Բնությանը հասցված վնասը պատժելի է օրենքով

Բնությանը հասցված վնասը պատժելի է օրենքով

Oրեր առաջ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան հարակից անտառում մոտ 100-150 տարվա տանձենիներ եւ հացենիներ են հատվել: Գրողների միության ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը կասկածներ ունի, որ հնամենի ու թանկարժեք ծառերը հատել են էլեկտրական բարձրավոլտ լարերի պատճառով, սակայն որոշ ծառեր հատվել են նաեւ էլեկտրական լարերից մոտ 20 մ հեռավորության վրա:
«Տանձենու բնափայտն առհասարակ միշտ գտնվում է ծառագողերի ուշադրության կենտրոնում, քանի որ այն սովորաբար օգտագործվում է արհեստավարժ փորագրության եւ այլ գեղարվեստական նպատակներով: Տասնամյակներ շարունակ Գրողների ստեղծագործական տան բացատի պահպանությունը խնդիր է եղել՝ այն դեպքում, երբ մութ ու ցուրտ տարիներին շրջակայքում հատվել են բոլոր ծառերը եւ օգտագործվել իբրեւ վառելափայտ, իսկ մեր տարածքը հաջողվել է պահպանել», - ասում է Մովսես Մանուկյանը, ով զբաղվում է նաեւ Ծաղկաձորի եւ հարակից տարածքի բնապահպանական խնդիրներով: Ինչ վերաբերում է ծառահատումներին, Մ. Մանուկյանը վստահեցնում է, որ ստեղծագործական տան հնագույն ու արժեքավոր բացատը լուրջ հսկողության տակ է, եւ ոչ ոքի չի հաջողվի կրկին ձեռք բարձրացնել բնության այդ հրաշքի վրա: Խորհրդային տարիներին նույնպես բացատը հատելու փորձեր են արվել, կառավարական մակարդակով շինարարություն է սկսվել, որի հետքերը կան՝ բացատի տարածքում ճամբար կառուցելու համար, սակայն, ինչպես Մովսես Մանուկյանն է նշում, մամուլում երկու գրողի հոդված-ահազանգից հետո աշխատանքները դադարեցվել են: Նա ցավով է մատնացույց անում դեռեւս չհասունացած տանձերից ծանրացած եւ անխղճորեն գետնին տապալված ծառի ճյուղերը. «Սպասել, թե հատված ծառերը նորից կվերականգնվեն՝ միամտություն է, բայց ոտնձգություն կատարողները պետք է պատժվեն, որպեսզի ծառ կտրողն ի վերջո հասկանա, որ բնությանը հասցված վնասը, այլ հանցագործությունների պես, հավասար պատժելի է օրենքի առջեւ»: Զրուցեցինք նաեւ Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի հետ: Քաղաքապետն ասաց, որ այն տարածքը, որտեղ ծառերը հատվել են, Հրազդանի վարչական տարածքի մեջ է մտնում:
Նշենք, որ փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն:




Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ