Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանին

Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանին

Հարգելի պարոնայք,



 



Հարկ ենք համարում բաց նամակով Ձեզ ներկայացնել հետևյալ փաստերը.



 



2013 թ. մայիսի 31-ին բնապահպանության նախարարությունում փակ դռներով հանրային լսումներ կազմակերպեցին Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ (այսուհետ՝ ՇՄԱԳ+ԷՓ օրենքի նախագիծ)՝ խախտելով Հայաստանի Սահմանադրության 3, 27, 33.2, 43 հոդվածներով սահմանված նորմերը, Օրհուսի կոնվենցիայի 7րդ,



6-րդ (3,4,8մասերով) և 8-րդ հոդվածները:



 



Հարկ է նշել, որ 2014 թ. մայիսի 16-ին www.mnp.am կայքում տեղադրված ՇՄԱԳ+ԷՓ օրենքի նախագիծը զուրկ էր էկո-անվտանգության երաշխիքներից ու ՇՄԱԳ ընթացակարգերից, առկա էին կորրուպցիոն ռիսկեր, բազմաթիվ սխալներ ու թերություններ:



Ուստի նամակով բնապահպանության նախարարին առաջարկեցինք վերացնել ՇՄԱԳ+ԷՓ օրենքի նախագծի նշված թերությունները՝ ներկայացնելով նաև համապատասխան առաջարկներ: Նույն առաջարկներն ավելի մանրամասն հիմնավորվեցին 2014 թ. հուլիսի 3-ին ՇՄԱԳ+ԷՓ օրենքի նախագծի աշխատանքային խմբի խորհրդակցությունում:



Բայց անտեսելով և թերությունները և դրանց վերացմանն ուղղված առաջարկները՝ կառավարության որոշմամբ ՇՄԱԳ+ԷՓ օրենքի նախագիծը 2013 թ. օգոստոսին ներկայացվում է ՀՀ Ազգային Ժողով, որտեղ փորձաքննություն անցնելուց հետո՝ անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին ընդգրկվում է ՀՀ ԱԺ օրակարգում և համբերատար անտեսվում ութ ամիս շարունակ:



 



Հարկ է նշել, որ ութ ամիսը հսկայական ժամանակ էր մասնագետներից ու տարբեր կառույցներից կարծիքներ, դիտողություններ ստանալու և ՇՄԱԳ+ԷՓ օրենքի նախագիծը հիմնավոր առաջարկներով լրամշակելու համար: Մենք այդ ութ ամսվա ընթացքում բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել ՇՄԱԳ+ԷՓ օրենքի նախագծի վերը նշված թերությունները վերացնելու նպատակով: Բայց մեր առաջարկներն անտեսվել են, իսկ ողջամիտ ժամկետներում առաջարկների հիմնավոր մերժումներ չեն ներկայացվել:



 



Հարկ է նշել, որ էկո-փորձաքննության ՀՀ օրենսդրությունը «աշխատել է» տասնութ տարի շարունակ՝ ի հայտ բերելով և թերություններ, և առավելություններ: Եվ եթե որպես բարեփոխում ինչ-որ բան է արվում այս օրենսդրության հետ, պետք է նախ և առաջ հաշվի առնել՝ երկրի բնական միջավայրի գոնե համառոտ նկարագիրը, գործող օրենսդրության գործադրման և դրական, և բացասական փորձը, ինչպես նաև երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները:



 



Սակայն 2013 թ. սեպտեմբերի 30-ից ՀՀ ԱԺ օրակարգում ընդգրկված ՇՄԱԳ+ԷՓ նախագծի դեպքում վերը նշված պահանջներն անտեսվել են: Ուստի Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի Ե-053/05.6.14 նամակով 2014 թ. հունիսի 5-ին ՀՀ բնապահպանության նախարար Ա.Գրիգորյանին ներկայացրել ենք  Հայաստանի բնական միջավայրի համառոտ նկարագիրը, ՀՀ գործող օրենսդրության փորձի և ՇՄԱԳ+ԷՓ օրենքի նախագծի համեմատական վերլուծությունը՝ համառոտ, նկատի ունենալով Հայաստանի վավերացրած Էսպոյի ՇՄԱԳ Կոնվենցիայի, Կիևի ՌԷԳ Արձանագրության և Օրհուսի Կոնվենցիայի պահանջները:



 



Այդպիսով մենք փաստորեն հիմնավորել ենք ԱԺ օրակարգում ընդգրկված ՇՄԱԳ+ԷՓ օրենքի նախագծի անորակությունը, որը շտկելու համար առաջարկել ենք՝



 



ջանքեր գործադրել Նախագիծը ՀՀ ԱԺ օրակարգից հետ կանչելու նպատակով,



 



կազմել իսկապես աշխատանքային խումբ՝ ընդգրկելով էկո-փորձաքննության ոլորտի փորձառու և անկախ մասնագետների, ովքեր տարիների փորձով հիմնավորված առաջարկներով կլրամշակեն ու կկարգավորեն ՇՄԱԳ+ԷՓ նախագիծը, որն իսկապես կնպաստի բնապահպանությանը՝ առանց արգելակելու տնտեսական զարգացումը, որից հետո



 



կազմակերպել իսկապես հանրային լսումներ՝ հետաքրքրվող հանրությանն ընձեռելով ողջամիտ ժամկետներում առաջարկներ, դիտողություններ ու կարծիքներ ներկայացնելու հնարավորություն, իսկ Նախագծի հեղինակներին պարտադրելով ժամանակին առաջարկների մերժումների հիմնավորումներ ներկայացնել հեղինակներին,



 



արդյունքում ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացնել էկոլոգիական անվտանգության իրական երաշխիքներով ու հավասարակշռված իրավական հարաբերություններով բարեփոխումն իսկապես ապահովող և հանրային դրական վերաբերմունքով ուղեկցվող օրինագիծ (http://aarhus.am/Expert_PDF/Srbuhi_EIA+E%20law-project.pdf:) :



 



Բայց այս ամենի փոխարեն բնապահպանության նախարարը հակառակ քայլեր է ձեռնարկել՝ 2014 թ. հունիսի 19-ին որպես լրամշակում ՀՀ կառավարություն ներկայացնելով ՇՄԱԳ+ԷՓ օրենքի նախագծի նույն անորակ բայց խմբագրված տարբերակը (http://www.mnp.am/?p=217 -Նախագիծ ), որտեղ առկա են նույն թերությունները, քանի որ այս դեպքում նույնպես անտեսվել են վերը նշված պահանջները: Կրկին անտեսվել են նաև ՀՀ Սահմանադրության 3, 27, 33.2, 43 հոդվածներով սահմանված նորմերը և Օրհուսի կոնվենցիայի 7, 6(3,4,8մասերով) և 8 հոդվածները:



 



Հետևաբար 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ ԱԺ պատգամավորները երեք լսումներով քվեարկում են՝ առանց վերացնելու ՇՄԱԳ+ԷՓ օրենքի նախագծի հիմնական թերությունները: ԱԺ պատգամավորները նույնպես մինչ 2014 թ. հունիսի 21-ը անսահման ժամանակ ունեին հանրային խորհրդատվությունից օգտվելու և ՇՄԱԳ+ԷՓ նախագիծը լրամշակելու համար, սակայն դա տեղի չի ունեցել:  (http://parliament.am/draft_history.php?id=6856 ):



 



Փաստորեն ութ ամսվա անգործությունից հետո՝ 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ ԱԺ պատգամավորներն արագորեն քվեարկել են ոչ էկո-խախտումների կանխարգելման, ոչ էկո-անվտանգության, ոչ էլ՝ զարգացման օգտին, այլ՝ բնական ռեսուրսների հյուծմանը հանգեցնող և կորրուպցիոն ռիսկերով հագեցած ՇՄԱԳ+ԷՓ օրենքի նախագծի օգտին, որը կասեցնում է ցանկացած զարգացում:



Հարկ ենք համարում ընդգծել, որ տվերային քայլերով օրինականացվել է էկո-անվտանգության երաշխիքներից ու ՇՄԱԳ ընթակարգերից զուրկ, կորրուպցիոն ռիսկերով հագեցած և հանրային մասնակցության նվազ ու թերի պահանջներով (http://aarhus.am/Expert_PDF/Verlutsutyun_SHMAG.pdf ) ՇՄԱԳ+ԷՓ օրենքի նախագիծը, որի գործադրման յուրաքանչյուր քայլ առաջացնելու է միջազգային ու սահմանդրական նորմերի խախտումներ, այդ թվում՝ ՀՀ Սահմանդրության 10-րդ հոդվածով սահմանված «պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը» :



 



Հարգելի պարոնայք, երբ որևէ արհեստավոր իր գործը վատ է կատարում, մարդիկ չարանում են այդ արհեստավորի դեմ: Բայց երբ իրենց գործը վատ են կատարում պետական բյուջեից վարձատրվող պաշտոնյաները, այդ թվում նախարարները, Ազգային Ժողովի պատգամավորները, հնարավոր է նաև՝ երկրի նախագահը, ապա մարդիկ (ովքեր նաև հարկատուներ են) պետությանը չեն հավատում:



Ուստի պահանջում ենք համապատասխան քայլեր ձեռնարկել, այդ թվում՝



 



ՇՄԱԳ+ԷՓ օրենքը ճանաչել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող,



 



չեղյալ համարել 2014 թ. հունիսի 21-ին տեղի ունեցած եռակի անօրինական քվեարկությունը,



ՇՄԱԳ+ԷՓ օրենքի նախագիծը հետ վերադարձնել կառավարություն՝



նախաձեռնությունների էկո-անվտանգության երաշխիքներն ապահովելու, ՇՄԱԳ ընթացակարգերով, որակական ու քանակային հստակ պահանջներով, հավասարակշռված հարաբերություններով և հակակոռուպցիոն լծակներով լրամշակելու, արդյունքում՝ ԱԺ քննարկմանը մասնագիտորեն հիմնավորված և հանրային աջակցությամբ ուղեկցվող օրինագիծ ներկայացնելու նպատակով:



 



Սրբուհի Հարությունյան



Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա ՀԿ նախագահ



Էկո-փորձաքննության խորհրդատու



 



2014 թ. հուլիսի 18.