գրել էինք, որ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի ընտրության ընթացակարգը գաղտնի է պահվում, մասնավորապես, մշակույթի նախարարությունը որոշել է գաղտնիության պայմաններում անցկացնել մրցույթը եւ համառորեն հրաժարվում է տրամադրել տնօրենի թափուր պաշտոնի համար դիմած 9 հոգու անունները, որոնք հայտ են ներկայացրել այդ տեղի համար։ Մինչդեռ նախարարությունը դրանով առնվազն օրենք է խախտում, ըստ «ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին հրամանի» 9-րդ կետի. «Տնօրենի պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով», ինչը ենթադրում է, որ ողջ գործընթացը բաց է ու թափանցիկ։ Եվ, ինչպես մրցույթի մասնակցության հայտն է տեղադրվում կայքում, այնպես էլ նախարարությունը պարտավոր է մրցույթի հայտատուների անունները բաց տեքստով հրապարակել ու տեղադրել կայքում։ Սա՝ ի գիտություն մշակույթի նախարարությանը։



 



Հիշեցնենք, որ Օպերայի տնօրենի պաշտոնի համար դիմել է 9 հոգի, որոնցից հստակ հայտնի են միայն 6-ի անունները՝ կոմիտասագետ Արթուր Շահնազարյան, Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյան, Կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյան, օպերային երգիչներ Բարսեղ Թումանյան եւ Տիգրան Դավթյան, կոմպոզիտոր Երվանդ Երկանյան։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ մինչեւ ընտրությունները հրաժարվում է որեւէ խոսք ասել իր մասնակցության ու ծրագրերի մասին: «Միայն կարող եմ ասել, որ դիմել եմ՝ անհրաժեշտ համարելով, որ օպերային թատրոնի ներկա վիճակը պահանջում է գուցե նաեւ իմ միջամտությունը։ Միայն այդ բանի համար դիմել եմ, եւ եթե մրցակցությունը թույլ կտա դրան հասնելու, նոր այնուհետեւ ես կարող եմ իմ բոլոր պահանջները բացել եւ ամեն ինչի մասին խոսել»,-նշեց Երվանդ Երկանյանը՝ հավելելով, որ չի ուզում մասնակիցը դառնալ տարաբնույթ խոսակցությունների։ Նա նաեւ ասաց, որ չի հետաքրքրվել, թե ովքեր են իր մրցակիցները, եւ այդ հարցն իր համար խնդիր չի դարձնում։



 



Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը մեր այն հարցին, թե ինչը դրդեց իրեն առաջադրվել օպերային թատրոնի տնօրենի մրցույթում, նշեց, որ կոմիտասագետ է, կոմպոզիտոր, դիրիժոր: «Այսինքն, իմ մասնագիտությունն է, եւ կարծում եմ, որ Օպերան առաջին հերթին կապ պիտի ունենա ժողովրդի հետ, լինի մի կենտրոն, որ արձագանքի ժողովրդի հրատապ խնդիրներին, որովհետեւ Օպերան այդպիսին է եղել Իտալիայում, Գերմանիայում։ Այդպես են օպերաներն այնտեղ աճել։ Իտալական օպերան ոչ թե «Աիդան» է, այլ այն ընթացքը, որ ապրել է Իտալիան։ Օպերան Իտալիայում եղել է ժողովրդի հետ ապրող կենդանի օրգանիզմ, որն արձագանքել է ժողովրդի հոգսերին, բեմադրություններ արել առօրյա հոգսերի մասին։ Եվ դրանք, որ մենք այսօր բեմադրում ենք, իտալական ժողովրդի օրվա խնդիրների այն ժամանակվա արձագանքն են։ Մեր ազգային Օպերան պիտի լինի մեր ժողովրդի հոգու արձագանքը, պիտի ժողովուրդը գնա Օպերա, ոնց որ իր տուն»,-ընդգծեց Արթուր Շահնազարյանը: Նրա դիտարկմամբ, Օպերայի եւ ժողովրդի կապն այսօր բացարձակ կտրված է, եւ ոչ Օպերան է ուզում լսել ժողովրդի անունը, ոչ էլ ժողովուրդը՝  Օպերայի։ 



 



Հետաքրքրվեցինք, թե դժվար չէ՞, լինելով ստեղծագործող մարդ, գնալ մի պաշտոնի, որը բնավ ստեղծագործական աշխատանք չի ենթադրում: «Դրանք հասարակ բաներ են, բարդացնում են, վարչական աշխատանքն ի՞նչ մի բան է, որ ես չեմ կարողանալու անել, որ մեկ ուրիշը կարողանա, չափազանցնում են ամեն ինչ, գլխավորը ցանկությունն է, եթե մարդ ցանկություն ունի՝ կանի, եթե ցանկություն չունի, որքան ընդունակություն ուզում է ունենալ՝ չի անի»։ Արթուր Շահնազարյանը նույնպես չգիտի, թե ովքեր են առաջադրվել Օպերայի տնօրենի մրցույթում, ասում է միայն, որ մրցույթի ժամանակ շատ տարբեր մարդիկ են եկել, որոնց թղթերը չեն համապատասխանել, ու չեն ընդունել: «Ես որ հանձնում էի թղթերս, եկել էր մի մարդ, ով բարձրագույն կրթություն չուներ, կարծեմ՝ բանջարաբույծ էր, գյուղատնտես, ասում էր, որ դաշտում մի անգամ համերգ է կազմակերպել, կռիվ էր անում, որ դառնա Օպերայի տնօրեն»,-նշեց Շահնազարյանը, ենթադրելով, որ տնօրենի պաշտոնին հավակնող ու դեռ չբացահայտված այդ 3 հոգին գուցե թե ասպարեզում անհայտ մարդիկ են եւ ոչ թե հակառակը։ Հիշեցնենք, որ գաղտնի պահվող անունների թվում շրջանառվում է նաեւ Կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի անունը:



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



sona.adamyan@hraparak.am