Ամենաուշը մինչև տարեվերջ պիտի ազատվենք իշխանություններից

Ամենաուշը մինչև տարեվերջ պիտի ազատվենք իշխանություններից

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքը որքան մոտենում է, այնքան ավելի տեսանելի է դառնում իշխանության տագնապը, որն ավելի շատ պայմանավորված է ազատամարտիկների գործոնով, քան Ծառուկյանի հեղափոխական ծրագրերի: Մտավախություն ունեն, որ ինչ-որ պահից ազատամարտիկները նախաձեռնությունը կվերցնեն իրենց ձեռքը եւ վճռական քայլերի կդիմեն: Թեեւ Ծառուկյանն իր բիզնես գործունեության տեսանկյունից շատ խոցելի է ու հազար թելերով փոխկապակցված վարչախմբի հետ, սակայն հնարավոր է, որ ինչ-որ պահից չկարողանա տիրապետել ազատամարտիկների վճռական գործողություններին, եւ իրավիճակը դառնա վտանգավոր: Այսօր եռյակին աջակցող ազատամարտիկների երկու թիմ կա՝ Ռուբեն Գեւորգյանի Երդվյալ ազատամարտիկների միությունը եւ մի խումբ հրամանատարների ստեղծած Ազատամարտիկների դաշինքը, որի նախաձեռնողներից մեկն էլ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանն է: Սրանք երկուսն էլ բավական արմատական են տրամադրված, իսկ դաշինքը բազմիցս հայտարարել է Սերժ Սարգսյանի վարչախմբից շուտափույթ ազատագրվելու մասին: Անգամ ակնարկել, որ եթե հոկտեմբերի 24-ին եռյակը հստակ քայլերի ճանապարհային քարտեզ չներկայացնի, իրենք են օրակարգն ու հետագա գործողությունները թելադրելու: Թե ինչ տրամադրություններ են տիրում ազատամարտիկների շարքերում, որ դեպքում նրանք կանջատվեն քաղաքական ուժերից, ինչ ժամկետներում են պատկերացնում ռեժիմից ազատվելու գործողությունները եւ ինչ քայլերով, զրուցեցինք դաշինքի անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի հետ:



- Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք տրամադրված հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հետ կապված:



- Ես բազմիցս ասել եմ` ես վստահում եմ շարժման առաջնորդներին, իրենք նորմալ առաջնորդներ են, մանավանդ Լեւոն Տեր-Պետրոսյան կա, Գագիկ Ծառուկյան… Ինչքան ժամանակ է՝ տեսնում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարը, վստահ եմ` Ծառուկյանն էլ չի խաբում ժողովրդին: Եթե խաբելու լիներ, կմնար Սերժի հետ, իրար հետ կշարունակեին: Ինձ թվում է` ինքն էլ է գտել, որ էսօր երկրում պետք է փոփոխություն լինի: Մենք, այո, սահմանադրական ճանապարհի կողմնակից ենք, ու ժողովրդի քանակն էնքան է լինելու հանրահավաքին, որն ազդելու է թե հարթակի, թե իշխանությունների վրա:



- Հոկտեմբերի 24-ին եթե Ծառուկյանն իշխանափոխության մասին իր պատրաստակամությունը չհայտնի եւ դարձյալ ասելիքը թողնի մյուս հանրահավաքին, ինչպես նախորդ անգամ, ազատամարտիկներն է՞լ են սպասելու հաջորդին:



- Ես «եթե»-ներով չեմ առաջնորդվում, իրավիճակը հստակ տեղում կերեւա, ես ինքս էլ իրավիճակին տիրապետելու կարողություն ունեմ, ես վստահ եմ` 24-ը բեկումնային է լինելու, ես ակնկալիքներ ունեմ, որքան որ ես ինֆորմացիա ունեմ, գոնե բավարարում է, որ ես հստակ կարող եմ ասել, որ մեր ժողովրդի հույսերը կիրականանան:



- Իշխանական շրջանակներում ազատամարտիկներից վտանգ են տեսնում: Կարծում են, որ դուք կարող եք եռյակից առաջ ընկնել` մերժելով թավշյա հեղափոխության ուղիները:



- Եռյակից առաջ չենք ընկնի, բայց եթե զգանք, որ իրականում քաղաքական առաջնորդներն իրենց սպառել են, ազատամարտիկներն իրենց մեջ ուժ կգտնեն: Խնդիրը ժողովրդի կողքին լինելն է, ես վստահում եմ քաղաքական առաջնորդներին… Բայց մենք էլ ժամանակ ու ռեսուրս չունենք, օր առաջ մենք դատապարտված ենք իշխանություններից ազատվելուն:



- Կարծիք կա, որ հանրահավաքների միջոցով ընտրական ռեսուրս են հավաքում 2018-ի նախագահական ընտրությունների համար, որին մասնակցելու հայտ է արդեն ներկայացրել Ծառուկյանը:



- Մենք իրավունք չունենք սպասել 2018-ին: Մենք դատապարտված ենք օր առաջ ազատվելու էս իշխանություններից:



- Պայքարին միացած Ազատամարտիկների դաշինքի համար գոյություն ունե՞ն ժամկետներ:



- Իմ համար երկու ժամից իրենք ոչ միայն պիտի հեռանան, այլեւ պիտի պատասխան տան դատարանի առաջ: Թեկուզ մի ժամ հետո եթե հեռանան, ես ամենաերջանիկ մարդը կլինեմ: Ժամկետները՝ ինչքան շուտ, էնքան լավ:



- Դուք կսպասե՞ք 2018-ին, թե, օրինակ, ծրագրում եք մեկ տարվա ընթացքում իշխանություններին հեռացնելու գործն ավարտին հասցնել:



- Ամենաուշը տարվա վերջ մենք պիտի ազատվենք դրանցից, եթե մնացին հաջորդ տարի, էլ իզուր է սրանց հանել, քանի որ մենք երկիր ենք կորցնելու:



- Եթե առաջնորդները չհամաձայնեն մինչեւ տարեվերջ, դուք հարմարվելո՞ւ եք նրանց նախանշած ժամկետներին:



- Մենք հիմա ժամկետների պայման չենք կապել, մենք հստակ կտեսնենք, որ եթե մենք աջակցելու ենք, ու այն իրականություն կդառնա, աջակցելու ենք, բայց եթե զգանք, որ ժամանակ են ձգում, մենք արդեն մեր հայտարարությունը կանենք: Մենք ոչ մեկի կցորդն ու դրոշակակիրը չենք: Մեր տարբերությունն էն է, որ մենք միայն մեզ ու մեր երեխաների համար չենք պայքարում, այլ մեր երկրի:



- Ե՞րբ հայտնի կլինեն ձեր անելիքները:



- 24-ի միտինգի ժամանակ էլ, Ծառուկյանի ելույթից էլ, ժողովրդի վճռականությունից էլ, հարթակի վճռականությունից էլ ամեն ինչ պարզ կերեւա: Ինչո՞ւ միայն 24-ին, եթե 24-ից առաջ էլ բան փոխվի, էլի կասենք, իսկ հիմիկվա դրությամբ մենք ամբողջ ժողովրդին կոչ ենք անում միանալ շարժմանը, պիտի ազգովի մի անգամ բռունցքվենք:



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ