Ռուսաստանն արդեն «երես է տալիս» Հայաստանին

Ռուսաստանն արդեն «երես է տալիս» Հայաստանին

Հոկտեմբերի 10-ը «սատանայի հետ պայմանագրի ստորագրման օր» հռչակած Հայաստանում ռուս «գործընկերներն» արդեն շնորհավորում են մեզ, թե ոնց մեր բախտը բերեց՝ հայտնվեցինք Եվրասիական տնտեսական միությունում:



Զաբելինա Անատոլեւնան ժպիտը դեմքին հայտարարում է, որ այս տարի Հայաստան-Ռուսաստան արդյունաբերական 6-րդ էքսպո-ցուցահանդեսին, որը կկայանա հոկտեմբերի 22-24-ը, Ռուսաստանից մասնակցելու է ավելի քան 100 ընկերություն, եւ ոգեւորված ներկայացնում է հյուրերին, մոռանալով այնտեղ նստած միակ հային՝ «Մուլտի գրուպ» ընկերության ներկայացուցիչ Սեդրակ Առուստամյանին:



«Այս ցուցահանդեսի շրջանակներում միջոցառումներ են կազմակերպվելու, որոնք հնարավորություն կտան ծանոթանալ միմյանց հետ, նստել բանակցությունների սեղանի շուրջ: Եվ դա արդիական է, հաշվի առնելով այն, որ Հայաստանը մուտք գործեց Եվրասիական տնտեսական միություն: Մենք արդեն զգում ենք հետաքրքրությունը Հայաստանի կողմից»,- ասաց Անդրեյ Բաբկոն: Նրա խոսքերով, եթե ցուցահանդեսում կնքված ամեն 5-րդ պայմանագիրն աշխատի, գործերը լավ կգնան: Այն, որ ռուս գործընկերները ջերմ հետաքրքրություն են զգում հայերիս կողմից, ապացուցում է մեր նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս պատրաստվում է ներկա գտնվել ցուցահանդեսի բացմանը: Այսքան հարմարությունների հետ մեկտեղ կազմակերպիչները բողոքեցին, թե մի նորմալ կառույց չունենք. «Մեր ցուցահանդեսը դժվարությամբ է տեղավորվել այս կոմպլեքսում»:



Խոսակցությունն էլ ոնց գնում էր, կպնում էր Մաքսային միությանը: «Սա արդեն 6-րդն էքսպո-ցուցահանդեսն է: Բայց այս տարի այն ամբողջովին այլ բնույթ կկրի, կապված Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու հետ: Հայաստանյան արտադրանքը մեծ պահանջարկ կվայելի Ռուսաստանում, այսինքն՝ ոչ թե կվայելի, արդեն վայելում է»,- նշեց Անատոլի Նիկոլաեւը՝ ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը, չմոռանալով եւս մեկ անգամ շնորհավորել մեզ: Այն հարցին, թե Ռուսաստանը գլխավորապես հայաստանյան ո՞ր մթերքներով է հետաքրքրված, Անատոլի Պավլովիչը պատասխանեց. «Ուղեղով»: Արդեն պատրաստվում էինք մտածել, թե խոսքը Գյումրվա կովի քյալլայի մասին է, պարզվեց, որ նկատի ուներ հայ մարդու ուղեղը. «Հայերը լավ խելք ունեն»: Իսկ վերջում ռուս տնտեսագետ Անդրեյ Բաբկոն երեսով տվեց. «Սա երբեւէ Ռուսաստանի կողմից կազմակերպված ամենամեծ ցուցահանդեսն է լինելու, եւ այն տեղի է ունենում Հայաստանում: Դա արդեն մեծ բան է նշանակում »:
Կազմակերպիչների խոսքերով, Ռուսաստան-Հայաստան համագործակցությունը կընդգրկի էներգետիկ ոլորտը, մեքենաշինությունը, տրանսպորտը, ապահովագրությունը, բժշկությունը, կրթությունը եւ այլն: Իսկ մինչ ցուցահանդեսը, կլոր սեղաններ են կազմակերպելու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, առողջապահության եւ կրթության նախարարություններում: Որպես «դաշնակից» երկիր՝ կարելի էր այցելել նաեւ պաշտպանության նախարարություն, բայց…



Էլ ո՞րն ասենք, էլ որը, ռուսական այս մեծ ցուցահանդեսը նաեւ գիտաժողով է կազմակերպել՝ նվիրված ԵՏՄ-ին: Երեւի թե այնտեղ նույնպես կքննարկվեն սովետական երանելի ժամանակները. «Հայաստանը եղել եւ մնում է գիտական մտքի կենտրոնը, նորարարությունների, հայտնագործությունների կենտրոնը: ԵՏՄ-ի կազմում կմեծանա Հայաստանի դերը տրանսպորտացիայի տեսանկյունից, դեպի Առաջավոր Ասիա, Իրան, Թուրքիա կապող երկիր հանդես կգա: Հայաստանը կարող է դառնալ այն, ինչ մի ժամանակ եղել է նախկին ԽՍՀՄ երկրների համար: Գլխավոր արդյունքն այս բիզնես-ցուցահանդեսի կարող է լինել առաջին քայլերը դեպի կոոպերացիա»: