Մեկը որ տունդ մտնի, թքի հատակին, դուրդ կգա՞

Մեկը որ տունդ մտնի, թքի հատակին, դուրդ կգա՞

Դպրոցական հանրագիտարանից տեղեկանում ենք, որ շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի եւ կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին եւ մարդահարույց աղտոտիչներ: Բնական աղտոտիչներն առաջանում են բնական երեւույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները` մարդու գործունեության հետեւանքով: Երկրաշարժի մասին մոռանանք, որ վերքը չփորենք, քանի որ այն ոչ այնքան շրջակա միջավայրի աղտոտիչ է, որքան հոգու եւ հոգեբանության աղավաղիչ, որն ստեղծում է աղետի գոտի, որը պահպանվում է առնվազն 26 տարի: Հրաբուխներ, կարծես, մոտ ապագայում Հայաստանին չեն սպառնում, որովհետեւ խոտածածկ սարերը վտանգավոր ծուխ չեն արտաշնչում: Արածող տավարն էլ անհանգստության նշաններ ցույց չի տալիս: Խոսքը, հասկանալի է, բնական հրաբխի մասին է: Ջրհեղեղը նույնպես մեզանում անկարելի է. Հայաստանի ջրային ռեսուրսները գտնվում են Ջրային օրենսգրքի, իսկ մայրաքաղաքում` «Երեւան ջուր» ընկերության խիստ հսկողության տակ: Ջրաչափ, եւ ոչ մի ջրհեղեղ. շատ-շատ` տակի հարեւանի գլխին: Եվ հետո. միակ բանն էր մեր ունեցած ջուրը, որ չթանկացավ, այլ էժանացավ, իսկ մեր փորձից գիտենք` եթե մի բան էժանանում է` հեղեղել չի կարող: Օրինակ... էլ օրինակ չկա: Հրդեհներն էլ, դե, բոլորից հեռու, լոկալ բնույթ են կրում` մի մաշված տուն, պարտքի տակ ընկած «բուդկա» կամ սիրահար սիրտ: Եվ անպայման ծխախոտի կամ լուցկու հետ անզգույշ վարվելու պատճառով: Բայց մեր հրշեջները, փառք Աստծո, միշտ հասնում են եւ համապատասխան շլանգներով ամեն ինչ հանգցնում: Այսինքն, «բնական աղտոտիչները» մեզանում նվազագույն են. այլ են, այսպես ասած, մարդահարույց աղտոտիչները (ինչ էլ ձեւակերպում է): Մենք կասեինք «մարդազիբիլ աղտոտիչներ», քանի որ ենթադրվում է եւ երկոտանին, եւ զիբիլը: Ամռանը մարդիկ գոնե մեկ օրով փորձում են գնալ քաղաքից դուրս` բնության մի գողտրիկ անկյուն` ժամանակ անցկացնելու, հանգստանալու: Ընդամենը մեկ օրով, քանի որ մեկշաբաթյա հանգիստը Հայաստանում հարվածում է ոչ միայն ընտանիքատիրոջ խղճուկ գրպանին, այլեւ գլխին: Ինչեւէ: Գնացել էինք Պարզ լիճ: Ովքեր եղել են` գիտեն, որ ճանապարհին հանգստի, խաղալու, ժամանակ անցկացնելու որեւէ տեղ չկա, քանի որ անտառը թեք սարերի վրա է եւ միշտ` խոնավ. հաճախ` ցեխ: Մինչեւ լիճ հասնելը կա ընդամենը մի հրաշք տարածք` ծաղիկներով, բարձր խոտերով: Իջանք այդտեղ. երանի չիջնեինք` աղբանոց. ամենուրեք: Էլ միանգամյա օգտագործման ափսեներ, էլ շշեր ու տոպրակներ, էլ դրանք թողածների հետխնջույքային պարարտանյութ: Պատկերացնում ես այդ քեֆ-ուրախությունների մասնակիցների կարմիր մռութները, լայնաբաց ժպիտները, ու զզվանքդ կրկնապատկվում է: Բայց կանայք էլ են, չէ՞, եղել այդտեղ, ավելի ճիշտ, կնանիք, որոնք այդ պահին տարածքում չեն: Ասում եմ կնանիք, որովհետեւ կանայք աղտեղություն չեն հանդուրժում. նրանք հավաքում-մաքրում են ամեն ինչ ու գցում համապատասխան արկղերի մեջ. ընդ որում, կան: Հիմա այստեղ է՞լ մեղադրենք իշխանություններին: Ձեռքի հետ իհարկե կարելի է. մեր աչքի լույսը չեն, բայց խոզության բացահայտ դրսեւորումները ո՞ւմ մեղավորությունն են: Նայեք Սեւանի մերձափնյա ամբողջ տարածքին` նույն պատկերն է, գնացեք Որոտանի կիրճ` նույն պատկերն է, գնացեք ամենուրեք, ուր կարելի է «մի կտոր հաց ուտել»` նույնն է: Հիմա ասեք` սա երկհազարամյա թատրոն ունեցող ժողովրդի պահվա՞ծք է, թե՞ ինչ-որ անհայտ ինկուբատորների արտադրանքի: Երեւանից սկսած` աղբը մեր ուղեկիցն է թե ուղիղ, թե փոխաբերական իմաստներով: Դուրս ես գալիս քաղաքից` քաղաքական, օրենսդրական ու տնտեսական աղբից ազատվելու համար, խրվում ես զիբիլի մեջ: Մի թափեք, ումի՞ց եք բողոքում: Բնապահպանները մեռան երթ ու ցույց անելով, թե այսինչ ՀԷԿ-ը վնասակար է շրջակա միջավայրի համար, թե այսինչ ծառը ազգային կարեւոր արժեք է, իսկ այս փողատեր էշը կտրել է: Լավ են անում, բայց մենք անելիք չունե՞նք, եթե ուղեղ ունենք: Ինչո՞ւ ենք աղբանոցի վերածում բնությունը: Ուրախալի է միայն, որ դեպի Պարզ լիճ տանող ճանապարհը ձգվում է խոնավ անտառների միջով, որոնց հողը սովորաբար ցեխ է եւ մարդկանց համար անհրապույր:
Մեկը որ քո տուն մտնի, թքի հատակին ու դուրս գա, դուրդ կգա՞։




Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ