Ռադիոյի միջազգային օրվա առթիվ` ռադիոյի խնդիրների ու ապագայի մասին

Ռադիոյի միջազգային օրվա առթիվ` ռադիոյի խնդիրների ու ապագայի մասին

Այսօր ռադիոյի միջազգային օրն է։ Այս առիթով ասուլիս թին հրավիրել Հանրային ռադիոյից Գայանե Մարկոսյանն ու «Ռադիո Վան»-ից Ժակը (Պապիկյան) և Լուլուն (Լուսինե Բադալյան)։



 



Տիկին Մարկոսյանն ասաց, որ ինչպես բոլոր լրատվամիջոցները, այդ թվում՝ Հանրային ռադիոն զարգանալու և տեխնիկապես հագենալու խնդիր ունի, որի ուղղությամբ իսկապես լուրջ աշխատանք է կատարվում։ Խոսելով ժամանակակի պահանջներից և տրանսֆորմացիայից՝ Գայանե Մարկոսյանն ասաց, այսօր խնդիրը ռադիոյի հասանելիությունը մեծացնելն է, իսկ դրա համար պետք է օգտագործվեն ժամանակակից տեխնոլոգիայի բոլոր միջոցները, ինչը հիմա արվում է։



 



«Դուք կարող եք մեր ռադիոյի հաղորդումները և՛ տեսագրությամբ լսել, և՛ ձայնային տարբերակով, թեև խոստովանեմ, որ ինքս ռադիոյի տեսատարբերակին դեմ եմ, որովհետև ռադիոյի ամբողջ հմայքը իր ձայնային հաղորդակցությունն է, այսինքն՝ ունկնդրին թողնել երևակայության տեղ՝ պատկերացնելու ինչի մասին են խոսում»,-ասաց Գայանե Մարկոսյանը։



 



Նա նաև ցավով նշեց, որ այսօր մեծ հարցականի տակ է լարային ռադիոյի գոյությունը․ «Հիմա շատերը կասեն՝ անցած էտապ է, հավատացեք՝ էդպես չէ, որովհետև ունի ունկնդիրների մի մեծ բանակ, և, ի վերջո, մենք ապրում ենք մի երկրում, որը խաղաղության առումով խնդիրներ ունի և սեյսմավտանգ գոտում է, և այս դեպքում լարային ռադիոն վերածվում է ռազմավարական գործոնի։ Ուստի շատ կուզեի, որ մեր կառավարությունն այս հարցում շատ ավելի շահագրգիռ լիներ»։



 



Հաղորդավար Ժակն էլ ասաց, որ, ի տարբերություն Հանրային ռադիոյի, որը պետական ֆինանսավորում ունի, «Ռադիո Վան»-ի գոյատևման հիմնական միջոցը գովազդն է։



 



Լուլուն էլ հավելեց, որ շատ գովազդ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ լավ ծրագրեր, որոնք կվարեն հայտնի, սիրված հաղորդավարներ, բայց շատ գովազդն իր դրական կողմից զատ ունի նաև իր բացասական կողմը։



 



«Բացասականն այն է, որ ֆինանսավորման համար քեզ անըրաժեշտ են շատ գովազդային հոլովակներ, իսկ այդ շատ գովազդային հոլովակներն էլ խանգարում են ռադիոլսողին՝ լսել ռադիո։ Այսինքն՝ մենք կանգնում ենք երկընտրանքի առաջ։ Դա խնդիր է, որի համար շատ հետաքրքիր տարբերակներ են մտածվում մեր տնօրենի կողմից»,-ասաց Լուսինե Բադալյանը։



 



Ժակն էլ իր կողմից նկատեց, որ այսօր ռադիոն կարիք ունի տրանսֆորմացվելու, որպեսզի մեռնող մեդիայի տարբերակ չհամարվի, և այսօր սխալ տարբերակով էլ են մարդիկ որոշում գումար վաստակել։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ