Ազգային պար ֆիզկուլտուրայի հաշվի՞ն

Ազգային պար ֆիզկուլտուրայի հաշվի՞ն

Սպորտը շատերի համար ընդամենը ֆուտբոլն է, պրոֆեսիոնալ բռնցքամարտը կամ էլ առանց կանոնների մենամարտը։ Նրանք անգիր գիտեն մարզիկների անունները, կենսագրությունը եւ իրենց այդ բնագավառի մեծ մասնագետ են համարում։ Ոմանց համար էլ այն ընդամենը խաղադրույք կատարելու միջոց է։ Մինչդեռ սպորտն սկսվում է դպրոցից, եւ այն, ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը, պետք է տարանջատենք ֆիզկուլտուրայից։ Այդ նպատակով անցկացվում են տարբեր մարզաձեւերի դպրոցական առաջնություններ, որոնց հաղթողները մասնակցում են դպրոցական ոչ պրոֆեսիոնալ մարզիկների համաշխարհային խաղերին։




Իսկ կոնկրետ ֆիզկուլտուրա առարկայի դասավանդումն սկսվում է երեքական դասաժամով՝ հենց առաջին դասարանից եւ ավարտական քննություններով եզրափակվում 12-րդ դասարանի առաջին կիսամյակում։ Դա արվում է համապատասխան տարիքային ֆիզիկական զարգացվածության մշակված ծրագրի հիման վրա։ Իհարկե, այդ երեք ժամերից մեկը 2-4-րդ դասարաններում հատկացվում է շախմատին (ֆիզկուլտուրայի ծրագրում կան գրեթե բոլոր մարզաձեւերը՝ ըստ տարիքային խմբերի, եւ շախմատի ծրագիրը խտացվել է)։ Փաստորեն, վերոնշյալ դասարաններում երկու ժամ ակտիվ ֆիզկուլտուրա է դասավանդվում, իսկ 3-րդ ժամը՝ շախմատ առարկան։ Բացի այդ, եւս մեկ լրացուցիչ ժամ է ավելացվել շախմատի համար։ Եվ ստացվում է, որ համակարգչից, վիրտուալ խաղերից կախվածությանը երեք տարի ավելանում է մեկ այլ, այսպես ասած, նստակյաց դասաժամ՝ շախմատը։ Իհարկե, տրամաբանել, հաշվել, հաշվարկել բոլորին է պետք, սակայն ոչ շարժունակության հաշվին։




Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին ֆիզկուլտուրային հատկացվում էր երկու ժամ, սակայն, ի տարբերություն այսօրվա, այն ժամանակ գրեթե բոլորը դպրոցից դուրս ինչ-որ մարզաձեւով զբաղվում էին։ Բացի այդ, շատ էին բակային խաղերը, անցկացվում էին համամիութենական «Կաշվե գնդակ» եւ այլ մրցաշարեր, որոնց հաղթողներից շատերը հետագայում համալրում էին վարպետ թիմերի կազմերը (այն ժամանակ մեզ մոտ, իբր, պրոֆեսիոնալ սպորտ չկար)։ Այսօր ինչ բակային խաղերի մասին կարելի է խոսել, երբ բակերում իշխում են ավտոտնակները կամ զանազան օբյեկտները։ Իսկ այստեղ-այնտեղ ձեւի համար կառուցված անորակ խաղահրապարակներն ավելի շատ մանկական են, ընդ որում, ծնողները պետք է անչափ զգույշ լինեն, որպեսզի երեխաները խաղալիս վնասվածք չստանան։ Եթե ավելացնենք, որ զանազան մարզաձեւերի խմբակների զգալի մասը վճարովի է, ապա պարզ կդառնա, որ երեխան կարող է վազել, ցատկել, մի խոսքով՝ զանազան վարժություններ կատարել հիմնականում դպրոցի ֆիզկուլտուրայի ժամերին։
Իսկ ինչպես են անցկացվում ֆիզկուլտուրայի ժամերը։ Բոլորս հրաշալի գիտենք, թե ինչ անմխիթար վիճակում են այսօր դպրոցների մեծ մասի մարզադահլիճները։ Ընդ որում, ոչ միայն մարզերում, այլ հենց մայրաքաղաքում։ Եթե դրան էլ գումարում ենք մարզագույքի պակասը, ապա հասկանալի է դառնում, որ հաճախ ֆիզկուլտուրայի դասը դառնում է երկրորդական, ընդամենը զրուցելու, երբեմն էլ պարզապես գնդակ տշելու (եթե գոնե գնդակ կա) ժամանակահատված։ Մինչդեռ բովանդակային առումով ֆիզկուլտուրա առարկան դպրոցում ոչ մի խնդիր չունի, դրա ծրագիրը նույնիսկ ԱՊՀ տարբեր երկրների ներկայացուցիչներն են ուսումնասիրում։ Բայց այդ ծրագրի, նույնիսկ հոյակապ գույքի, մարզադահլիճի առկայությունը դառնում է անիմաստ, եթե ուսուցիչը մասնագետ չէ, չգիտի դպրոցականների ֆիզիոլոգիան ու հոգեբանությունը։ Արհեստավարժը կարող է մեկ ժամում շատ բան սովորեցնել, իսկ պատահականորեն դպրոցում հայտնվածը՝ պարզապես երեք ժամ սպանել: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ավագ դպրոցներում հաճախումները պակասում են. շատերը մասնավոր դասուսույցների մոտ են պարապում, եւ ֆիզկուլտուրան այն առարկաների թվում է, որից ավելի հաճախ են բացակայում։ Չնայած այն քննական առարկա է, եւ, ուզեն-չուզեն, պիտի պարապեն, որպեսզի կարողանան քննություն եւ համապատասխան նորմատիվներ հանձնել, բայց մենք հո լավ գիտենք, թե ինչպես են հանձնում դրանք։ Իհարկե, երբեմն ոչ միայն ուսուցիչներ, այլեւ տնօրեններ են պատժվել ֆիզկուլտուրայի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, երեխաների հետ կոպիտ, ոչ մասնագիտորեն վարվելու համար։ Կան դեպքեր, որ աշակերտը ֆիզկուլտուրա առարկայի քննությունը չի հանձնել, որի պատճառով դպրոցը չի ավարտել, բայց կյանքն ապացուցում է, որ դպրոցական նստարանը զորանոցով փոխարինած շատ նորակոչիկներ չեն կարողանում նույնիսկ 100 մետր վազել՝ չնայած ֆիզկուլտուրայի ծրագիրը մշակելիս հաշվի է առնված նաեւ զորակոչային տարիքի յուրահատկությունը։



 




Բացի վերոնշյալ խնդիրները, կարծես թե նոր «սեւ ամպեր» են կուտակվում ֆիզկուլտուրայի գլխին. 2014-15 ուստարվանից մի քանի դպրոցում փորձնական ուսուցանվելու է ազգային երգուպար առարկան, ինչը կարող է արվել նաեւ ֆիզկուլտուրայի դասաժամերի հաշվին։ Համենայնդեպս, ՀՀ կրթության եւ գիտության նախարարը չբացառեց այդ տարբերակը՝ հավելելով, որ դեռեւս քննարկումներ են ընթանում։ Բայց եթե ֆիզկուլտուրան կոնկրետ մշակված վարժությունների համալիր է, որն ըստ տարիքային խմբի ձեւավորում է երեխային, ապա պարը այդպիսին չէ, այն բոլորովին այլ նպատակ է հետապնդում: Եվ եթե ուզում ենք, որ երեխան ձեւավորվի իր տարիքային խմբի մկանային եւ հոգեբանական, ֆիզիոլոգիական զարգացվածության համապատասխան, նրան պետք է մատուցենք այդ վարժությունների մեխանիզմը, որը ունի գիտական ապացույցներ: Իսկ պարը ավելի շատ հոգեւոր նշանակություն ունի, դրա շարժումները ավելի շատ ի հայտ են եկել որպես մարդկանց հոգեկան աշխարհի արտահայտման ինչ-որ մի ձեւ։ Այնպես որ՝ հարկավոր է հաշվի առնել այդ ամենը։



 




ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ