Քեսաբը կորցրինք, վաղը-մյուս օրն էլ Արցախն ու Հայաստանն ենք կորցնելու

Քեսաբը կորցրինք, վաղը-մյուս օրն էլ Արցախն ու Հայաստանն ենք կորցնելու

-Պարոն Գինոսյան, մարտի 21-ին սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը եւ հարձակվել Քեսաբի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Ու մինչ Քեսաբի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ տարհանվում էր Լաթաքիա, Հայաստանում անգամ տեղեկատվություն չկար դրա մասին, եւ պաշտոնապես՝ նախագահի մակարդակով, հայկական կողմը միայն երեկ արձագանքեց այս դեպքերին։



 



- Այն, որ տեղահանվում են, փաստ է, եւ դա, իհարկե, հերթական բարբարոսությունն է՝ ցեղասպանության շարունակությունը, այն, ինչ որ չեն հասցրել 1915-ին ու դրան նախորդող թվականներին։ Չնայած մի նյութ տեսա, որտեղ գրոհայինները ցույց էին տալիս հայկական եկեղեցին, որ իբր իրենք ոչ մի բան չեն արել, որ սրբությունը պահում են, որ իրենց խնդիրը հայկական եկեղեցիները չեն, բայց ձեռագիրը, միանշանակ, ակնհայտ է։



 



- Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր պատճառը, որ առաջին ժամերին ինֆորմացիա չկար, եւ պաշտոնական Հայաստանի արձագանքն էլ մի քանի օր ուշացումով եղավ, դա արդյոք չի՞ նշանակում, որ մեր դիվանագիտությունը քնած է։



 



- Չեմ կարող ասել, թե ինչու ուշ եղավ արձագանքը, միգուցե ինֆորմացիայի պակասի, այն ճշգրտելու եւ ավելի կոմպետենտ հայտարարություն անելու համար, որովհետեւ ինֆորմացիային լիարժեք չտիրապետելով հայտարարություններ անելն էլ մի լավ բան չէ։ Հուսով եմ՝ դրանով է պայմանավորված, այլ ոչ թե անտարբերությամբ։



 



- Այս օրերին նկատե՞լ եք միջազգային մակարդակով Քեսաբի դեպքերը դատապարտող լուրջ արձագանքներ։



 



- Ես միջազգային մակարդակով արձագանքներ չեմ նկատել, չնայած որ նախագահը միջազգային ատյաններում հնչեցրել է, բայց առանձնապես ինչ-որ վերաբերմունք միջազգային օղակներում չի եղել, եւ, կարծում եմ, նրանք էլ մտավախությամբ սպասում են զարգացումներին՝ հետո արձագանքելու համար, կամ ուղղակի անտարբեր են, եւ իրենց համար միեւնույն է, թե ինչ է կատարվում։ Չնայած գրոհայինները Թուրքիայի  սահմանից են մտել, բայց եթե անգամ գրոհայինների որոշման կայացման հարցը Թուրքիայի ձեռքի գործը չէ, միեւնույն է՝ Թուրքիայի սրտով է այդ ամենը եւ իրենց քաղաքականությանը ջուր լցնող քայլ էր։



 



- Նախագահն իր հայտարարության մեջ հանձնարարել է, որ զբաղվեն Քեսաբի հայության անվտանգության խնդիրներով։ Միայն այս տեսակ հայտարարությունները բավարա՞ր են, թե՞ պետք է նաեւ գործուն քայլեր անել այդ ուղղությամբ։



 



- Ամեն մեկը երեւի քաղաքականության իր ձեւն ունի, բայց, կարծում եմ, յուրաքանչյուր հայ մարդու համար Արամ կաթողիկոսի պահվածքը եւ հայտարարությունը շատ ավելի հոգեհարազատ է, որն ուղղակի Սիրիայի նախագահի առաջ պահանջ էր դրել պաշտպանել եւ վերադարձնել Քեսաբի հայությանն իր բնակավայր։ Յուրաքանչյուր հայի համար նման տեսանկյունից արված հարցադրումն ավելի ճիշտ է։ Մենք համակերպվեցինք, որ արդեն այդ հատվածն էլ գաղթական է դառնում, եւ ընդամենը գաղթականի կարգավիճակին համապատասխան ատրիբուտներ ենք խնդրում, որը ճիշտ չէ, եւ քանի դեռ հարցը վերջնականորեն որոշված չէ, պետք է պահանջներ ներկայացնել՝ ապահովել հայ ազգաբնակչության անվտանգ կենսապահովումը հենց իրենց բնակավայրում եւ ոչ թե գաղթականի ցուպը ձեռքին։



 



- Նախօրեին ԱԺ նախագահն Ազգային ժողովում հայտարարեց, որ անտեղի է գործողությունների, ծրագրերի մասին խոսելը, քանի որ իրավասու չենք միջամտել ուրիշ երկրի ներքին գործերին։



 



- Ռուսաստանը ո՞նց է միջամտում բոլորի գործերին, օրինակ, Ղրիմի հարցում, երբ հանրաքվեն չէր էլ վերջացել, նա ասեց՝ մենք պարտավոր ենք տեր կանգնել ու պաշտպանել մեր քաղաքացիներին։ Յուրաքանչյուր մարդու համար Քեսաբի հայերը պոտենցիալ Հայաստանի քաղաքացիներ են, եւ մենք իրավունք ունենք գոնե հորդորելու մեր քաղաքացիներին, ազգի ներկայացուցիչներին ավելի պատշաճ վերաբերմունք ցույց տալու եւ նրանց անվտանգությունն ապահովելու համար։



 



- Ինչո՞ւ մեր պաշտոնյաներն էլ նման դիրքորոշում հանդես չեն բերում մեր քաղաքացիների նկատմամբ։



 



- Երեւի իրենց մտածելակերպով ու Խորենացու բառերով ասած՝ «քանի որ փոքր ածու ենք»... բայց Արամ կաթողիկոսը ոչ մի ածու չի եւ ոչ մի պետություն չի ներկայացնում, բայց ներկայացնում է ազգի շահերը եւ, չունենալով պետական ոչ մի ատրիբուտ, որպես ազգի հոգեւոր առաջնորդ, իրեն իրավունք է վերապահում նման հորդորով հանդես գալ եւ պահանջել մարդկանց վերադարձնել իրենց բնօրրան։ Այսինքն՝ մարդը պատասխանատվություն է զգում իր ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար, որի կյանքը ներկայիս պահին վտանգված է։ Իհարկե, կա նաեւ այն վախը, որ մենք այն երկիրը չենք, որ կարող է հորդորով հանդես գալ, բայց մենք պարտավոր ենք, որովհետեւ այդպես Քեսաբը կորցրինք, հետո, վաղը-մյուս օրը Արցախն ու Հայաստանն էլ ենք կորցնելու եւ չենք հորդորելու, քանի որ Արցախն էլ դե ֆակտո Հայաստանի Հանրապետություն չէ, ու եթե վաղը հանկարծ այնտեղ էլ ոտնձգություն լինի, մենք էլի՞ պետք է խնդրենք գաղթականի նպաստներ, վերմակներ ու վրաններ բաժանել իրենց, որ մարդիկ չմրսեն, թե՞ տեր ենք կանգնելու։



 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]